Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել»

Ապրիլ 03,1998 00:00
movses

Իր թիմի հետ Կարեն Դեմիրճյանի հանդիպումից հետո, զրուցեցինք Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանի հետ։

– Այնուամենայնիվ, հանրահավաք կազմակերպվելո՞ւ է, թե՞ ոչ։

– Դեռեւս մարտի 27-ին մենք դիմել էինք քաղաքապետարան՝ 31-ին հանրահավաք անցկացնելու խնդրանքով։ Նրանք անհիմն պատճառներով մերժել էին մեր խնդրանքը։ Բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր պատվիրած միտինգն անցկացնել ցանկացած օր։ Եթե հասցրինք՝ կանենք վաղը, իսկ եթե ոչ, ապա մյուս օրը անպայման։

– Կազմակերպելու է Սոցիալիստական կուսակցությո՞ւնը, թե՞ Կարեն Դեմիրճյանը։

– Կազմակերպելու ենք միասին, ուղղակի մենք մեզ վրա ենք վերցրել կազմակերպչի դերը։

– Պարոն Դեմիրճյանը խոսում է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Մի՞թե չկա այդ ուժը։

– Այդ հարցը քննարկման փուլում է. կամ եղած քաղաքական ուժը կհզորացվի, կամ կստեղծվի մի նոր շարժում կամ միավորում։ Վերջնական լուծումը կլինի մի քանի օրից։

– Սոցիալիստական կուսակցությունը չի՞ բավարարում նրանց պահանջները։

– Նման հարց չի քննարկվում։ Սոցիալիստական կուսակցությունը կա ասպարեզում եւ իր դերը կկատարի։

– Ի՞նչ հարցեր են քննարկվելու միտինգի ժամանակ։

– Նախ՝ գնահատական կտանք ստեղծված վիճակին, կատարված ընտրություններին, կճշտենք մեր անելիքները, կլսենք ժողովրդին եւ ժողովրդի հետ համատեղ կկատարենք մեր գործը։

– Դուք ո՞ր ճանապարհն եք ընտրելու։

– Մենք ասել ենք, որ մենք հեղափոխական կուսակցություն չենք, գնալու ենք իրավիճակի թելադրած բնականոն ճանապարհով։ Եթե ժողովուրդն իսկապես բացարձակ մեծամասնությամբ իր քվեն տվել է Կարեն Դեմիրճյանին, ապա նա տեր կկանգնի իր քվեներին։

– Իսկ ի՞նչ ճանապարհով ենք տանելու այդ դժգոհության ալիքը։

– Համաժողովրդական բողոքի, ինչպես եղել է անցած 10 տարվա ընթացքում՝ բողոք-երթ, պահանջ։

– Իսկ որեւէ առաջարկ եղե՞լ է Ռոբերտ Քոչարյանի կողմից։

– Ես նման բան չգիտեմ։

– Իսկ եթե լիներ՝ կիմանայի՞ք։

– Եթե լիներ՝ պետք է, որ իմանայի, շտաբի բոլոր նիստերին մասնակցել եմ։

– Կարեն Դեմիրճյանն ասաց, որ առաջինն է շնորհավորելու հաղթած թեկնածուին։ Ինչո՞ւ մինչեւ այժմ չի կատարել իր խոստումը։

– Կարեն Դեմիրճյանը հստակ ասաց՝ եթե ապահովվեն արդար եւ ազատ ընտրություններ եւ թեկնածուն ընտրվի նման պայմաններում, ինքը կշնորհավորի նրան։ Նա իր խոսքի տերն է, բայց պետք է ապացուցել՝ եղել են ազատ եւ արդար ընտրություններ։

– Այնուամենայնիվ, կշնորհավորի՞, թե՝ ոչ։

– Չի շնորհավորի, որովհետեւ չեն եղել ազատ եւ արդար ընտրություններ։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ մեր կուսակցության տեսակետը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930