Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական շտաբերը ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրատեղամաս». Սաքունցը հրավիրեց ոստիկանության ուշադրությունը

Փետրվար 02,2017 18:07

Արթուր Սաքունցի կարծիքով, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծում պահակակետի գործառույթները շատ լավ ներկայացված են՝ ինչ պետք է անի, բայց մնացած խմբերի անելիքները նշված չեն:

«Նշված չէ՝ օպերատիվ խումբը օրինակ պետք է հետեւի ընտրության օրը նախընտրական շտաբերի գործառույթներին, ինչ է անում նախընտրական շտաբը ընտրությունների օրը: Մենք հիմնավոր կասկածներ ունենք պնդելու, որ նախընտրական շտաբերը ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրատեղամաս, հիմնավոր ահազանգեր կան, որ որոշակիորեն գործում են շահագրգռելու մեթոդներն ու խրախուսանքները՝ ընտրակաշառքի ձեւով: Ես գտնում եմ, որ ոստիկանության հիմնական թիրախը՝ օպերատիվ խմբերի մասով, պետք է լինի նախընտրական շտաբերի գործառույթների հսկողությունը»,- այսօր ոստիկանությունում ուղեցույցի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա ընդգծեց, որ ընտրությունների նախորդ օրը՝ լռության օրը նույնպես ոստիկանությունը պետք է աշխատի, որովհետեւ ըստ նրա. «Լռության օրը շարունակվում են ստվերային գործողությունները»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ թե՛ նախընտրական քարոզարշավի, թե՛ քվեարկության օրը, փորձելու են բացահայտել ընտրակաշառքի բաժանման եւ վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերը. «Մեր բացահայտումներն, անշուշտ, ներկայացնելու ենք իրավապահներին, բայց ես չէի ցանկանա, որ մենք բացահայտեինք ավելի շատ ու հիմնավոր, քան դա կաներ ոստիկանությունը: Ուզում եմ, որ Հայաստանի ոստիկանները, որոնք ավելի շառ ռեսուրսներ ունեն, քան մենք, ավելի շատ դեպքեր բացահայտեն, քան մենք: Որովհետեւ նախկինում դիտորդներն ավելի շատ հանցագործություններ են բացահայտել, քան ոստիկանությունը: Ուզում եմ, որ այդ միտումը չշարունակվի»:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն էլ նկատեց, որ ուղեցույցում ոստիկանական հարկադրանքի կիրառումը բաց է մնացել. «Այ դուք էլ օրինակ բերեցիք, որ երբ հանձնաժողովի նախագահը պահանջում է քաղաքացուն դուրս գալ տեղամասից, ու վերջինս չի կատարում, պետք է ուղեցույցում ոստիկանի միջամտության սահմանները հստակ նկարագրվի: Համակարծիք եմ նաեւ օպերատիվ շտաբերի գործառույթները ուղեցույցում բացվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728