Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմելուց առաջ երկար մտածեք (պատմվածք)

Դեկտեմբեր 25,2016 13:11

Վերջերս մարմնիս թիկունքամասի վերևում ուժեղ քոր սկսվեց: Իսկ քանի որ ձեռքերս, ոչ իմ մեղքով, բնականից կարճ են ստացվել և այդ քորն էլ բավականին անհասանելի տեղում էր առաջանում, դժվարություններ ծագեցին՝ քորը հանգստացնելու գործողությունը ի կատար ածելիս՝ ինչպես ձեռքիս շարժումով վերևից, այնպես էլ ներքևից: Հո, անընդհատ չէի դիմելու որևէ մեկին ու խնդրելու, որ մեջքամասս քորի: Ամոթ է, չէ՞, եթե հարևանները լսեն այդ մասին կամ աստված չանի՝ տեսնեն, ի՞նչ կասեն:

Ելնելով վերոհիշյալից, որոշեցի առաջին հերթին դիմել բժշկի, որ հետո չասեն, թե այս Փայլակ Փայասլյանը մտավոր ունակություններից կաղում է:

Իհարկե, առաջին հերթին խորհրդատվության (կոնսուլտացիա) համար դիմեցի մեր վարչաշրջանի պոլիկլինիկայի մաշկային բաժնի բժշկին: Դե, այնտեղ խորհրդատվությունը և բուժման կուրս նշանակելը գոնե ձրի է, ես էլ թոշակառու մարդ եմ, հիվանդանոցում միայն խորհրդատվությունը բավականին թանկ հաճույք է, էլ ուր մնաց բուժումը:

Հիմա կասեք, թե ձրի խորհրդատվությունը կամ բուժումը նման է նրան, որ ասում են թե՝ «ձրի պանիրը մկան թակարդում է միայն լինում»:

Ճիշտն ասած, վերջերս ես այդ ասացվածքը խորը վերլուծության եմ ենթարկել, գտել դրա սխալ մեկնաբանելու բնույթը և հրապարակավ տեղյակ պահել այդ մասին հանրությանը:

Մեկ անգամ ևս  համառոտեմ, որ մկան թակարդում պանիր դնողը այն գնում է որևէ խանութից, իսկ դուք լավ գիտեք, որ ցանկացած վաճառատնից պանիր ձեզ ձրի չեն տա: Ուրեմն, այս պարագայում ասացվածքը ամենևին էլ չի համապատասխանում բիզնեսի օրենքներին՝ այսինքն, այդ պանիրը ձրի չի կարող լինել:

Ենթադրենք, որ ձեզ հյուրասիրողի սեղանի վրայից մի փոքր պանրի կտոր եք «թռցրել», բերել տուն, ապա իջել ձեր շենքի ներքնահարկ, որտեղ մկներ են ազատ վխտում ու դրանց պատժելու համար այդ պանիրը դրել եք թակարդում: Իհարկե, այն ձեզ համար ձրի է ստացվել, բայց չէ որ դրա համար վճարել է ձեզ հյուրընկալողը, այսինքն՝ պանիրը ձրի չէ: Այստեղ առարկություն չի կարող լինել:

Դե, դուք հիմա էլ կասեք, որ դա ասված է ոչ թե թակարդում պանիր դնողի, այլ այն ուտել փորձող մկան համար: Հարգելիս, իսկ դուք չեք կարծում, որ մուկը դրա համար շատ ավելի թանկ է վճարելու, այսինքն՝ ամենաթանկ բանը աշխարհում՝ կյանքը: Սա էլ աքսիոմայի նման մի բան է, անառարկելի, որովհետև այդ մասին շատ տեղերում է գրված, որ «նա նվիրաբերեց ամենաթանկ բանը աշխարհում՝ իր կյանքը» կամ «նա կյանքի գնով հաղթահարեց այդ պատնեշը»  և այլն: Ճիշտ է, այս ասույթները գրված են մարդու համար, այլ ոչ թե մկան,  բայց իմ կարծիքով այն հանգիստ կարելի է կիրառել նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ, ինչպիսին տվյալ դեպքում մուկն է: Այսպիսով, կարող ենք սահմանել, որ մկան թակարդի պանիրը ձրի չի կարող լինել՝ ոչ մարդու, առավել ևս, ոչ էլ մկան համար:

Այս մտքերով տարված, մտա պոլիկլինիկայի շքամուտքից ներս, բարձրացա երրորդ հարկ, թակեցի «Մաշկաբան» գրությունով սենյակի դուռը և այնտեղ գտնվող բժշկից թույլտվություն ստանալով՝ ներս մտա: Միջին տարիքի, ալեխառն մազերով մի տղամարդ, որը զրուցում էր իր գործընկերներից մեկի հետ, լսելով իմ տրտունջը քորի մասին, պահանջեց, որ մարմնիս այդ քոր եկող մասը ի ցույց դնեմ իրեն: Ես, բնականաբար, թուլացրեցի տաբատիս գոտին, վերև քաշեցի վերնաշապիկս, ներքնաշորի հետ միասին և մեջքով շրջվեցի դեպի բժիշկը:

Անտարբեր հայացք նետելով իմ ցույց տված մարմնիս քոր եկող մասին, մաշկաբան բժիշկը արագ ախտորոշեց.

-Սա մաշկային հիվանդություն չէ, ավելի լավ է դիմեք ալերգոլոգին:

-Իսկ ո՞ր սենյակում է ալերգոլոգը նստում,-միամտորեն հարցրեցի ես, իմանալով հանդերձ, որ նախկինում այստեղ ալերգոլոգիայի հարցերով բաժանմունք չի եղել:

-Մեր պոլիկլինիկայում ալերգոլոգ-բժիշկ չկա, դուք նրանց կարող եք դիմել որևէ հիվանդանոցում,-անտարբեր եզրափակեց բժիշկ-մաշկաբանը և շարունակեց իր զրույցը գործընկերոջ հետ:

Ես, իհարկե, մաշկաբան բժշկի ձրի խորհրդատվությունից բավականին գոհ մնացի, չէ որ այն ստացա լիարժեք, այսինքն՝ դիմել ալերգոլոգին, բա դա՝ քի՞չ է: Մաշկաբանը կարող էր ավելի աննպաստ խորհուրդ տալ՝ ասենք դիմել վիրաբույժին, որն էլ, բնականաբար, բավականին թանկարժեք վիրահատություն կարող էր առաջարկել:

Հուսահատ դուրս եկա պոլիկլինիկայից և որոշեցի այցելել իմ ծանոթ ալերգոլոգին, որը,  ինչպես նշեցինք, ձրի խորհրդատվություն չի տրամադրում, քանի որ աշխատում է հիվանդանոցում,  նախապես զանգահարեցի նրան և պայմանավորվեցի հանդիպման ժամի մասին:

Երկու ժամ հետո ներկայացա իմ ծանոթ բժիշկ-ալերգոլոգին, որը դիտելով իմ մեջքամասի քոր եկող մաշկի տարածքը, նշանակեց մեզի և արյան տարբեր տեսակի անալիզներ, որոնց արդյունքը ներկայացնելուց հետո միայն, կարող էր եզրակացություն անել ինձ անհանգստացնող քորի պատճառների մասին: Սակայն անալիզների ցանկը լրացրեց հատուկ, նախապես տպագրված թերթիկի վրա՝ հատուկ ախտորոշիչ կենտրոնի հասցեով, այլ ոչ թե իրենց հիվանդանոցում գտնվող լաբորատորիայի: Երևի այդ կենտրոնը մասնագիտական ավելի բարձր որակներ ուներ: Սակայն չար լեզուներն ասում են, որ նրանց միջև հատուկ շահադիտական կապ կարող է լինել:

Ինչևէ, ներկայացա այդ ախտորոշիչ կենտրոնի ընդհանուր բաժին, որտեղից ինձ ուղղորդեցին համապատասխան անալիզները կատարող սենյակներ: Մի քանի օրից հետո, կատարված բոլոր համալիր անալիզների տվյալներով, որի համար վճարեցի բավականին մեծ գումար, կրկին ներկայացա իմ ծանոթ ալերգոլոգ-բժշկուհուն:

Ալերգոլոգ բժշկուհին ուսումնասիրեց անալիզի պատասխաններ պարունակող թերթիկները, ոչինչ չգտավ ալերգիա դրդող շարժառիթներում և ինձ խորհուրդ տվեց ավելի նպատակահարմար է դիմել ուրոլոգ-վիրաբույժի, ասելով.

-Գուցե երիկամներումդ կամ լեղապարկումդ քարեր կան, որոնք բորբոքումներ են առաջացնում և կարող են քորի առիթ հանդիսանալ՝ խանգարելով  նրանց նորմալ գործունեությունը (ֆունկցիան):

-Լեղապարկս վաղուց հեռացրել են, բժշկուհի ջան,-հուշեցի ես:

-Դե, ավելի լավ, ուրեմն, միայն երիկամներդ կնայեն, սոնոգրաֆիա և ուրոֆլոգրամա կանեն՝ մեզի արագությունը կորոշեն, եթե ծանոթ բժիշկ չունեք, ես կարող եմ իմ իմացած լավագույն ուրոլոգ-բժշկի հեռախոսահամարը տալ:

Ես, իհարկե ծանոթ բժիշկներ շատ ունեմ, բայց քանի որ բժշկուհին ուղղորդում է՝ դիմելու այսինչ բժշկին, ուրեմն պետք չէ նրան նեղացնել, ուրեմն նա մի բան գիտի:

Երեկոյան, ալերգոլոգ բժշկուհու տված հեռախոսահամարով, զանգահարեցի ուրոլոգ-վիրաբույժին, պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպելու համապատասխան հիվանդանոցում, որտեղ նա աշխատում էր:

Հանդիպման կարճատև զրույցի ավարտին, ուրոլոգ-վիրաբույժը նորից մեզի և արյան անալիզներ նշանակեց, քանի որ նախորդ, ալերգոլոգի կողմից նշանակած, անալիզները, որոնք ես ներկայացրել էի, ուրոլոգիական մասնագիտական ուղղությանը չէին համապատասխանում, ինչպես նաև ուղեգրեր ձևակերպեց սոնոգրաֆիայի և ուրոլոգրամայի մասնագիտական սենյակներում հետազոտում անցնելու վերաբերյալ:

Վերջին հետազոտությունների հիման վրա, որոնց համար նույնպես մի որոշակի գումար վճարեցի, ուրոլոգ-վիրաբույժը եկավ այն եզրակացության, որ ինձ պետք է շտապ վիրահատության ենթարկել, քանի որ իմ կյանքին վտանգ է սպառնում՝ միզակապության առաջացման դեպքում, բայց վիրահատության համար մի այնպիսի գումար պահանջեց, որ ես այլևս այդ հիվանդանոցի հասցեն մոռացա:

Տուն վերադարձա, զանգահարեցի մի քանի բարեկամ-ծանոթների, խորհուրդներ հարցրեցի քորի առաջացման վերաբերյալ, մի գիշեր էլ չքնեցի և ինձ համար ցածր գներով բուժման ռեժիմի նախապատրաստական սխեմա մշակեցի, որը բերվում է ստորև.

ա) առաջին հերթին լուծել մարմնիս քոր եկող մասի հարցը՝ քորող փայտյա գործիք ձեռք բերելով, որով օրը մի քանի անգամ պետք է կատարել այդ հաճելի գործողությունը,

բ) վիրահատության հարցը հետաձգել մի քանի տարով, գուցե այդ ընթացքում պետության կողմից որոշում կայացվի, որ այդպիսի վիրահատությունները, հատկապես թոշակառուների համար կատարվեն պետպատվերով կամ իրականացվեն ավելի մատչելի գներով կամ թոշակները բարձրացնելու ճանապարհով,

գ) իսկ եթե, աստված մի արասցե, եթե այդ ընթացքում կյանքիս հանկարծահաս վտանգ սպառնա, ապա թող դրա մասին հոգան իմ հարազատները և բարեկամները, որ միշտ հորդորում են՝ թե տկարություն զգալուց բժշկի դիմիր, թող իրենց մաշկի (ավելի շուտ գրպանի) վրա զգան (դրամական առումով) բժշկին դիմելու տխուր հետևանքները, ինչպես ես զգացի, հատկապես գալիք Ամանորի շեմին:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031