Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարե դարի» սարքը (պատմվածք)

Ապրիլ 30,2017 14:57

Մի քանի տարի առաջ, հատուկ որոշումով, դադարեցրին բնակարաններում նվազ օգտագործվող լարային ռադիոցանցի գործունեությունը:

Բայց բնակչության մի զգալի մասը շատ էր կապվել հանրային ռադիոհաղորդումներին ու չնայած նրան, որ Փայլակենց շքամուտքում գրեթե բոլորը հրաժարվել էին լարային ռադիոցանցի հաղորդումներ լսելուց, բայց նա համառորեն, ամիսը մեկ անգամ, չէր զլանում բարեխղճորեն այցելել փոստային բաժանմունք և ռադիոհաղորդակցական ցանցի մատուցած ծառայության հասանելիք երկու հարյուր դրամ վարձը մուծել: Լինում էր այնպես, որ ամբողջ կես տարով էր մուծում այդ վարձը, որպեսզի  ամեն ամիս չգնա բարձունքում գտնվող իրենց փոստային բաժանմունքի գրասենյակ:

Բայց, երբ դադարեցրին լարային ռադիոցանցի հաղորդումները, այն փոխարինելով եթերային տարբերակով, Փայլակը ստիպված, գործի գցեց իր ճապոնական արտադրության հին ռադիոընդունիչը, որը արդեն ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես էր մաշվել, բայց բարեխղճորեն կատարում էր իր ծառայությունն  ու ռադիոցանցի մեկ ֆիքսված ալիքի փոխարեն սպասարկում էր զանազան ալիքներ՝ ըստ նախասիրության, տրամադրության և ցանկության: Ինչպես և նախորդ լարային ռադիոընդունիչը, սա էլ առավոտյան միացնում էր, իսկ երեկոյան, քնելուց առաջ անջատում:

Սակայն, ստացվեց այնպես, որ շաբաթ օրերը, իր ութամյա թոռնիկը ցանկություն հայտնեց այցելելու իրեն և հատկացված հանգստի մի մասը նրա հետ անցկացնել՝ պատրաստելով  դպրոցում  նրան հանձնարարված որոշակի փորձերի մակետները: Ու մի օր էլ, թոռնիկը, թե՝

-Պապի, անջատիր այդ ռադիոընդունիչը:

-Ինչու՞ անջատեմ,-հարցրեց Փայլակը:

-Քարե դարի ընդունիչ է,-կտրուկ պատասխանեց թոռնիկը:

-Բայց սա աշխարհի առաջավոր և զարգացած երկիր Ճապոնիայից հայրիկդ է բերել, երբ գործուղման էր գնացել այնտեղ, ուրիշները երանի կտային այսպիսի ռադիոընդունիչ ունենալու համար,:

-Հա, բայց հիմա դա հարգի չէ, հնություն է, համակարգիչ կա, բջջային հեռախոսներ կան՝ այֆոն, Արմֆոն, պլանշետ…

-Բայց ես հին մարդ եմ, հնությունն եմ սիրում,-փորձեց  հակաճառել Փայլակը:

-Միևնույնն է, ինձ դուր չի գալիս,-եզրափակեց թոռնիկը,-անջատիր այդ քարե դարի սարքը:

Փայլակը ակամայից տասնյակ տարիներ ետ  գնաց դեպի իր մանկությունը և հիշեց տատի ասածվածքը՝ «երեխայի ասածը կամ թագավորի ասածը մեկ է, պետք չէ հակաճառել»:

Ու այդպես էլ, հաջորդ օրը, Փայլակը այդ ռադիոընդունիչի վրա, որը դրված էր խոհանոցի պահարանի գլխին, գեղեցիկ շոր գցեց, ծածկեց, որ թոռնիկը չտեսնի և չզայրանա ու այն միացնում էր միայն նրա բացակայության ժամանակ:

Բայց հաջորդ անգամ, երբ թոռնիկը կատարեց իր հերթական այցելությունը ու տեսավ պապի նորամուծությունը, արհամարհական նայեց նրան` հասկացնելով, որ միևնույնն է,  չի հաշտվի այն մտքի հետ, որ ինքը պիտի այդ հնությունը շահագործի:

Գուցե նրա առհամարանքը այդ ռադիոընդունիչի նկատմամբ այդպես էլ շարունակվեր, եթե ճակատագրի բերումով, դպրոցում նրանից չպահանջեին որևէ գիտական փորձ ներկայացնել մի քանի ամիս հետո կազմակերպվելիք փառատոնում ցուցադրելու համար:

Համացանցում երկար փնտրելուց հետո, նրանք գտան մի փորձի նկարագրություն և ցուցադրություն, որտեղ օգտագործվել էր հզոր ռադիոդինամիկ, որի վրա փռված ցելոֆանե թաղանթի վրա լցված ալյուրե ջրիկ խյուսը՝ երաժշտական թրթռոցի տակ, հետաքրքիր պատկերներ էր  ստեղծում օդում:

Ու տեսնելով այս հնարամտությունը` հանկարծ Փայլակի գլխում մի հանճարեղ միտք ծագեց, թոռնիկի չսիրած ռադիոընդունիչը օգտագործել այդ փորձի իրականացման համար: Նա հանեց ռադիոընդունիչի կափարիչը, առանձնացրեց դինամիկը, քանի որ նա երեսով կպած էր կափարիչին, շուռ տված դիրքով դրեց հատուկ ամանի մեջ, ռադիոընդունիչից դուրս եկող լարերը երկարացրեց, նրանց ծայրերին զոդելով լրացուցիչ լարեր՝ իրենց բռնիչներով (կրոկոդիլ), որպեսզի դինամիկը կարողանար դասավորել որոշակի հեռավորության վրա և բռնիչներով միանար նրա կոնտակտներին:

Բայց քանի որ ռադիոընդունիչի դինամիկի հզորությունը փոքր էր պահանջվածից և թույլ չէր տալիս ստանալու նկարագրված պատկերը, Փայլակը հնարամտություն ցուցաբերելով` որոշեց ալրախյուսի փոխարեն օգտագործել ցորենի հատիկներ:

Փորձը ստացվեց, բայց ցորենի հատիկները վեր ու վար ցատկոտելով արագորեն ներքև էի թափվում և նրանց «պարը» շատ չանցած ավարտվում էր, քանի որ դինամիկի վրա այլևս ցորենահատիկներ չէին մնում:  Եվ որպեսզի ցորենահատիկների «պարը» ավելի երկար ընթացք ունենար, Փայլակը դինամիկի վերևում, հատուկ բարձրության վրա,այնպես, որ նա հպում չունենա դինամիկի հետ, հարմարեցրեց պլաստմասայից թափանցիկ աման, որը թույլ չէր տալիս ցորենի հատիկներին դուրս թռչել դինամիկի վրայից և ցորենահատիկների «պարը» դիտվում էր այնքան ժամանակ, ինչքան որ միացած կլիներ ռադիոընդունիչը: Իսկ քանի որ ռադիոընդունիչը բազմաալիք էր, ապա փոխելով ռադիոալիքը և ընտրելով տվյալ պահին հաղորդվող երաժշտությունը` կարելի էր ստանալ ցորենահատիկների լայնաշերտ «պարեր»:

Շարունակելով կատարելագործել ստացված «գիտափորձը», այնուհետև Փայլակը ցորենահատիկները փոխարինեց բրնձի հատիկներով, իսկ վերջում ընտրությունը կանգ առավ հնդկաձավարի հատիկների վրա, որոնք ավել թեթև քաշ ունեին և ավելի լավ էին ցատկոտում դինամիկի երաժշտական թրթռոցի տակ: Իհարկե, կարելի էր մտածել այլ տեսակի հատիկներ էլ օգտագործել, բայց դրանով բավարարվեց, քանի որ տվյալ պահին իր ձեռքի տակ սահմանափակ տեսակի հատիկներ ուներ:

Եվ քանի որ «գիտափորձը» թոռնիկի սրտով էր, Փայլակը առաջարկեց նաև գործի գցել նրա համալիրում գտնվող մագնիտաֆոնը և երաժշտություն հաղորդել նաև «քարե դարի» մագնիսական ժապավեններով (կասետներով), որից հետո շարունակել արդեն սարքի դիզայներական ձևավորման աշխատանքները:Արդյունքում ստացվեց բավականին գեղեցիկ մի կառուցվածք, որը միացնելիս լսվում էր եթերային կամ ժապավենային երաժշտությունը, իսկ թափանցիկ պլաստմասսե կափարիչի տակ, երաժշտությանը համահունչ թռչկոտում էին հնդկաձավարի հատիկները:

-Երևի կորեկաձավարի հատիկները ավելի հետաքրքիր կցատկոտեն,-երկար խորհելուց հետո ասաց թոռնիկը:

-Հաջորդ անգամ, երբ խանութ գնամ, կորեկաձավար կգնեմ,իսկ դու էլ մինչ այդ արդեն «գիտափորձդ» կտանես, ցույց կտաս ուսուցչիդ և հավանության դեպքում արդեն կորեկաձավարն էլ կփորձենք, իսկ հիմա բավարարվենք նրանով, ինչ տանը ունենք,-հորդորեց պապը:

Երկուշաբթի օրը, առավոտյան Փայլակի թոռնիկը, ծանրաբեռնված ճապոնական հին ռադիոընդունիչով և հնդկաձավարի հատիկների «պարը» ցուցադրող հատուկ սարքով ներկայացավ առաջադրանքը հանձնարարած ուսուցչին, իսկ երեկոյան զանգահարեց պապին և ուրախությունից շնչակտուր լինելով հայտնեց, որ իր ներկայացրած սարքը ոգևորությամբ է ընդունվել ուսուցչի կողմից և ինքը«10» թվանշան է վաստակել:

Փայլակը հպարտությունից փայլում էր, որ կարողացել էր թոռնիկին հաշտեցնել ճապոնական արտադրության իր հնամաշ ռադիոընդունիչի հետ և այլևս չէր լսի նրանից.

-Պապի անջատիր այդ քարե դարի սարքը:

Մեր մեջ ասած, մինչև փառատոնին ներկայացնելը, Փայլակը պայմանավորվել է թոռնիկի հետ, որ այն կօգտագործի որպես ռադիոընդունիչ, իսկ երբ սարքը կներկայացվի փառատոնին և կկատարի իր առաքելությունը, ինքը նորից դինամիկը իր տեղը կդնի, կամրացնի, կփակի կափարիչը և ինչպես նախկինում կմիացնի ռադիոընդունիչը առավոտյան ու կանջատի երեկոյան՝ քնելուց առաջ:

Բայց Փայլակը մտավախություն ունի, որ այն ժամանակ, գուցե թոռնիկը գա իր մոտ ու ժպտալով ասի.

-Պապի, անջատիր այդ հրաշալի, ժամանակակից սարքը և տուր ինձ, ես այն շատ սիրեցի:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930