Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ ցայտնոտի մեջ ընկեք, մեզ լավ գիտեք». Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» պատասխանը՝ Աբաջյաններին

Ապրիլ 26,2018 00:55

Ինչպես հայտնել ենք, օրերս Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի անվան տակ մեկը ելույթ էր ունեցել, ինչը զայրացրել էր Աբաջյանի իրական պապին՝ Գեւորգ Աբաջյանին:  Նա մեզ հետ զրույցում ասել էր, որ անակնկալի է եկել, ամբողջ գիշեր չի քնել, թե ինչո՞ւ պիտի նման բան անեին:

Aravot.am-ը պարզեց, որ Ռոբերտ Աբաջյանի այսպես կոչված «կեղծ պապիկը»՝ Հովհաննես Սարգսյանը բնակվում է իրական պապիկի հարեւանությամբ՝ Արաբկիրում: Մենք այցելեցինք նրանց տուն՝ պարզելու, թե ի՞նչ նպատակ էր դա հետապնդում եւ ինչո՞ւ է ինքնության կեղծում արել:

Տանն էր կինը՝ Սիլվա Սարգսյանը, ասաց, որ ամուսինը, հավանաբար, էլի ցույցերի է գնացել: Կինը վստահեցրեց, որ Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանն իրենց տանն է մեծացել եւ ամուսինը որեւէ այլ միտում չի ունեցել՝ ներկայանալով իբրեւ Աբաջյանի պապիկ. «Գեւորգ Աբաջյանը մեզ լավ գիտի, էդ րոպեին տեղյակ չի եղել, որ Հովհաննեսն է խոսացողը, ինչ-որ ցայտնոտի մեջ են ընկել, բայց գիտեք թե մենք ով ենք, ինչպիսի հնարավորություններ ունենք, կարիք չկա, որ էդպիսի բաներ ասեք»,- դիմելով Աբաջյաններին՝ ասաց կինը:

Աբաջյանի պապիկը մտավախություն ուներ, որ նույն անձը գուցե ուրիշ տեղեր էլ է ներկայանում իրենց անունով եւ այլ քայլերի է դիմում՝ շահարկելով հերոսի անունը: Սիլվա Սարգսյանը հակադարձեց Աբաջյանին. «Կարիք չկա, մի՛ ցայտնոտի մեջ ընկեք, դուք մեզ լավ գիտեք, մենք էն մարդը չենք, որ ավելորդ բաներ վեր հանենք կամ օգտվենք ինչ-որ բանից, ձեր ինչի՞ց օգտվենք, երբ մեր կարողությունները լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարողություններ ունենք… Գեւոր ջան, դու լավ գիտես մենք ինչքան մեծ հնարավորություններ ունենք, ինչքան մեծ կրուգ ու ինչքան մեծ շրջապատ, ավելի շատ դուք եք օգտվում եւ կարող է մեր միջոցով օգտվեք եւ օգտվում եք, քան թե մենք ձեզանով: Ի՞նչ պետք է օգտվենք, ի՞նչ չունենք, մեր աշխատած տարիներն ու ժառանգությունը մեզ բավական է, չի՛ կարելի էդպես հիվանդագին ընդունել: Ինչի ձեզ էդ ի՞նչ են տալիս Ռոբերտի համար, վերջապես մենք իրավաբաններ ենք, Գեւոր, դիմացիններդ խոտ չեն ուտում, գրագետ մարդիկ են, բա չե՞ն ասի՝ եթե ներկայանում ես նրա պապիկը, ցույց տուր դակումենտներդ, գնա ինքը զոռով մտնի դատական պրոցեսի մե՞ջ, կալանավորե՞ն նրան խաբեբայության համար: Բա կարելի՞ է այդպիսի բաներ»:

Հովհաննես Սարգսյան

Թե ինչո՞ւ է այնուամենայնիվ, Հովհաննես Սարգսյանը ներկայացել՝ իբրեւ Աբաջյանի պապ, Սիլվա Սարգսյանը պատասխանեց, որ հարթակի վրայից իրեն հարց են տվել՝ իր պապի՞կն եք, ինքն էլ պատասխանել է, որ մենք բոլորս Աբաջյանի պապիկն ենք. «Էդ մտքով է ասել, ինչո՞ւ միայն Աբաջյանի, Ադամ ունենք…»:

Մենք հետաքրքրվեցինք՝ եթե հարեւաններ են, չե՞ն փորձել կապ հաստատել Աբաջյանի իրական պապիկի հետ, ներողություն խնդրել՝ Սիլվա Սարգսյանը պատասխանեց. «Չէ, ներողություն ասելու ես ոչինչ չունեմ, ես հազիվ քայլելով գնացի խանութ: Տղաս էր ուզում, բայց այնքան զայրացած էր: Պապը չի՞ տեսել, որ Հովհաննեսն է խոսացողը, թող ասեր՝ հա, ի՞նչ տարբերություն, նա էլ է իր պապիկը, ոչ թե այդպես բուռն ձեւով արձագանքեր, նեղվեր եւ այլն,, չի՛ կարելի: Հովհաննեսն ուզեցավ գնար, ասեց՝ կգնամ կասեմ Գեւորին, Գեւոր էս ի՞նչ է, բայց ասեցի՝ նստիր տեղդ»:

Ինքը՝ hանրահավաքի ժամանակ Աբաջյանի պապիկ ներկայացած Հովհաննես Սահակյանը մեզ փոխանցեց. «Իսկ ո՞վ է ասում, որ Ռոբերտը եւ քառօրյա պատերազմի մյուս զոհված զավակները մերը չեն, իմ թոռները չեն: Ռոբերտի հարազատ, ոչ թե ինքնակոչ պապիկ, իզուր է, որ մեծ աղմուկ ես բարձրացրել, որ ես կարող եմ այլ հարցերով Ռոբերտի անունը շահարկեմ, դա ձեզ վայել չէ, չի կարելի ուրանալ մոտիկությունն ու նվիրվածությունը: Եթե իմ նման վարմունքով ես որեւէ մեկին որեւէ բանով վրդովեցրել եմ, խնդրում եմ լինեք ներողամիտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Arthur says:

    Շարքային խաբեբաներ

  2. Նարինե says:

    Զզվելի մարդիք են, ահավոր, տես մրի սրանց խոսելուն, դեռ մի բարբաջաում էլա, <> հիմա պատռեցին իրանց դիմակը…

  3. Աշոտ says:

    Գրում եմ ձե՛զ, տիկին Սիլվա Սարգսյան, որովհետև համոզված եմ, որ կարդացել եք այս նյութը և ժամանակ առ ժամանակ նայումեք մեկնաբանությունների բաժինը։ Տեղի-անտեղի կրկնելով գերմաներեն Zeitnot (ժամանակի սղություն) ձեզ ավելի ինտելիգենտ չեք դարձնում։ Դուք փորձում եք ձեր ամուսնու արարքն արդարացնել, ընդ որում առիթը բաց չթողնելով ձեր ունեցվացքի ու կապերի մասին մերթ ընդ մերթ հպարտորեն բարձրաձայնել։
    Ես համոզված եմ, որ ձեր ներսում դուք լավ էլ հասկանում եք, որ ձեր ամուսնու արարքը ստորություն է, չնայած մի քանի անգամ կրկնում եք, «հա բայց ի՞նչ ենք արել որ»։ Եթե իրոք չեք հասկանում, բացատրեմ. Հովհաննես Սարգսյանը՝ ձեր ամուսինը, այս իրադարձութունների ալիքի վրա ցանկանալով ծափահարություններ վաստակել, օգտագործել է հարևանի զոհված հերոս զավակի, թոռնիկի փառքը։ Գիտե՞ք ինչէ նշանակում դիակապտություն. ձեր ամուսնու արածը հենց դա՛ է։ Եթե նա՝ ձեր ամուսինը, ձեր այդ գովերգած ունեցվացքից մի չնչին բաժին հաներ և ասենք սուրճ, հանքային ջուր կամ կերակուր բաժաներ ցուցարարներից ոմանց, կամ որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տար շարժմանը, կարժանանար ծափահարությունների։ Սակայն նա ընտրեց հեշտ տարբերակը։ Այնպես որ, արդարանալու փոխարեն, օրինակ վերցրեք ձեր ազգանվանակից Սերժից և ասեք՝ ներե՛ք մեզ, մենք սխալվել ենք։
    Ստորագրում եմ իմ ամբողջ անունով՝ Աշոտ Մարգարյան։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30