Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքը հուլիսին աճել է ու հաջորդ ամիսներին էլի աճելու է

Օգոստոս 23,2018 15:00

ՀՀ պետական պարտքը 2017-ի դեկտեմբերի 31-ի համեմատ նվազել է,
սակայն, հուլիսին՝ հունիսի համեմատ այն կրկին աճել է

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 774 միլիոն 604 հազար դոլար: Ապա, ԱՎԾ-ի տվյալներով, պետական պարտքն այս տարվա ապրիլի 30-ին ավելացել է, կազմելով՝ 6 միլիարդ 867 միլիոն 464 հազար դոլար: Մայիսին եւ հունիսին այն նվազել է, իսկ հուլիսին կրկին ավելացել: Այսպես՝ ՀՀ պետական պարտքը մայիսին կազմել է՝ 6 միլիարդ 754 միլիոն 484 հազար, հունիսին՝ 6 միլիարդ 704 միլիոն 240 հազար, հուլիսին՝ 6 միլիարդ 759 միլիոն դոլար:

Նույն աղբյուրի համաձայն, 6.7 միլիարդ պետական պարտքից արտաքին պարտքը 2017-ի դեկտեմբերի 31-ին կազմել է 5 միլիարդ 494 միլիոն 905 հազար դոլար, իսկ այս տարվա ապրիլին արտաքին պարտքը կազմել է 5 միլիարդ 533 միլիոն 906 հազար դոլար, մայիսին՝ 5 միլիարդ 494 միլիոն 265 հազար դոլար, հունիսին՝ 5 միլիարդ 449 միլիոն 200 հազար, հուլիսին՝ 5 միլիարդ 457 միլիոն դոլար:
Դեռ ՀՀԿ-ի իշխանության օրոք պետական պարտքի բեռը ընդդիմադիրների քննադատության թիրախն էր, չնայած, որ նախորդ իշխանությունները մշտապես պնդում էին՝ «Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքեւ է գտնվում, դեռեւս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»:

Ներկայիս իշխանությունն էլ նույն կարծիքին է: Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանն «Առավոտի» հետ զրույցում եւս պնդեց՝ պետական պարտքը կառավարելի է, շեմը վտանգավոր չէ, եւ ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում է: Արտակ Մարությանը վստահեցրեց՝ իր կարծիքը պայմանավոված չէ նախկին կամ ներկա իշխանություններով, պետական պարտքի կառավարելիությունը չափել են միջազգային կազմակերպությունները, որոնց գնահատականներով՝ անգամ շոկային սցենարի, ասենք՝ տնտեսության դանդաղ աճի դեպքում ՀՀ պետական պարտքը կառավարելի է, պարտքի սպասարկումը չափվում է մի շարք գործոններով, որոնցից են, օրինակ՝ վճարունակությունը: Այս առնչությամբ ՀՀ կառավարությունն, ըստ Մարությանի, խնդիր չունի:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, որ մայիսին եւ հունիսին պետական պարտքը նվազել է, իսկ հուլիսին այն կրկին աճել, Արտակ Մարությանը բացատրեց. «Դրա վրա ազդում է երկու գործոն՝ նոր ներգրավված պարտքն ու պարտքի մարումները: 2-րդ գործոնը՝ ինքնարժեքներն են: Քանի որ պետական պարտքը բազմարժույթ զամբյուղ է, կա ե՛ւ դոլարով, ե՛ւ եվրոյով, ե՛ւ չինական ու ճապոնական արժույթով, այս բոլոր վարկերը վերածվում են դոլարի կամ դրամի համապատասխան ժամանակահատվածի վերջի փոխարժեքներով: Եվ փոխարժեքի տատանումը կարող է էականորեն ազդել պարտքի ծավալի վրա՝ նայած որ փոխարժեքն է տատանվում»:
Ըստ Մարությանի, նշված ամսին փոխարժեքային լուրջ տատանումներ են եղել, սակայն հուլիսին՝ հունիսի նկատմամբ պարտքի աճի վրա ավելի շատ ազդեցություն է գործել նոր պարտքի ներգարվումն ու մարումը: Ֆիննախի պաշտոնյան ասաց, որ կառավարությունը հուլիսին ներգրավել է 13,1 միլիոն դոլար, այսինքն՝ նոր վարկ կամ այլ կերպ ասած՝ պարտք, եւ այդ 13,1-ից պետական պարտքի մարմանն է ուղղվել 9,7 միլիոն դոլարը. «Այս գումարի տարբերության չափով պարտքը մեծացել է»:

Ինչպես նախկին իշխանություններն, այնպես էլ նոր իշխանության պաշտոնյան պնդեց՝ նոր պարտք ներգրավելն անընդահատ գործընթաց է, անընդհատ որոշակի գումարներ ներգրավվում են ու ծախսվում. «Քանի դեռ պետության բյուջեն պլանավորված է դեֆիցիտով՝ պակասուրդով, դա նշանակում է պետական պարտքը բացարձակ մեծության չափով աճելու միտում ունի»:
2018 թվականի բյուջեի մասին օրենքով պետական բյուջեի պակասուրդը, հիշեցնենք, կազմում է 156,9 միլիարդ դրամ: Եկող ամիս եւս պետական պարտքի շեմը նախորդ ամսվա նկատմամբ կաճի. վստահեցրեց Արտակ Մարությանը. «Կարող են լինել փոխարժեքային տատանումներ, որոնք ազդելու են պարտքի բեռի վրա: Բացի սրանից, բյուջեի դիֆեցիտով պայմանվորված պետական պարտքն ամիսն ամսվա նկատմամբ կունենա աճի միտում, բայց դա չի նշանակում, որ աճերը կտրուկ են լինելու»:

Նախկին իշխանությունների այն հայտարարությունները, թե՝ պետական պարտքը գնալով պետք է նվազի, Արտակ Մարությանը հստակեցրեց՝ «Խոսքը ՀՆԱ-պարտք ցուցանիշի հարաբերական նվազման մասին էր, ոչ թե՝ բացարձակ թվի: Այդ ցուցանիշները նաեւ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում է՝ մինչեւ 2023 թվականը պարտքի բեռը ՀՆԱ-ի 50%-ի շեմը իջեցնելու միջոցառումների ծրագրով»: Այս տարի, ըստ Մարությանի, ՀՆԱ-պարտք ցուցանիշը կազմում է 58.9%, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ 53.7%:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031