Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր, թե՞ պետական. նոր մոտեցում Կաննի կինոշուկային

Մայիս 11,2017 17:03

Նախորդ հոդվածում «Առավոտն» անդրադարձել էր այս տարի Կաննի կինոշուկային Հայաստանի մասնակցության նոր ձևաչափին, որ ընդունել է Մշակույթի նախարարությունը: Առաջին անգամ, նախարարի որոշմամբ, Կաննի կինոշուկայում Հայաստանի ծրագրի համակարգումը վստահվել է ոչ թե պետական, այլ մասնավոր կազմակերպության՝ «Պարալլելս» կինոարտադրող կազմակերպությանը (ղեկավար`ռեժիսոր Հովհաննես Գալստյան):

Նախարարության այս նոր ձևաչափի և Կաննում ՀՀ պատվիրակության ծրագրի մասին «Առավոտը» զրուցել է մի քանի կինոարտադրողների՝ Նարինե Քոչարի, Րաֆֆի Նիզիբլյանի, Մանվել Սարիբեկյանի և Արմեն Գասպարյանի հետ:

– Տիկին Քոչար, 2013թ.-ին ձեր ֆիլմը Կաննի կինոշուկայում հաջողություն է գրանցել: Նոր նախագծով դիմե՞լ եք Նախարարության հանձնաժողովին՝ այս տարի ևս Կանն գնալու համար:

– 2013թ.-ին Կաննի կինոշուկայում համաշխարհային պրեմիերայով ներկայացանք «Անունս Վիոլա է» ֆիլմով։ Արդյունքում Insomnia World Sales կազմակերպության հետ կնքեցինք դիստրիբյուցիայի և վաճառքի պայմանագիր: Դա մեծ հաջողություն էր ինձ համար: Ի վերջո, Կաննի կինոշուկային մասնակցելու ամբողջ իմաստը դա է: Այս տարի առաջին անգամ Մշակույթի նախարարությունը Կաննի կինոշուկայում նախագծերը և ֆիլմերը ներկայացնելու համար մրցույթ էր հայտարարել: Ինձ հետաքրքիր էր իմանալ՝ ովքեր են ժյուրիի կազմում, շատ կարևոր է՝ ում ես հանձնում նախագիծդ քննության: Ժյուրիի կազմը նախօրոք այդպես էլ չհրապարակվեց, բայց ես դիմեցի մրցույթին՝ վստահելով նախարարության նոր մոտեցմանը: Կարծում եմ, ճիշտ կլիներ հանձնաժողովում գերակշռեին արտադրական ոլորտի մասնագետներ, ոչ թե ստեղծագործողներ: Յոթ հոգանոց հանձնախմբում մեկ ռեժիսորը բավարար կլիներ: Ես ներկայացրել էի երկու նախագիծ: Երկուսն էլ ունեն համարտադրողներ և մասնակի ֆինանսավորում, չնայած մրցույթում չընտրվեցին։ Այս տարի Կաննի շուկային Հայաստանի կողմից ես չեմ մասնակցի, բայց իմ գործընկերը Կիպրոսից Կաննում ներկայացնելու է նախագիծը, իհարկե, արդեն ոչ հայկական տաղավարում:

-Պարոն Նիզիբլյան, Դուք 2016 թվականին մասնակցել եք Կաննի կինոշուկային: Ի՞նչ աշխատանք է դա ենթադրում:

– 2016թ. իմ միջոցներով ես մասնակցեցի Կաննի կինոշուկային՝ Հ. Գալստյանի «Լուսավոր շրջան» նախագծի վաճառքը կազմակերպելու համար: Կաննում մեզ հաջողվեց ֆրանսիացի համարտադրող գտնել: Պիտի ասեմ, որ Կանն միայն գնալը բավարար չէ, դա շատ տանջալի աշխատանք է, պետք է առավոտից գիշերվա տասներկուսն աշխատել՝ կինոդիտումներից սկսած մինչև աշխատարաններին, պրեզենտացիաներին մասնակցելը, կապեր հաստատելը, որը շատ դժվար է, եթե դու անծանոթ մի երկիր ես ներկայացնում:

– Ի՞նչ նախագծի վրա եք այս պահին աշխատում, դիմե՞լ եք նախարարության հայտարարած մրցույթին՝ այս տարի ևս Կանն գնալու համար:

– Աշխատում եմ նոր նախագծի վրա: Այն երկու փախստական մայրերի զոհաբերության պատմություն է: Իսկ մրցույթին մասնակցել ճիշտ չեմ համարել, քանի որ գործընթացը վստահված էր մասնավոր կազմակերպությանը: Դա «Պարալլելս» պրոդաքշընն էր: Մշակույթի նախարարությանը, Կինոկենտրոնին կներկայացնեի, որովհետև նրանք պետական, չեզոք կառույցներ են: Վստահելի չէ մասնավոր կառույցին նախագիծ կամ ֆիլմ տալը, ինչպե՞ս համոզված լինել, որ կողմնապահություն չի լինի: Եվ եթե նույնիսկ վստահ լինեի համակարգողի՝ Հովհաննես Գալստյանի օբյեկտիվության վրա, միևնույն է ՝ Կաննի կինոշուկայում աշխատաոճի խնդիր կա, լեզվի խնդիր կա, մշակութային համատեքստը հասկանալու և արդյունավետ կապեր հաստատելու խնդիր կա: Եթե կար Նախարարության կողմից նոր նշանակված կինոյի հանձնակատար Արսեն Բաղդասարյանը, ինչո՞ւ նա չէր համակարգողը:

– Պարոն Գասպարյան, այս տարի Դուք մեկնում եք Կաննի կինոշուկա: Ի՞նչ նախագիծ եք տանում:

– Կանն գնում եմ «Բանալիներ» գեղ. ֆիլմի նախագծով: Ֆիլմը ցեղասպանության թեմայով է: Հայաստանի և հայկական պատվիրակության հետ նախագիծը որևէ կապ չունի, ես Կանն գնում եմ Ֆրանսիայի իմ համարտադրողի հրավերով: Կաննում մեր խնդիրն է թուրքական համարտադրող գտնել, որովհետև նկարահանումների մի մասը Թուրքիայում է և այնտեղ, ինչպես գիտեք, ցեղասպանության թեմայով հայկական կամ եվրոպական արտադրողները նկարահանումներ անելիս լուրջ դժվարություններ են ունենում:
Կաննի կինոշուկային մասնակցելու ՝ Նախարարության հայտարարած մրցույթին չեմ էլ դիմել: Ժյուրիի կազմի մասնագիտական որակն արդեն անվստահություն էր ներշնչում: Ես սովորել եմ սկզբում Ալբերտ Մկրտչյանի կուրսում, ապա՝ Մոսկվայում ВГИК-ում սցենարական կուրսում, ապա՝ Գերմանիայում վերապատրաստում եմ անցել:
Եվ, ի վերջո, իմ նախորդ ֆիլմի համար պետությունից քսանմեկ հատ գրավոր մերժում ունեմ: Որևէ հիմք չունեի ենթադրելու, որ այս անգամ պետությունը նպատակ կունենա աջակցելու: Պետության աջակցությանը չեմ էլ դիմել:

– Պարոն Սարիբեկյան, 2015թ.-ին «Մանփիքչերս» պրոդաքշընը արտադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմը: Դիմե՞լ եք Նախարարությանը՝ ֆիլմը այս տարի Կաննի կինոշուկա տանելու համար, մասնակցե՞լ եք մրցույթին:

– «Փրկության քարտեզ» ֆիլմը եվրոպացի միսիոներ կանանց վկայությունների միջոցով պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Դա հայ կինոյի մեջ բացառիկ ֆիլմ է՝ թե գաղափարական, թե գեղարվեստական իմաստով: Ըստ իս, ֆիլմը պետական ռազմավարական նշանակություն ունի: Ֆիլմն արդեն ունի 2 դիստրիբյուտոր՝ Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային Ամերիկաներում և ԱՊՀ երկրներում տարածելու համար: Եվրոպական շուկան ազատ էր, որոշեցի դիմել պետության աջակցությանը՝ Կաննի կինոշուկային մասնակցելու: Ցանկալի էր գտնել նոր դիստրիբյուտորներ եվրոպական կամ արևելյան շուկայի համար: Նախարարությունից փորձեցի ճշտել ինչու է ֆիլմերի տարեթվի սահմանափակում դրվել: Հայտերի ընդունման մրցութային կարգի համաձայն, կարող էին մասնակցել 2016-17թթ. ավարտված կինոֆիլմերը: Ասացին՝ մենք մոնիտորինգ ենք արել և այդպես ենք որոշել: Հարցրեցի՝ դուք ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք և ի՞նչ ասել է մոնիտորինգ: Արդյո՞ք Հայաստանում չկան 2014 կամ 2015 թվականներին արտադրված ֆիլմեր, որոնք կարելի է ներկայացնել Կաննի շուկայում: Համակարգողը՝ Հովհաննես Գալստյանը, աբսուրդ է համարում «Փրկության քարտեզ» ֆիլմը Կաննի շուկայում ներկայացնելը՝ հիմնավորելով, որ եթե ֆիլմը համաշխարհային պրեմիերա է ունեցել, շուկան սպանվել է: Ֆիլմը, այո, ցուցադրվել է 14 երկրների 25 քաղաքներում և պրեմիերաների արդյունքում է, որ 2 դիստրիբյուտոր ունի: Վաճառքի գործակալների համար շահեկան է գնել նաև արդեն արձագանք ունեցող ֆիլմերը: Այնպես, որ աբսուրդ է ոչ թե այդ ֆիլմը Կանն տանելը, այլ չտանելու մասին որոշումը՝ նման ոչ պրոֆեսիոնալ հիմնավորմամբ:

-Ունեի՞ք նախնական պայմանավորվածություններ Կաննում

– Նախ այդպիսի պայմանավորվածություններ չունեն ոչ ոք՝ ոչ հաղթած նախագծերը, ոչ էլ համակարգողի դպրոցի դեբյուտանտ ուսանողները, որոնց նախագծերը Հ. Գալստյանը որոշել է տանել արտամրցութային կարգով, քանի որ իր կազմակերպությունն է այդ ֆիլմերի արտադրողը: Այդպիսի արտոնյալ կարգով նա, ի դեպ, տանում է նաև ի՛ր ֆիլմերը: Բացի այդ, նախարարության տարածած հայտարարությամբ հայտերի ներկայացման ժամկետը մարտի 3-20-նն էր: 17 օրվա ընթացքում ինչպե՞ս է հնարավոր և ՛հայտը կազմել, և՛ արդեն պայմանավորվածություններ ձեռք բերել: Կաննում հանդիպումների ժամանակացույցը կազմվում է 6 ամիս առաջ: Հայաստանը 2 տարի չի մասնակցել Կաննի կինոշուկային և մենք չէինք կարող ենթադրել, որ այս տարի մասնակցելու ենք: Բացի այդ, հնարավոր է նաև տեղում գտնել վարձույթի գործակալներ: Հանձնաժողովի միակ աջակցությունն այն էր, որ ինձ խորհուրդ տվեցին իմ ծախսերով մեկնել Կանն:

– Տիկին Քոչար, Դուք ֆիլմի միջազգային վաճառքի փորձ ունեք հենց Կաննի կինոշուկայում, ինչպե՞ս եք գնահատում նախարարության այս տարվա որոշումը՝ միայն 2016, 2017 թվականների ֆիլմեր ներկայացնելու սահմանափակումը, որի արդյունքում, փաստորեն, Կաննի շուկա այս տարի Հայաստանը ֆիլմ չի տանում, այլ միայն՝ նախագծեր:

– Կինոշուկա ֆիլմեր տանելը շատ կարևոր է: Նախընտրելի է նոր ֆիլմեր, բայց կան շատ գործակալներ, որոնք ֆիլմերը գնում են ինտերնետ վաճառքի, հեռուստաընկերությունների համար՝ հարմար գնով: Այդպես ֆիլմը գոնե տարածվում է և ամենակարևորը՝ դառնում արտադրանք, ձեռք բերում շուկայական արժեք: Պետք է ամիսներ առաջ վաճառքով եւ դիստրիբուցիայով զբաղվող կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Միգուցե այդ աշխատանքը արված չէր, այդ պատճառով ֆիլմեր չեն ընտրվել: Բայց այդ դեպում ինչո՞վ պետք է գրավել արտասահմանյան արտադրողներին, եթե ցույց չենք տալիս, որ Հայաստանում նույնպես ֆիլմեր են նկարահանվում: Հայկական ֆիլմերի և հայաստանյան կինոարտադրողների պակասը Կաննի շուկայում մեծ բաց է մեզ համար: Producer network ծրագրին լավ կլիներ շատ կինոարտադրողներ մասնակցեին: Եթե մեկ մարդ է գնում այդ Network-ին, նա պատասխանատու է բոլորի նախագծերը հավասարապես, անաչառ ներկայացնելու համար: Դա հսկայական աշխատանք է և մեծ պատասխանատվություն, որն այս պահին պետական պատվիրակության անդամների վրա է, հուսով եմ լավ արդյունքներ կլինեն։

– Պարոն Նիզիբլյան, Ձեր կարծիքով մի քանի կինոնախագիծ տանելը և պաշտոնական տաղավար վարձակալելը Կաննի կինոշուկայում արդարացվա՞ծ է:

– Միայն մեծ տաղավար ունենալը, որը շատ ողջունելի է, բավարար չէ: Հերթական անգամ մենք թղթե շերեփով գնում ենք մրցակցելու երկաթե, ոսկյա շերեփների հետ:
Անցյալ տարի Կաննում նման կարգավիճակում էր Հորդանանի տաղավարը, մեծ սիրուն տաղավար էր, ու ոչինչ չուներ առաջարկելու: Ավելի շատ իմիջային տաղավար էր, Հորդանանի թագավորը նման բան կարող է իրեն թույլ տալ, մե՞ր ասելիքը որն է:
Եթե մենք իսկապես ֆիլմեր չունեինք, ուրեմն շատ կինոարտադրողների, ռեժիսորների պիտի տանեինք, կապեր հաստատելու, ցանցի մեջ ներգրավվելու համար, որը հետագայում կարդարացներ իրեն:

Կամ կարելի էր այս տարի ընդհանրապես չգնալ Կանն: Կարելի էր մասնակցել Ռոտերդամի, Տալինի կամ Բուսանի փառատոններին:

-Պարոն Սարիբեկյան, անկախ մրցույթի արդյունքներից, նախարարությունն առաջարկում էր կինոարտադրողներին իրենց ֆիլմերը Հայաստանի տաղավարի համակարգողի միջոցով ուղարկել Կաննի կինոշուկա: Փորձե՞լ եք այդ կերպ «Փրկության քարտեզը» ներկայացնել Կաննում:

– Կաննում մասնակցության նոր ձևաչափը ինձ համար անհասկանալի է: Նախորդ տարիներին Կինոկենտրոնը կամ «Հայկ» կինոստուդիան են արել: Եթե Մշակույթի նախարարությունն իր կառույցների մասնակցությունը նախորդ տարիներին անբավարար է համարել, նախ՝ թող հաշվետվություն և բացատրություն տար կամ պահանջեր նրանցից նոր մոտեցում որդեգրել, իսկ եթե ընդհանրապես չէր վստահում իր կառույցին, թող հայտարարեր մրցույթ: Մրցույթում կարող էր հաղթել այնպիսի կազմակերպություն, որը չունենար անձնական շահագրգռվածություն: Իսկ նախընտրված համակարգողը նշում է, որ իր կազմակերպության նախագծերը նույնպես պետք է տանի կինոշուկա: «Պարալելս» ֆիլմ պրադաքշընի նախագծերը գնում են ոչ միայն դիստրիբյուտոր, այլ նաև համարտադրողներ փնտրելու, որովհետև արտադրության փուլում են: Արդյո՞ք որպես պետական պատվիրակ նա իրավունք ունի սեփական նախագծերը տանելու: Ստացվում է, նախընտրված համակարգողը պետական միջոցներով իրականացնելու է սեփական ծրագրերը:
Այսքանից հետո նախարարության մասնագետը ինձ առաջարկում է, որ ֆիլմը տամ, պատվիրակությունը տանի ներկայացնելու: Որպես ի՞նչ, որպես լոլիկի մածո՞ւկ տաղավարում՝ սեղանի վրա: Ֆիլմ ստեղծողը ինքը պետք է տանի իր ապրանքը և զբաղվի դրա վաճառքով: Ի՞նչ հիմնավորմամբ է նախարարը պետական պատվիրակության լիազորությունը տվել մասնավոր արտադրողի: Եթե պարզապես անհատական որոշում է, թող հայտարարի՝ ես եմ որոշում և պարտավոր չեմ բացատրություն տալ կամ մրցույթ հայտարարել: Գևորգ Գևորգյանի (Ազգային կինոկենտրոնի տնօրեն-խմբ.) աշխատանքը դուրս չի գալիս, այ, հայտնվել է մի մարդ, որը խոստացել է սարեր շուռ տալ: Այդ դեպքում անձամբ նախարարն էլ պատասխանատվություն է ստանձնում անհաջողության համար:

– Տիկին Քոչար, Դուք հավատում եք Նախարարության նոր մոտեցումներին, լիահույս եք, որ դրանք կարդարացնեն իրենց: Ինչպե՞ս եք կարծում, ա՛յս տարի Կաննի կինոշուկայում մասնակցելու նոր մոտեցումը արդյունավե՞տ է կազմակերպված:

– Այն, որ նախարարությունը փոփոխություններ է ուզում անել, շատ ուրախալի է, ես մեծ հույսեր եմ կապում նախարարի նորարարական մոտեցման հետ: Կարևոր է միայն ճիշտ ընտրություն կատարել և այդ գործում ներգրավել իսկապես անշահախնդիր, ամբիցիաներից զուրկ, նվիրյալ անձանց, ովքեր իսկապես կնպաստեն հայ կինոյի զարգացմանը։ Պետությունը պետք է նման նախապայման դներ: Իսկ Կաննի կինոշուկայի մասնակցության արդյունավետության մասին կարելի է խոսել միայն արդյունքներով։ Բոլոր նախագծերին սրտանց մաղթում եմ հաջողություն։

Կաննում ներկայացվելու է նաև հայկական կինոյի նոր ռազմավարությունը: Կինոարտադրողներից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են այդ մասին:

Րաֆֆի Նիզիբլյան

Դա նույնպե՞ս «Պարալլելսի» անհատական ծրագիրն է: Մենք՝ կինոարտադրողներս, քննարկումներ ենք կազմակերպում և կինոյի ռազմավարության փաստաթուղթ ենք մշակում՝ նախարարին ներկայացնելու համար, որպեսզի նա իմանա նաև մեր տեսակետը: Դա՛ կլինի իմ կարծիքով ազգային-պետական մոտեցում: Եթե կինոարտադրողը չի մասնակցում այդ գործընթացին, նրա համար այդ ծրագիրը դառնում է վերևից պարտադրված թուղթ:

Մանվել Սարիբեկյան

Կաննում Հայաստանի տաղավարի ծրագրում կա հոլովակ, որ ներկայացնում է հայ կինոյի նոր ռազմավարությունը: Այդ ի՞նչ բարեփոխումներ են, որը մենք՝ այստեղ, կինոարտադրողներս, չգիտենք, բայց օտարներին մեր անունից փաստորեն ինչ-որ բաներ են առաջարկում: Նման մեխանիզմներով բարեփոխումների համար պետք է պատասխանատվություն կրեն:

Դոմինիկյան հանրապետության փորձն են ուզում կիրառել, ինչո՞ւ, ո՞վ կարող է հիմնավորել, ո՞ւմ հետ է քննարկվել այդ բարեփոխումների նախագիծը: Ես կինոարտադրող եմ, ինձ հետ որևէ մեկը չի հանդիպել այդ թեմայի շուրջ: Ինչպե՞ս կարելի է կինոարտադրության բարեփոխումներ անել առանց գործող կինոարտադրողների կարծիքներն իմանալու: Դա նշանակում է ջուրը պարզեցնել: Միգուցե պարզ ջո՞ւրը ձեռք չի տալիս պետությանը:

Կինոարտադրության խնդիրների շուրջ առաջիկա հոդվածներում «Առավոտը» կզրուցի կինոգործիչների և ոլորտի պատասխանատուների հետ:
շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031