Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զենքն ու զրահը գիրն է եղել եւ գիրքը…»

Դեկտեմբեր 22,1995 17:37

Անվանի գրող Վալտեր Արամյանի հետ մեր աշխատակից Սարո Գյոդակյանի զրույցն այս, որ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը, տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ մեզ հետ էր նա… Իսկ զրույցի թեման ինչպես միշտ, իր պաշտելի ժողովուրդն էր, նրա հինավուրց մշակույթը, գիրն ու գրականությունը։

Պատմությունն ասում է մեզ, որ մոտ 1500 տարի առաջ մեր լեզուն դեռ իր տառերը չի ունեցել։ Մենք օգտվել ենք օտար տառագիր լեզուներից։ Գրել, կարդացել ենք հունարեն, ասորերեն։ Բայց մենք այն ժամանակ էլ հին ժողովուրդ ենք եղել, աշխարհի չափ հին։ Արվեստ, արհեստներ ենք ունեցել, սեպագրեր ընթերցել ու կերտել։ Մեր լեզուն, մեր բնավորությունը քարերն են պահել, պահպանել մինչեւ այն ժամանակները, երբ Արարատ եւ Արագած լեռների հայացքների տակ բարձրացած, անապատային ավազուտների մեջ, հողե պարիսպների եւ բուրգերի միջեւ շրջափակված Էջմիածին տաճարից իր աշակերտների ուղեկցությամբ դուրս եկավ Մեսրոպ Մաշտոցը եւ մեկնեց հեռավոր աշխարհների նշանավոր կենտրոնները, ծանոթացավ տարբեր ժողովուրդների լեզուներին, ճանաչեց, ապրեց նրանց հետ եւ երբ տարիներ հետո տուն վերադարձավ՝ ձեռնունայն չէր։ Վերադարձան նաեւ նրա աշակերտները հայոց մայրաքաղաք Վաղարշապատ։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, հայոց Այբն ու Բենը եւ Վաղարշապատ քաղաքում բացեց հայոց առաջին հայատառ դպրոցը, ինքն էլ եղավ այդ դպրոցի հայերեն տառերը սովորեցնող առաջին ուսուցիչը։ Անգիր կմնար մեր լեզուն եւ ոչ ոք չգիտի, մինչեւ ե՞րբ, եթե չլիներ Մեսրոպ Մաշտոցը, չլիներ նրա տառերի գյուտը։ Ահա թե ինչ է մտաբերում մարդ, երբ լսում է Էջմիածին կամ Վաղարշապատ նվիրական անունները։ Այդ անունները հիմա հիշեցնում են մեզ, որ 1500 տարի հետո հայ ազգը պահպանվեց եւ գոյատեւեց, չոչնչացավ շնորհիվ այն բանի, որ ունեցավ իր լեզուն, իր գիրը, իր դպրոցը։ Նա կորցրեց իր պետականությունը, կորցրեց իր երկրի մեծ մասը, անթիվ զոհեր տվեց, նա ընկավ, բռնակալները հոշոտեցին, կեղեքեցին, փորձեցին բնաջնջել, բայց այդքան կորուստներից հետո նա պահեց, պահպանեց իր գիրն ու լեզուն, իր բնավորությունը, իր ստեղծագործ ոգին եւ այդ պատճառով էլ ապրեց մինչեւ իր կյանքի երջանիկ ժամանակները։ Միշտ էլ մեր ժողովրդի համար գիրը եւ գիրքը սրբություն են եղել, հավատք եւ փրկություն, նաեւ համոզմունք այն բանի, որ նման մի ժողովուրդ որտեղ էլ որ լինի՝ չի կորչի։ Հայ ժողովուրդը չի ապավինել զենք ու զրահին։ Նրա զենքն ու զրահը գիրն է եղել եւ գիրքը։ Մենք՝ Մաշտոցի երախտապարտ հետնորդներս, պարտավոր ենք վառ պահել նրա հիշատակը՝ չմոռանալով ո՛չ նրան եւ ո՛չ էլ նրա ստեղծած ազգապահպան Հայոց գրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031