Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտի քաղաքապետ․ «Այդպիսի թաղամաս չկա, որ փողոցում ապակիները ջարդված չլինեն»

Դեկտեմբեր 18,2020 17:25

«Վնասների մասին այժմ չեմ կարող խոսել, մոտավորապես՝ 250 տուն, հիմնարկներ, ձեռնարկություններ, խանութներ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պատերազմի՝ Արցախի Մարտակերտ քաղաքին հասցրած վնասներին, ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։

Նա նշեց, որ քաղաքում շինարարական աշխատանքներ են սկսել՝ փոխում են տների տանիքները, բնակիչներին պատուհաններ են հատկացնում, վերականգնվել է գազը։ Քաղաքապետը դժվարացավ կոնկրետ թիվ ասել, թե քանի բնակիչ է վերադարձել, սակայն զգալի հատվածը վերադարձել է և շարունակում է վերադառնալ քաղաք։

«Տները պետք է վերականգնենք, որ մարդիկ գան իրենց տներում ապրեն։ Ցելոֆանով օգնել ենք, ինչքան հնարավորություն ունեն, կառավարության կողմից է, թե ում կողմից է՝ տվել են։ Բայց որ ասես՝ տները լրիվ ապահովված են, չէ։ Մեծ մասը՝ գրեթե ամբողջությամբ ցելոֆաններ են խփած։ Այդպիսի թաղամաս չկա, որ փողոցում ապակիները ջարդված չլինեն։ Ահագին տներ են ավիրված։ Տներ էլ կան՝ փակ են, չենք իմանում, պետք է բացվի, որ իմանանք։ Ճանապարհով գնում ես, նայում, ոչ մի բան չի երևում, բայց հետագայում գալիս են, օրինակ, երեկ մարդ է եկել, դուռը բացել է, տեսել է՝ խփած է, բայց ճանապարհից բան չենք տեսնում։ Դռները փակ են, չեն կարողանում բացել, նայել տղերքը»,- ասաց Միշա Գյուրջյանը։

Նա հավելեց, որ քաղաքացիներին նաև ապակիներ են տալիս՝ կոտրած պատուհանները վերականգնելու համար․ «Օգնություններ են գալիս, և այդ օգնություններից բոլորին էլ տալիս են»։

Միշա Գյուրջյանը հայտնեց, որ Մարտակերտում այժմ ժամանակավոր բնակություն են հաստատել տեղահանված բնակիչներ Հադրութից, Շուշիից և այլ հատվածներից․ «58 ընտանիք 260 շունչ 8 գյուղից, մեկ էլ Հադրութից, Շուշիից Մարտակերտում ժամանակավոր կացարան են ճարել և ապրում են, մինչև տեսնենք՝ վերջը ինչ է լինում»։

Վնասվել է նաև Միշա Գյուրջյանի տունը, այժմ բնակվում է իր բարեկամներից մեկի տանը․ «Ինքնաթիռի ռումբից է վնասվել։ Այս երկու օրը բրիգադը պետք է գա տանիքը փոխի, պատուհանները լրիվ չկան, պետք է սարքենք, տեսնենք՝ ի՞նչ է լինում հետագայում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031