Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խախտումներ՝ ցուցակներում

Ապրիլ 02,1998 00:00
yntrutyun

Կարեն Դեմիրճյանի ընտրաշտաբի որոշ ներկայացուցիչների կարծիքով, հիմնական խախտումները տեղի են ունեցել ցուցակների միջոցով։ Ըստ «Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքի պահանջի, ինչպես ներկայացրեց Կարեն Դեմիրճյանի՝ Երեւանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի անդամ Բորիս Գլեբովը, ընտրացուցակները պետք է կազմվեն առավելագույն ճշգրտությամբ։ Սակայն, ինչպես ներկայացրեց զրուցակիցս, խախտվել է օրենքի հենց առաջին պահանջը. ցուցակները թերի են։ Կոնկրետ՝ Կենտրոն համայնքում, ինչպես ներկայացրեց Բ. Գլեբովը, ոչ մի ցուցակ չի համապատասխանում իրականությանը։ Ցուցակներում առկա են մարդկանց անուններ, որոնք գրանցված չեն տեղում, վաղուց չեն ապրում Հայաստանի տարածքում, մահացած են, անչափահաս են, նոր բնակարաններ են տեղափոխվել եւ այլն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում էլ քվեարկությունը կատարվել է հին ցուցակներով։ Կարեն Դեմիրճյանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբում ընտրությունների երկրորդ փուլում էլ հայտնի չէր, թե ում կողմից են ներկայացվել դրանք։

Օրենքը պահանջում է, որ տեղամասային հանձնաժողովներին ընտրացուցակները տրվեն վերադաս, տվյալ դեպքում՝ համայնքային հանձնաժողովների կողմից, որը պարտավոր է փաստաթղթերը ներկայացնել համապատասխան ժամկետում ու պատասխանատվություն կրել դրանց ճշգրտության համար։ Ճշտումները, եթե կան անհամապատասխանություններ, կատարելու իրավասությամբ օժտված են տարածքային հանձաժողովները՝ ստուգելով, թե որքանով են իրականությանը համապատասխանում գրանցված անձանց ցուցակն ու ներկայացված փաստաթղթերը։ Ըստ օրենքի, ինչպես ներկայացրեց Բորիս Գլեբովը, եթե քաղաքացիների կողմից լինում են դիմումներ, ապա ընտրահանձնաժողովը երկու օրվա ընթացքում՝ իհարկե, համապատասխան փաստաթղթերի առկայությամբ, ստուգումներ է կատարում եւ վերջնական տեսքի բերում ցուցակները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ժամանակին ընտրողներին հասցվեին հիշեցման ծանուցաթերթերը։ Բորիս Գլեբովը ընտրացուցակներին վերաբերող տեսական դատողությունները ներկայացնելուց հետո հայտարարեց, թե Կենտրոն համայնքում ցուցակները թերի էին անխտիր բոլոր 41 ընտրատեղամասերում։ Իսկ դա հանգեցրել է անցանկալի դրսեւորումների։ Գրեթե բոլոր ընտրատեղամասերում էլ բազմաթիվ լրացուցիչ ցուցակներ են գոյացել։ Բացի այդ, դրսեւորվել է նաեւ համայնքային հանձնաժողովի անփույթ ու թերի աշխատանքի մեկ այլ կողմը. ընտրատեղամասերին ներկայացված ցուցակներում բազմաթիվ են շենքերի կրկնությունները։

Փաստորեն, նույն ընտրողը տարբեր տարածքներում քվեարկելու հնարավորություն էր ստանում, ինչը գործնականում ազդում էր ընտրարդյունքի վրա։ Կար նաեւ խնդրի մյուս կողմը՝ Կարեն Դեմիրճյանի վստահված անձինք ընտրացուցակների վրա աշխատելու եւ դրանցում առկա տվյալները ստուգելու հնարավորություն չեն ունեցել։ Իրենց ներկայացուցիչներին պարզապես թույլ չեն տվել ոչ միայն ցուցակները ձեռքի տակ ունենալ, այլ իրենց աշխատանքները կազմակերպել ընտրացուցակների համադրմամբ։ Այս ամենը դժվարություններ է հարուցել ընտրացուցակների իսկությունը պարզելու գործում։

Ըստ էության, ընտրատեղամասերում աշխատանքը հիմնականում կազմակերպվել է հին ընտրացուցակներով։ Տեղամասերում, ուր ցուցակները նախապես պետք է փակցված լինեին պատերին, շատ դեպքերում բացակայել են կամ պատռված են եղել։ Իսկ աշխատանքային ընտրացուցակները երկուսն են եղել։ Այս հարցում բաց ունի նաեւ «Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքը։ Այն փաստում է, որ ընտրացուցակները պետք է հաստատված լինեն։ Շատ լավ։ Սակայն որեւէ հիշատակում չկա, թե ում կողմից եւ ինչ ժամկետներում պետք է դա արվի։ Ո՞վ է պատասխանատուն. տարածքայի՞ն հանձնաժողովը, համայնքայի՞նը, թե՞ մարզայինը։ Ո՞ւմ կնիքով եւ ո՞ւմ կողմից պետք է հաստատվի այն, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ցուցակների թերի լինելու կամ նրանցում տեղ գտած անճշտությունների համար։ Այս բոլոր խոչընդոտները հնարավորություններ են ընձեռում, որպեսզի որոշակի խախտումներ լինեն, ընդ որում՝ թափանցիկության շղարշ ստեղծելով։

Երեւանի պետական հանրախանութի մերձակայքում տեղակայված 6/22 ընտրատեղամասում, որը հայտնի ազդեցության ոլորտում է, Կարեն Դեմիրճյանի վստահված անձ քաղաքացի Հ.Մ-ն, որը չցանկացավ ամբողջությամբ ներկայացնել իր անուն-ազգանունը (ի դեպ, 1996-ին էլ Վազգեն Մանուկյանի վստահված անձն է եղել), ներկայացրեց ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերում նկատված դրսեւորումների տարբերությունը։ Առաջին փուլում 4 անգամ տեղամասում արձանագրվել է «ընտրակարուսելի խաղարկում», ինչը կատարվում է ավելորդ քվեաթերթիկի միջոցով։ Այդ չորս դեպքի վերաբերյալ էլ կազմվել են արձանագրություններ, որոնք ստորագրել են ԱԺՄ-ի, Կոմկուսի եւ Կարեն Դեմիրճյանի վստահված անձինք։ Դրանց կրկնօրինակները հանձնվել են դատախազություն։ Այս անգամ սակայն, նման խախտումներ չեն եղել։

Ընտրությունների երկրորդ փուլում խախտումների բովանդակությունը փոխվել է։ Ընտրատարածք հասնող ընտրողը հանկարծ բացահայտում է, որ քվեարկված է իր փոխարեն, եւ ցուցակում էլ ստորագրություն կա իր անվան դիմաց։ Տվյալ դեպքում, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ընտրատարածքում հայտնված «ընտրողը» ներկայացել է այլ անձնագրով։ Կարեն Դեմիրճյանի վստահված անձն այստեղ մի քանի գեղեցիկ խոսք հիշեց «այսպես կոչված սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մասին», որի կանխատեսումը տվյալ դեպքում եւս հակառակն էր իրականությանը՝ թե ինչքան քիչ մարդ մասնակցի, այնքան կշահի Դեմիրճյանը։ Քիչ մասնակցությունը, ըստ էության, ապահովեց կեղծիքները ցուցակներում։ Նույն ընտրատարածքում առաջին փուլում 200 ձայնի առավելություն էր ունեցել Կարեն Դեմիրճյանը։ Այս անգամ թեպետ արտաքուստ խախտումներ չկային, սակայն 200 ձայնի առավելություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930