Լրահոս
Օրվա լրահոսը

Թուղթ առ իշխանանց հայոց

Հոկտեմբեր 03,2016 10:24

Շարունակություն. Սկիզբը՝ կարդացեք այստեղ

«Մարիոթ»-ից հազիվ էի դուրս եկել, երբ հանդիպեցի Արենին: Արենը Պոլսի մեջ 100 ոսկերիչի աշխատատեղով գործարան ունի: Արծաթե զարդեր է արտադրում: Մասնակցում է Հոնկ Կոնգի, Դուբայի, Լաս Վեգասի և այլ ցուցահանդեսների ամբողջ աշխարհում: Հարցրի իր՝ Հայաստանում բացած նոր գործատեղի մասին, թե քանի աշխատող ունի, գործերը ինչպես են ընթանում: «Շատ լավ»,- ասեց, և շարունակեց. «Տաջիկի մի տարվա սովորածը այստեղ երեք ամսում են սովորում: Մի քիչ դժվարություններ ունեցա. Ֆրանսիայից մի քանի կիլոգրամ արծաթ բերեցի, մաքսայինը երեք ամիս ապրանքս բռնագրավեց, չթողեցին որ ապրանքը դուրս հանեմ: Ես ամեն ինչ օրենքով եմ ուզում անել: Նախընտրում եմ հազար տուրք տալ, քան 100 կաշառք: Ես էլ երեք ամիս առանց գործ ՝ աղջիկների աշխատավարձերը տվեցի: Դա հարց չէ, կտամ, բայց կուզեի, որ ավելի շուտ առաջ գնային: Իր կողմից Էֆրիմը մեջբերեց. «Լսիր՛, Դանո՛, մենք այստեղ գումար վաստակելու համար չենք եկել, եկել ենք օգնելու, կսպասենք, կփոխվի»: Կփոխվի՞: Անկասկած. Եթե ճիշտ ուղղությամբ առաջանանք: Նրանք կսպասեն: Ուրիշները թողեցին ու գնացին, բայց նրանք կսպասեն: Ի տեղեկություն մեր արևմտյան սփյուռքի այադոլլաների, որոնք ինչ-ինչ պատճառներով մրոտում են Թուրքիայում մնացած հայերին, աշխարհի ամենաազգասեր հայերը պոլսահայերն են: Նրանք տասնամյակներ շարունակ այնքան ընկճված են, որ Հայաստանն իրենց համար ծարավից մեռնողի համար ջրի պես մի բան է: Հիսուն հազարանոց գաղութի մեջ 16 դպրոց ունեն, որոնց տարեկան նվազագույն ծախսը 1 միլիոն դոլար է: Եվ նրանք ոչ միայն իրենք են իրենց դպրոցների մասին հոգում, առանց որևիցէ մեկից օգնություն խնդրելու, այլ պետք եղած ժամանակ ուրիշ գաղութների են ձեռք մեկնում:

«Այր մի իջանէր յԵրուսաղեմէ յԵրիքով…»

Դուրս եմ գալիս «Մարիոթ»-ից և քայլում եմ առանց անցորդներին նայելու: Եթե նույնիսկ մայրս էլ դիմացս դուրս գա, չեմ տեսնի: Ես մի տեղ եմ, միտքս ուրիշ: Ուղևորվում եմ դեպի Հյուսիսային պողոտա: Սա Երևանը չէ: Սա Դիսնեյլենդն է: Էնփորիո Արմանի, Հերմես, Գուչի: Վա՜յ, նեղ ճանապարհից ընկել եմ լայն ճանապարհ, որ դեպի կորուստ է տանում»: Անցնում եմ պարոն նախարարի խանութի առջևով: Գեղեցիկ ցուցափեղկերի մեջ ներկայացված են աշխարհի ամենաընտիր ժամացույցները՝ A Lange & Sonne, Breguet, Glasshutte, Jaquet Droz: Չէ՞ք լսել այս անունները: Բնական է: Ձեզ ասացի, որ սա Երևանը չէ, ոչ էլ Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի նոր թաղամասերից մեկը: Սա Դիսնեյլենդն է: Ժամացույցների գները՝ 150 000, 200 000, 250 000…Դրամ չէ, դոլա՜ր:

Կարապի լճի սրճարանում հանդիպում ունեմ: Ղարաբաղյան շարժումը նախաձեռնողներից մեկի՝ Արամի հետ: Տեր-Պետրոսյանի ղեկավարման սկզբնական շրջանում նախարար է եղել: Սակայն երևույթների ընթացքը հասկանալով՝ շուտ հրաժարվել է: Մեր առաջին հանդիպումն է: Ղարաբաղյան շարժման, ընդհանրապես մտավորական կամ գիտական անձերի նման, Արամը իմաստուն, ազգասեր, անձնվեր մարդ է: Բացատրեց. «Դանո՛, Ձեր մտքերը շա՜տ առողջ են, սակայն պետք է գրեք նաև հայրենիքի ժողովրդին: Այստեղ մարդիկ քաղաքական հասունություն չունեն: Իրենց համար նորմալ է, որ օրենսդիր մարմինը գործադիր էլ է, բիզնեսմեն էլ է, որ պարոն նախարարը չի թույլատրել Հյուսիսային պողոտայի վրա ժամացույցի ուրիշ խանութ բացվել…

Արամը բացատրում է, որ այս կացության մեջ, ընտրությունների ժամանակ ողջ ժողովուրդը քվեարկում է նրա օգտին, ով իրենց 10 կամ 20 դոլար կտա:

Մեր պատանեկության տարիներից մինչ հիմա մենք՝ սփյուռքահայերս, մեր մտքի մեջ բարձրացրել ու հերոսացրել ենք հայրենի զուլալ օդը շնչող, ջուրը խմող ժողովրդին, այնտեղ տեսել ենք միայն Համբարձումյաններ, Տիգրան Պետրոսյաններ:

Հիասթափված եմ. Երիքով անցանք, մոտենում ենք Սոդոմ-Գոմորի` կործանման:

Ո՛վ հայրենի ժողովուրդ, մեր հայրերը իրենց կյանքը զոհեցին ազատության համար, դուք տասը դոլարով ձեր հոգի՞ն եք ծախում: Ծախե՛ք, ինչ ուզում եք, արե՛ք, բայց Հայրենիքը իրավունք չունեք ծախելու: Զգաստացե՛ք: Զգաստացե՛ք: Զգաստացե՛ք:

Պարո՛ն նախարար, Դուք Արենից ի՞նչ եք ուզում: Արդեն բավական շատ ունեք: Մոռանանք քաղաքական ուղղությունը, ամբողջականությունը, հայրենասիրությունը: Դուք պարզ խիղճ էլ չունե՞ք, մարդկանց իրենց գործից, հանապազօրյա հացից եք զրկում. արժանապատվություն էլ չունե՞ք: Դուք Ձեզ հայելու մեջ նայու՞մ եք, թե մարդիկ Ձեզ ինչպես են տեսնում:

Ռոստոմ. Տե՛ս, ունենք ազատ, անկախ Հայաստան: Ազա՞տ: Անկա՞խ: Տե՛ս, քո իսկական ժառանգորդներին, գաղջ են. «երանի թե տաք կամ սառը լինեին»: Եվ իրենց գաղջությամբ թմրած` հաշտվեն իրականության հետ: Կա՛յծ տուր նրանց, թող արթնանան, աշխուժանան:

soghomon-tehleryanՊարո՛ն Թեհլերյան, վե՛ր կացեք: Վե՛ր կացեք ու տեսեք: Հարյուր տարի հետո շատ բան չի փոխվել. կարմիր ջարդը դարձել է սպիտակ ջարդ: Գաղթագնացությունները Դեր Զորի փոխարեն դեպի Մոսկվա, դեպի Փարիզ, դեպի Լոս են կազմակերպվում: Թալիաթ փաշան էլ նախարարի տաբատ է հագել:

Ժողովողը ասում է. «Համրի տեղը դո՛ւ խոսիր, նրա դատը դու պաշտպանիր»: Ժողովուրդը խուլ է և համր է, կույր է, տեսիլք չունի: Պարո՛ն Թեհլերյան, խնդրում եմ, վե՛ր կացեք: Խոսում եմ նրանց փոխարեն: Տեսե՛ք: Այս մարդիկ իմ լեզուն չեն հասկանում…

Ո՜վ հայոց իշխաններ, Սյունիքի, Վասպուրականի, Կիլիկիայի իշխաններ, որ գտնվում եք Մոսկվայում, Ժնևում, Լոնդոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում: Ի՞նչ եք շշմած նայում: Խնդրում եմ, շարժվե՛ք: Ձեր լեզվով, ձեր հզորությամբ խոսեք: Մի՛ խանգարեք պարոն Թեհլերյանի քունը, մի՛ սպասեք, որ Բողոքականը նորից բողոքի, ելնի, երկու խոսք ասի իր լեզվով սրանց:

Խնդրում եմ, միացե՛ք: Որքան էլ հզոր լինեք, միայնակ գլուխ չեք կարող հանել:

Եկե՛ք հավաքվենք, միանանք, ցուլը կոտոշներից բռնենք, զորությամբ, միասին…

Դանօ

Բեյրութ, սեպտեմբերի 5

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31