Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին արգասաբեր էր

Դեկտեմբեր 20,1995 17:26

«Աշխատում ենք հոգեւոր մշակութային մթնոլորտ պահպանել, եւ ջերմությունը, լույսը, ճշմարտությունը հաղորդել արվեստասերներին, եւ առաջին հերթին՝ արվեստագետներին»,- ասում է Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանը:

– Մշակույթի հայկական ֆոնդի համար եւս սկսվել է «ճտերը» հաշվելու ժամանակաշրջանը։ Այս օրերին ծանր ու թեթեւ ենք անում, իմաստավոր տարվա ընթացքում մեր ձեռքբերումները, հաջողությունները։ Համեստ ասած՝ տարին արգասաբեր էր։ Նախ՝ հրատարակումների մասին։ Ի վերջո, իրականացավ այն ալբոմ- օրացույցների տպագրությունը, որոնց մասին ավելի շատ է խոսվել:

Ալբոմում տեղ են գտել 25 գեղանկարիչ։ Յուրաքանչյուր էջի վրա՝ մի նկարիչ, մի ստեղծագործություն (տեքստերը՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով), փոքրիկ հանձնարարականներ նկարիչների մասին։ Լույս ենք ընծայել «Տերեւներ Մորիայի պարտեզից» գրքի առաջին մասը։ Այս գիրքը, որ հայերեն առաջին անգամն է թարգմանվում, ծանոթ է աշխարհի շատ ու շատ ժողովուրդների։ Հրապարակի վրա է Լիլիթ Մանուչարյանի «Օտարված հոգիներ» պատմվածքների ժողովածուն, Ռուդաքին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակից, փիլիսոփա, աստվածաբան, գրող, հրապարակախոս Թորգոմ Սարայրդարյանի «Ինքնանալու գիտություն» գիրքը: Մի գիրք, որի մեջ տեղ են գտել, այսպես ասած, աշխարհի բոլոր իմաստությունները, բոլոր կրոնների արժեքավոր իմաստները։ Թորգոմն, ի մի բերելով այդ ամենը մի ժողովածուի մեջ, ասում էր, որ մարդը ինքն իր մեջ պիտի փնտրի իր Աստծուն:

Մշակույթի հայկական ֆոնդը տաղանդավոր երեխաներին հայտնաբերելու շնորհակալ գործ է կատարում։ Մենք հաճախ դպրոցներում անցկացնում ենք բաց դասեր (դասը վարում են գրողները, արվեստագետները, գիտնականները): Մտադրվել ենք նման դասեր անցկացնել հանրապետության շրջաններում, որովհետեւ պետք է առանձնակի հոգատար լինել շնորհալի երեխաների նկատմամբ։ Ունենք կրթաթոշակառուներ (25 հոգի), որոնց շարքերն, անկասկած, գալիք տարի կբազմապատկվեն։

Ձմռան ամիսներին եւս կշարունակենք աշխատել։ Միջոցառումներ կկազմակերպենք այն մշակույթի օջախներում եւ արվեստանոցներում, որոնք տաքացվում են։ Ես շատ եմ կարեւորում նման ստեղծագործական հավաքները։ Վերջերս Զանգեզուր, Էջմիածին, Աշտարակ, Բյուրական այցելեցին մեր նկարիչները, որոնք ոչ միայն հանդիպեցին տեղացի արվեստագետների հետ, այլեւ տեղում ստեղծեցին արվեստի մնայուն արժեքներ։ Չէ՞ որ շատերն երկար ժամանակ «դրսում» նկարելու հնարավորություն չունեին։

Ստեղծագործական հավաքներից բացի՝ անցկացրել ենք նաեւ ցուցահանդեսների քննարկումներ, ինչպես օրինակ՝ վերջերս խեցեգործների աշխատանքների ցուցադրումից հետո:

«Մշակութային աշնան» մասին չեմ ուզում խոսել. այդ մասին բազմիցս է խոսվել մամուլում։ Իսկ «Մշակութային գարուն» փառատոնը, որի շուրջն արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքներ, եւս կդառնա ավանդական։

Գրի առավ Ռազմիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031