Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վճիռ կայացրեց ԻԻՀ դեսպանատան օգտին

Ապրիլ 26,2017 14:00

Այգեստան 9 փողոցի 2 Ա տան ժառանգներ Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 10-ին հրապարակեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հայցի հիման վրա կայացրած վճիռը: Ժառանգները, ըստ էության, կունենան թվով 151-րդ վճիռը իրենց ծնողների տան գործով: Առաջվա նման նրանք կշարունակեն բնակվել վարձակալությամբ, նրանց տան գույքի ճակատագիրը կմնա դեռեւս անհայտ:

Դատարանում դեսպանատան ներկայացուցիչն է եղել Ալեքսանդեր Սահակյանը: Նշյալ հայցադիմումը դատարան էր մուտք եղել չորս տարի առաջ՝ հունիսի 3-ին: Հայցվորը պահանջել էր անվավեր համարել ժառանգության իրավունքի վկայագիրը: Ի դեպ, երրորդ անձ էր ճանաչվել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանը:
ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչը հայտնել էր, որ 1983 թվականին մահացել է նշյալ տանտերը՝ Արեւշատ Հակոբյանը՝ քույր եւ եղբայր Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների հայրը:

2000 թվականին Կենտրոնի նոտարը ճանաչել է Հակոբյանների ժառանգությունը՝ Այգեստան 9 փողոցի 2 Ա տան եւ 371.3 քմ հողամասի նկատմամբ, վկայագիրը գրանցվել է նոտարական գրասենյակում առկա սեղանամատյանում, ժառանգության բացված համապատասխան համարի տակ:

Ըստ դեսպանատան դիրքորոշման, Հակոբյաններն իրենց մոր մահվանից հետո «օրենքով սահմանված կարգով չեն ընդունել» ժառանգությունը, ինչը ՀՀ գործող օրենսդրության, մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հանգեցնում է այն հետեւանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն է առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ օրենսգրքով:

Դեսպանատունը պնդել է, որ 2006թ. մայիսի 13-ից նույն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կա վճիռ, որով ճանաչվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան օգտագործման իրավունքը նշյալ տան 425.5 քմ նկատմամբ:

Հակոբյանները առարկել էին հայցի դեմ, հայտնել, որ իրենց հոր մահվանից հետո սեփականության իրավունքը գրանցվել է մոր՝ Արուսյակի անունով: Վերջինս 1995թ. տան մի մասը անհասկանալի հանգամանքներում «նվիրել» է «Էխո-Էկո բանկի» խորհրդի անդամ, ներկայումս փախուստի մեջ գտնվող Ա. Տեր-Արսենյանին:

Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ իրենց ժառանգության վկայագրերը գրանցելու նպատակով, սակայն մերժվել են: Նրանք դիմել են վարչական դատարան, եւ նշել, որ «Ժառանգության իրավունքի վկայագրերի պետական գրանցման խնդրանքով տրված դիմումում խոսք չի եղել տան նկատմամբ ժառանգության իրավունքի պետական գրանցման մասին, այլ խոսքը եղել է 371.3 քմ մակերեսով հողամասի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման խնդրանքի մասին»:
Ըստ էության, իրանցիները ձեռք էին բերել նշյալ տունը, բայց ոչ հողամասը:
Դա մի անգամ եւս հաստատվում է՝ դատարան ներկայացված պետական արխիվի կրտսեր մասնագետ Շուշան Լազյանի 2012թ. ապրիլի 10-ին տրված տեղեկանքով: Համաձայն այդ տեղեկանքի՝ «Այգեստան 9 փողոցի 2 Ա հասցեին անհատական կարգով բնակելի տան համար հատկացված…գույքաթերթի տվյալների 371.3 քմ մակերեսով հողամասը մնում է հաշվառված հանգուցյալ Արեւշատ Հակոբյանի անվամբ»: Ինչ վերաբերում էր մոր մահվանից հետո ժառանգության ընդունման վիճելի խնդրին, ապա նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրված վկայագրի համաձայն, 1998թ. մահացած Արուսյակ Հակոբյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին եւ դուստրը՝ Ալբերտ եւ Անահիտ Հակոբյանները, հաշվառված Այգեստան 9 փողոցի 2 Ա հասցեում:
ՀՀ քաղաքացիների իրավական հիմնավորումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170 հոդվածի 2-րդ մասն էր, համաձայն որի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքների դադարեցման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հակոբյանները պնդում էին, որ հայցվորների իրավունքները չեն խախտվում՝ ժառանգության վկայագրից ծագող իրավունքների հետ կապված:
Եվ որ իրենք իրավաչափ իրավական գործողությունների շրջանակներում են համարվել ժառանգներ:

Ուշադրության արժանի էր դատարանի իրավական դիրքորոշումը:
Ըստ դատարանի, «Պատասխանողները բաց են թողել ժառանգությունն ընդունելու ժամկետը, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով չեն դիմել դատարան, եւ հետեւաբար՝ չունեն ժառանգության իրավունք վիճելի անշարժ գույքի նկատմամբ»:
Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու դատարան:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930