Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ ըստ երիտասարդների. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29,2016 15:00

«Ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում պետական խողովակներից, երիտասարդներն ավելի ճկուն են, կարող են այլընտրանքային լուծումներ առաջարկել»

«Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ սկսեց իրականացնել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» նախագիծը: Ծրագիրը հովանավորում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը: Սեպտեմբերի 24-25-ը Ծաղկաձորում այս ծրագրի մեկնարկն էր: Ընտրվել էին հայաստանյան կուսակցությունների, կազմակերպությունների շուրջ 40 ակտիվ, բանիմաց երիտասարդ մասնակիցներ, որոնք հետաքրքրված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմամբ:

Հայաստանում ԱԺԻ ծրագրերի քաղաքական եւ քաղաքացիական հարցերով խորհրդատու Գեղամ Սարգսյանից նախ՝ տեղեկացանք, որ ծրագրի շրջանակներում նախատեսում են շփումներ հաստատել թուրք գործընկերների հետ, Ստամբուլի համալսարանների, ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Բայց Թուրքիայում ներքին իրավիճակ է փոխվել, մտավախություն կա, որ Թուրքիայում կարող են լինել մարդիկ, որոնք նպատակահարմար չհամարեն այսպիսի ծրագրի մասնակցել»,- նաեւ հավելեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե ծրագրով նախատեսված քննարկումների նպատակը ո՞րն է, ինչի՞ են ձգտելու հանգել, Գեղամ Սարգսյանը պատասխանեց. «Ձգտելու ենք հասնել նրան, որ երկու երկրների հասարակություններն իրազեկված լինեն, փորձելու ենք այս ծրագիրը հնարավորինս հրապարակային դարձնել` մամուլում հրապարակումների, համացանցային հաղորդակցության, տեսազանգերի, Հայաստան եւ Թուրքիա փոխադարձ այցելությունների միջոցով, որպեսզի շոշափենք հասարակական տրամադրությունները:

Մինչ այժմ խորը վերլուծություններ եւ ուսումնասիրություններ չեն իրականացվել, թե հասարակության որ մասն է հետաքրքրված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, բացի պետական խողովակներով իրականացված անհաջող փորձից, որը հանգեցրեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մշակմանը, սակայն որը ձախողվեց: Հաջորդը` այստեղ (նկատի ունի` սեմինարի մասնակիցներին-հեղ.) հավաքված են ապագա որոշումներ կայացնողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ապագայում նրանք ենք որոշումներ կայացնելու ու իրագործելու:

Երիտասարդներն ավելի ճկուն են, կարող են այլընտրանքային լուծումներ առաջարկել, որոնք հասարակական դիվանագիտության եւ շփումների մեջ կարող են արդյունք տալ: Երիտասարդները հաճախ ուշագրավ լուծումներով են հանդես գալիս, թե ինչպես կարելի է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստել, որպեսզի խնդիրը տեղից շարժվի: Մենք պետք է լսենք նաեւ թուրք գործընկերներին, թե նրանք ինչ պատկերացումներ ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առնչությամբ»:

Գեղամ Սարգսյանի փոխանցմամբ` այն հայեցակարգերը, որոնք կմշակվեն ծրագրով նախատեսված քննարկումների ընթացքում, եթե շրջանառության մեջ դրվեն, հնարավոր է, որ նրանց ուղղությամբ պետական խողովակների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ուշադրությունը կենտրոնանա: «Շատ կուզենայի, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները կուսակցություններն իրենց պլատֆորմների մեջ ունենան արտաքին քաղաքական օրակարգ, որի մեջ կներառվի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը:

Շատ կուսակցություններ հանդուրժող են, լիբերալ են այս հարցում, բայց կան կուսակցություններ, որոնք ունեն ավելի կարծր դիրքորոշում, նախապայմաններ ունեն, բայց այստեղ կոալիցիոն շինարարության պրոցես է»: Ըստ Գեղամ Սարգսյանի` «Ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում պետական խողովակներից: Կարծում եմ, որ այսպիսի փորձերը եթե ավելի շատ լինեն, ժամանակի ընթացքում որոշակի արդյունքներ էլ կարող են լինել: Երկխոսությամբ, շփումներով` երկու հասարակությունների, երիտասարդների միջեւ, որոնք ավելի բաց են, ազատ մտածողության կրողներ են, հնարավոր է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի արագանա»: Ի դեպ, ուշագրավ է, որ ծրագրին մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ Հանրապետական կուսակցությանը, սակայն նրանք նպատակահարմար չէին գտել մասնակցել` ի տարբերություն ԱԺ-ում ներկայացված մյուս կուսակցությունների:

Ի սկզբանե սեմինարում արձանագրվեց, որ չեն անդրադառնալու հաշտեցման գործընթացին, քանի որ այն կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հետ, այլ խոսելու են այն ամենի մասին, ինչը վերաբերում է «second track diplomacy»-ին` հասարակական դիվանագիտությանը, որով հնարավոր կլինի հասնել կոմպրոմիսի, կոնսենսուսի, փորձ կարվի գտնել ընդհանրություններ, ոչ թե կենտրոնանալ կնճռոտ խնդիրների վրա: Ինչպե՞ս առաջ ընթանալ, ինչպիսի՞ այլընտրանքային լուծումներ, հայեցակարգեր մշակել, որպեսզի հենվելով ընդհանրությունների վրա, ժամանակավորապես մի կողմ դնելով առավել բարդ հարցերը՝ փորձել առաջ շարժվել` ի շահ Հայաստանի Հանրապետության:

Թուրքիայի հետ բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, երկխոսություն ու շփումներ երկու հասարակությունների միջեւ, հասարակությունների իրազեկում՝ այս բոլոր թեմաները քննարկելու համար անհրաժեշտ էր հասկանալ, թե ինչ խնդիրների առջեւ ենք այսօր կանգնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, տարածաշրջանում իրավիճակը, Թուրքիայի եւ հարեւանների հարաբերությունները, ինչ հեռանկարներ ու մարտահրավերներ կան:

img_7654 img_7661 img_7667 img_7671 img_7674

Արձանագրվեց, որ հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման արդյունքում ամբողջությամբ այլ Թուրքիայի հետ գործ ունենք, եւ որոշակիորեն իրավիճակ է փոխվել այդ երկրում` հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Սեմինարի բանախոս` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը նախ մանրամասն խոսեց, թե ինչ է փոխվել Թուրքիայում վերջին 10-15 տարիների ընթացքում, ներկայացրեց, թե ինչպես Քեմալ Աթաթուրքը աշխարհիկ Թուրքիա ստեղծեց, աշխարհիկությունը երկրի Սահմանադրությամբ երաշխավորվեց, որի արդյունքում իսլամիզմը բացառվում էր, այսինքն՝ երբ աշխարհիկությանը վտանգ սպառնար, զինվորականությունը իրավունք ուներ երկրում հեղաշրջում իրականացնել:

«Որո՞նք էին քեմալիստական Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները. ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների, Իսրայելի հետ եւ ԵՄ-ին անդամակցությունը` որպես արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիր: Այս առաջնահերթությունները հիմա չկան»,- նկատեց Շահնազարյանը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի, թե ՆԱՏՕ-ի հետ երբեմն սրվում են հարաբերությունները, մինչդեռ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների 9-ամսյա լարվածության ընթացքում նույնիսկ երկու երկրները խնդիրներ չունեցան Սեւ ծովի անվտանգության ապահովման հարցում: Հայտնի է, որ վերջին 13-14 տարիներին երկու երկրներն այս հարցում սերտ համագործակցում են: Բանախոսն, այնուամենայնիվ, նկատեց, որ Ռուսաստանի հետ հակասությունները դեռեւս պահպանվում են:

Հայաստանին ինչպիսի՞ Թուրքիա է ձեռնտու հարցին պատասխանելիս Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ մեր պետությանն անհրաժեշտ է կայուն եւ կանխատեսելի Թուրքիա: Թե որոնք են այսօր Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները` Շահնազարյանը նկատեց, որ առայժմ պարզ չեն այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Խոսելով հայ-թուրքական եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Դավիթ Շահնազարյանը շեշտեց, որ առաջինի դեպքում խոսքը հաշտեցման մասին է, եւ սփյուռքն այստեղ, անշուշտ, կարեւոր սուբյեկտ է. «Բայց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը մեր պետության, մեր քաղաքացիների հարցն է: Միջպետական հարաբերությունների լուծումը ՀՀ քաղաքացիների գործն է: Իմ կարծիքով` հաշտեցման, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններում տեղաշարժ չկա»:

img_7676 img_7680 img_7683 img_7684 img_7687 img_7690 img_7693 img_7705 img_7709 img_7711

«Զրո խնդիր հարեւանների հետ»` Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ահմեթ Դավութօղլուի թեզը, ըստ սեմինարի մասնակիցների, տապալվել է՝ վերածվելով «զրո հարեւանության»: Թուրքագետ, Նորավանք հիմնադրամի վերլուծաբան Հայկ Գաբրիելյանը մանրամասն ներկայացնելով վերջին 13-15 տարիներին Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունները՝ կտրականապես չհամաձայնեց տեսակետի հետ, որ «զրո խնդիր հարեւանների հետ» թեզը տապալվել է. «2009թ., երբ Թուրքիայի ԱԳ նախարար նշանակվեց Ահմեթ Դավութօղլուն, որը «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության ճարտարապետն էր, նա սկսեց ակտիվ դիվանագիտական շփումներ հարեւան երկրների հետ, կարգավորեց, ամրապնդեց հարեւան երկրների հետ` Բուլղարիայի, Հունաստանի, որոշ առումով` Կիպրոսի, Իրանի, Սիրիայի հետ հարաբերությունները, անգամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին: Պատահական չէ, որ ամերիկյան «Foreign Policy» հեղինակավոր պարբերականը Դավութօղլուին ճանաչեց տարվա լավագույն դիվանագետներից մեկը` որպես «նոր Քիսինջեր»: Մենք պետք է հասկանանք, որ այդքանով Թուրքիայի` «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունն ավարտվեց, այստեղ հստակ ջրբաժանը պետք է նշել»,- նկատեց նա:

Ըստ Հայկ Գաբրիելյանի` Թուրքիան Դավութօղլուի շնորհիվ ստացավ արտաքին քաղաքականության ոլորտում մանեւրելու դաշտ եւ անցում կատարեց նեոօսմանիզմի քաղաքականությանը, որի շրջանակներում էլ իր հարաբերությունները վատթարացրեց հարեւան մի շարք երկրների հետ (նրանք սկսեցին Թուրքիային մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու համար): Վերջին շրջանում Թուրքիան կրկին վերադառնում է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը. «Ժամանակավորապես է վերադառնում, որպեսզի վերստին ստանա մանեւրային լայն դաշտը, որը կորցրել է: Այսինքն՝ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը եւ նեոօսմանիզմի քաղաքականությունը շարունակ նախորդելու եւ հաջորդելու են միմյանց»:

Հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, ըստ Հայկ Գաբրիելյանի, արտաքին քաղաքականության համար դարձավ կարեւոր ցուցիչ Թուրքիայի իշխանությունների համար, որոնք այժմ առաջնորդվում են նրանով, թե ո՞ր երկրից են իրենք այդ օրերին աջակցություն ստացել: Բանախոսը նկատեց, որ Էրդողանն այսօր 20-25 միլիոն ընտրող ունի, եւ անգամ Թուրքիայի ընդդիմադիր, Աթաթուրքի ստեղծած` Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն չպաշտպանեց ռազմական հեղաշրջման փորձը եւ աջակցեց իշխանությունների նախաձեռնած ժողովրդավարության համար եւ ռազմական հեղաշրջումների դեմ անցկացված ստամբուլյան խոշոր հանրահավաքին:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, բանախոսը հիշեցրեց Թուրքիայի ներկայիս վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունները, թե Թուրքիան պետք է ավելացնի բարեկամ երկրների թիվը եւ նվազեցնի թշնամի երկրների թիվը, եւ մատնանշեց թուրքական մամուլի հրապարակումներն այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները Բաքվում Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, այնուհետեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հաստատեց այդ տեղեկությունները: «Հայաստանի հետ սահմանի բացման հարցում հիմնական խոչընդոտը մնում է Ադրբեջանի դիրքորոշումը: Թուրքիան չի ցանկանում վտանգի տակ դնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ բազմաթիվ առումներով այդ հարաբերություններն ավելի շահեկան են: Օրինակ՝ ներկայումս Ադրբեջանը Թուրքիայի թիվ երրորդ գազամատակարարն է, Թուրքիան ամենաէժան գազ ստանում է Ադրբեջանից»,- նկատեց նա` կանխատեսելով, որ 2-3 տարի անց Ադրբեջանը կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը` շրջանցելով Իրանին (կապված TANAP գազատարի կառուցման հետ): Հայկ Գաբրիելյանը նաեւ նկատեց, որ Ադրբեջանը մեծ ներդրումներ է իրականացնում Թուրքիայում, մասնավորապես Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` տարիներ առաջ SOCAR-ը խոստացել էր 17 միլիարդ դոլարի չափով ներդրումներ իրականացնել Թուրքիայում` խոստանալով հետագայում հասցնել 50 միլիարդ դոլարի. «Ադրբեջանի ներկայիս ֆինանսական դժվարությունները, Ադրբեջանից Թուրքիայի ներդրումային կախվածության նվազեցումը կարող է դրականորեն ազդել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացման վրա»:

Ի՞նչն է ավելի կարեւոր Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններում` դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմը, թե՞ սահմանի բացումը, այս հարցն էին բարձրացրել քննարկման մասնակիցները, գալով եզրահանգման, որ ոչ սահմանի բացումն է ենթադրում դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ոչ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է անմիջապես ենթադրում սահմանի բացում: Ի՞նչ կշահի Հայաստանը տնտեսապես սահմանի բացումից, եւ արդյոք Թուրքիան շահագրգռվա՞ծ է իր արեւելյան` քրդաբնակ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմամբ: Այս եւ նմանատիպ այլ բազմաթիվ հարցերը թեժ բանավեճերի առիթ հանդիսացան` մեծ նյութ դառնալով հետագա քննարկումների համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930