Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է նա, ո՞վ է մեր հերոսն այսօր……

Փետրվար 06,2016 13:00

Անդրադարձ Մերուժան Տեր-Գուլանյանի
«Սյուները, որ պահում են գմբեթը» հոդվածին

«-Դե, գնա, թագավորիդ բարեւ արա, ասա.
Էն Մհերի տղա Դավիթն էդպես արեց.
Մեկ էլ չը գա՝ Սասնա կընիկ, աղջիկ տանի՛.
Սասնա տուն դեռ չի՛ ավերվե՛»:

Քանի կենդանի է հերոսը, Սասնա տուն շեն ու կանգուն կմնա: Բայց ո՞ւր է նա, ո՞վ է մեր հերոսն այսօր ու ո՞վ է մեր երկրի շենության երաշխավորը: Հերոսի մեր պատկերացումներից բավականաչափ հեռու է այսօրվա իրականությունը՝ ողողված ապիկարությամբ ու հոռի բարքերով, որոնց արդյունքում բարեգործն է դարձել հերոս, մինչդեռ բարեգործությունը բարի արարք լինելուց այն կողմ չի անցնում, իսկ հերոսությունը շատ ավելի բարդ ու բազմատարր էություն է, դա մարդու, գերմարդու տիպ է, որի ուսերին ծանրագույն պատասխանատվություն է դրված:

Պարոն Տեր-Գուլանյան, օրերս «Առավոտ» օրաթերթի հերթական ուրբաթօրյա համարում կարդացի Ձեր մտորումները, որում խոսում էիք մեր հերոսների, նրանց փնտրտուքի, հայոց գմբեթն իրենց ուսերին պահող զինվորների մասին: Հերթական անգամ դարերի շղարշից այն կողմ տեսանելի դարձավ հայոց պատմության, հերոսական, բայց արդեն շատ բաներ մոռացության մատնած անցյալի ամբողջ ոգին՝ պարփակված Ձեր համառոտ ստեղծագործության մեջ: Հերթական անգամ, պարոն Տեր-Գուլանյան, փնտրում էիք հայոց հերոսին: Փնտրում եք ներկայի ու անցյալի մեծ ու փոքր անցքերում, ձգտում եք գտնել մի էտալոն ազգիս փրկության, կամ որ նույնն է թե վերելքը կազմակերպելու համար: Դժվար է պատկերացնել մեկին, ով այդչափ մեծ ջանասիրությամբ ու նվիրումով լծված լինի այդ գործին, ամբողջ էությամբ տենչա բացահայտել հայի անարատ տեսակը, իրականություն բերել մեր էպոսի դյուցազուններից որեւէ մեկի մարմնացումը:

Այդ փնտրտուքը կարմիր թելի նման անցնում է Ձեր գրական ու գեղարվեստական աշխատանքներում, հարցազրույցներում ու առհասարակ բոլոր տեսական դիտարկումներում: Գոնե ինձ դա տեսանելի է:

Հայոց հնագույն փառքից փորձում եք պեղել, մաքրել եւ ի ցույց դնել իրենց բարձրակետին հասած պետականության սաղմերը, քաղաքական մեկ միասնական միավորի կարեւորության խորը գիտակցումը հասարակության բոլոր շերտերի ու իշխանական դասի կողմից, արքայի կերպարի մեծարումը, նրանց շուրջ փորձում եք համախմբել պետականության մյուս ատրիբուտներն ու գործող անձանց՝ ամենաբարձր ու ազդեցիկ իշխանից, պաշտոնյայից մինչեւ շարքային հողագործն ու մշակը:

Ինչպես Դուք եք ասում, հայոց ջրերն էին քիչ, հետեւաբար ձիերն էլ ու ապա նաեւ ձիավորները, ու այդ պատճառով երկիրը փոքրացավ (Առավոտ օրաթերթ, 29.01.2016թ), բայց մի օր անշուշտ կբացահայտեք Ձեր փնտրած հերոսին, ում մեջ ամփոփված կլինեն բոլորիս իղձերն ու ազգային բարձր նպատակները, ով կապահովի հայոց հաղթությունը ոչ միայն ռազմի դաշտում: Մի օր անպայման մեր հին երկրի խարխլված սյուները նոր համարձակությամբ կառուցող հերոսն ի հայտ կգա ու Դուք կլինեք, ներեցեք անհամեստությանս համար, նրա կնքահայրը, քանի որ, թերեւս, Ձեր առաքելությունը մեր նորագույն պատմության մեջ հենց դրանում է կայանում: Իսկ հաջողությունը երաշխավորված է, քանի որ հին հերոսներին փնտրում եք նորերի մեջ:

Խորին հարգանքով առ

Ձեզ եւ Ձեր գործը՝
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ. Միայն թե մի փոքր շտապել է պետք, պարոն Տեր-Գուլանյան, քանի որ մեր երբեմնի ջինջ ջրերը շարունակում են պղտորվել ու նվազել: Եվ ուշացնելու դեպքում ստիպված ենք լինելու հերոսին փնտրել երկրի սահմաններից դուրս: Բայց հերոսներ ծնելու ընդունակ է միայն իր ներկայությամբ երկիրն ու սահմանները պահող ժողովուրդը, այլապես անկարող կդառնա նաեւ հերոսը:

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29