Վերահսկողական ծառայության աշխատակիցները դիմել են դատարան՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Վերահսկողական ծառայության աշխատակիցները դիմել են դատարան՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք հավաքվել են տեղամասի բակում՝ պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքները: Մարզային տեղամասի 24 աշխատակցի հոկտեմբերի 18-ին ընկերությունը կանչել է Երեւան՝ ատեստավորում անցնելու նպատակով:

Նրանցից 5-ը՝ վերահսկողական ծառայության աշխատակիցները, մասնակցել են ատեստավորմանը, սակայն այն չանցնելու հիմնավորմամբ ազատվել են աշխատանքից: Իսկ մնացած աշխատակիցները հրաժարվել են մասնակցել եւ ստացել նկատողություն՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու, մասնավորապես ատեստացիային չներկայանալու համար. «Բնականաբար աշխատանքային կարգապահության խախտում չկա, այստեղ ավելի շատ խոսքը գնում է, թե ինչու՞ չեն ներկայացել ատեստացիային: Համոզված եմ, որ դատարանում այն անվավեր կճանաչվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Վերահսկողական ծառայության աշխատակիցները դիմել են դատարան՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու պահանջով: Իսկ մյուս 19-ը աշխատակիցները պահանջում են, որպեսզի անվավեր ճանաչեն նկատողությունը: Աշխատանքից ազատվել է նաեւ տեղամասի պետ Հարություն Անտոնյանը. «Իսկ եթե նայենք, այս ամենը ոչ թե աշխատողների, այլ տնօրենի հետ է կապված: Ինչ-ինչ պատճառներով ուզում են, որ տնօրենն ազատվի աշխատանքից, ձեւը չեն գտնում: Այն բոլոր խախտումները, որոնք, որ իրենք դնում էին տնօրենին նկատողություն հայտարարելու հիմքում, դրանք անհիմն են: Հիմնավորումները «Վեոլիա ջրին» ներկայացվել է, բայց անկախ ամեն ինչից իրենք տվեցին նկատողություն: Դրանից հետո տնօրենը դիմեց դատարան անվավեր ճանաչելու համար: Դրանից անմիջապես աշխատանքից ազատեցին, հիմա նորից տվել է դատարան, նաեւ այդ հրամանն անվավեր ճանաչելու»,- ասաց Հակոբ Ճարոյանը:

Համլետ Խալաթյանն, ով վերահսկողության խմբի մասնագետ է, օգոստոսի 29-ից ազատվել է աշխատանքից՝ ատեստավորումը չանցնելու պատրվակով: Նրա կարծիքով կրկնակի ատեստավորումն անօրինական է. «Ապրիլին աշխատանքի ենք նշանակվել, անցել ենք փորձաշրջան, դրանից հետո էլ ատեստավորում է կատարվել: Մենք անցել ենք ատեստավորումը, ստացել դրական գնահատական: Մեկ ամիս հետո մեզ նորից ատեստավորում են նշանակել: Օգոստոսի 8-ին, ատեստավորմանը մասնակցել ենք, հարցերին պատասխանել ենք: Բայց ըստ իրենց կարծիքի, ոչ բավարար արդյունքի պատճառով ազատվել ենք աշխատանքից»:

Մնացած աշխատակիցներն, ովքեր դեռեւս չեն ստացել ատեստավորմանը մասնակցելու ծանուցումը, վախենում են, որ իրենց էլ կհանեն աշխատանքից. «Անօրինական քայլ ա սա: Ես ինքս իրավաբան եմ եւ գիտեմ, որ սա անօրինական է: Պետք է 2 հատ գրավոր դիտողություն լինի, որ նոր աշխատողին հեռացնեն: Բայց ոչ մի բան չկա, ամպերից իջեցրել են ու ասում են չես աշխատելու»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք