Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղծ աղանդոցը» նոր հնչեղությամբ

Նոյեմբեր 22,1995 16:50

Արարատյան հայրապետական թեմի «Այրարատ» հրատարակչությունը լույս է ընծայել Սարգիս Մայիլյանի «Եղծ աղանդոց» գրքույկը։ Եզնիկ Կողբացու նշանավոր գրքի վերնագրով հեղինակը ոչ միայն ցանկացել է շեշտել կապվածությունը հայոց միջնադարի հոգեւոր ավանդներին, այլեւ առաջնորդվել է եղծի՝ հերքման որոշակի սկզբունքների կիրառմամբ։ Ներկայացվող կրոնական կազմակերպություններից յուրաքանչյուրին առանձին մեկ գլուխ է նվիրված, որում Ծագումը խորագրի ներքո տեղեկություններ են տրվում ստեղծման հանգամանքների մասին։ Անվանումը բաժնում էլ բացատրվում է, թե «Աստվածաշնչի» որ հատվածի հիման վրա են իրենց այդպես կոչել տվյալ աղանդի հետեւողները։ Օրինակ, Եսայու մարգարեության «Իմ վկաները դուք եք, ասում է Տերը» (ԽԳ 10-12) տողի հիման վրա են իրենց Եհովայի վկաներ անվանում հեղինակի բնորոշմամբ այս «չարափառ ուղղությանը» հետեւողները։ Տրվում է նաեւ օտար անուններ ունեցող աղանդների անվանումների ստուգաբանությունը։ Այսպես մանրամասնաբար ներկայացնելով Ադվենտիսների ծագման պատմությունը, նաեւ ասվում է, որ այս անվանումը գալիս է լատիներեն ադվենտուս՝ գալուստ բառից, քանի որ գալստականները ողջ Աստվածաշնչից առանձնացրել եւ բացարձակացրել են սպասումը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան։

Հայրենիքը հատվածում էլ ցույց է տրվում, թե որտեղ են առաջացել, ինչ աշխարհայացքի եւ ընկալման արդյունք են եւ ինչով են խորթ ու անընդունելի մեզ համար, որի հիման վրա էլ կատարվում է եզրակացությունը վերջին Եզրահանգում բաժնում։

Ավանդական կանոնավոր եկեղեցիներից աղանդները տարբերվում են նրանով, որ նրանք Աստվածաշնչի ողջ հյուսվածքից առանձնացնում են որեւէ հատված եւ կամայականորեն մեկնաբանելով հռչակում միակ ճիշտ ուսմունքը։ Ս. Մայիլյանը յուրաքանչյուր աղանդ ներկայացնելիս նաեւ ցույց է տալիս, թե այն Սուրբ Գրքի որ հատվածն է առանձնացնում եւ դրա հիման վրա իրեն հռչակում միակ ճիշտը, մերժելով մնացյալներին։ Ինչպես օրինակ, հոգեգալստականների պարագայում, որոնք Սուրբ Հոգու իջումը Վերնատանը, երբ հավաքվածները սկսեցին խոսել տարբեր լեզուներով (Գործք Բ-13), հանգեցրեցին լեզվախոսությանը՝ էքստազի մեջ անկապ հնչյունախմբեր արտաբերելու հիվանդագին երեւույթին։

Այս գիրքը յուրատեսակ մի փոքր տեղեկատվական հանրագիտարան է Հայաստանում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների մասին, որոնց գործունեությունը ոչ միայն մերժվում է ազգային-հոգեւոր արժեքների պահպանության տեսանկյունից, այլեւ ցույց է տրվում, որ դրանք անընդունելի եւ անհարիր են հենց Սուրբ Գրքին։

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930