Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարացիները, գերմանացիներն ու հայերը «Արվեստագետների կացարանում»

Հուլիս 19,2016 22:55

«Արվեստագետների փոխանակման այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները հնարավորություն են ստանում իրենց երկրից դուրս գտնվել վեց ամիս շարունակ և այդ ամիսների ընթացքում ստեղծագործել, նախապատրաստել անհատական ցուցահանդես՝ այլ երկրում»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստագետների փոխանակման ծրագրի մասին ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:

«Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) և Ֆրայբուրգի քաղաքապետարանի  (Բադեն-Վյուրթեմբերգ  երկրամաս, Գերմանիա) հետ համագործակցությամբ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն այս տարվա հունվարի 15-ից իրականացնում է արվեստագետների փոխանակման «Արվեստագետների կացարան» միջազգային ծրագիրը։ Նպատակն է զարգացնել միջմշակութային կապեր Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջև, ապահովել նպաստավոր պայմաններ երեք երկրների արվեստագետների փոխադարձ շփումների համար, ստեղծել նոր հարթակներ ցուցադրությունների համար։

Հայաստանից արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի առաջին փուլին մասնակցել է նկարիչ Արման Վահանյանը: Հունվար-հուլիս ամիսներին արվեստագետը  Ֆրայբուրգ քաղաքի  հյուրն  է  եղել,  ապրել   և ստեղծագործել “L6”  արվեստանոց-կացարանում։

Հարավային Բադեն երկրամասի  Նկարիչների  միությունում կայացել է Վահանյանի «Տեսողական  գոյացություններ» խորագրով առաջին անհատական  ցուցահանդեսը։ Նկարիչը Գերմանիա կատարած այցն արդյունավետ է համարում:

«Ինձ համար այնտեղ ամեն ինչ նոր էր թե նյութի, թե մոտեցման առումով։ Կատարել եմ վեց մեծակտավ աշխատանք յուղաներկով՝ հիմնականում վերացական ոճի մեջ:
Առաջին երկու աշխատանքները հայաստանյան իրականության իներցիա էին, հետո հասկացա, որ այն նշանային համակարգը, որն  ստեղծել էի ինձ համար Հայաստանում, արդեն չի գործում: Փորձեցի գտնել նոր սիմվոլներ, նշաններ, ինչն ի զարմանս ինձ շատ հետաքրքրեց գերմանացի հանդիսատեսին»,- նշեց Արման Վահանյանը։

Առաջին ցուցահանդեսից հետո նկարչին առաջարկել են ևս մեկ ցուցահանդեսով հանդես գալ։ Շվեյցարական Արլեսհայմ քաղաքում բացվել է «Մեկնարկ / Արվեստի երկխոսություն. ցուցահանդեսային շարք N 1» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել Վահանյանի և շվեյցարացի  արվեստագետ Թերեզե  Վեբերի  աշխատանքները։

«Արվեստագետների կացարան»  միջազգային ծրագրի շրջանակներում  Հայաստան է ժամանել շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը, ով 6 ամիս ապրելու և ստեղծագործելու է մեր երկրում: Հայցմանը նոյեմբերին Երևանում կներկայացնի իր անհատական ցուցահանդեսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031