Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսիդե՞նտ, թե՞ միլպետ

Ապրիլ 09,1998 00:00
Albert bagdasaryan

Քաղաքական դաշտը հերթական անգամ նեղացավ: Ընտրությունների նոր ալիքը իր հետ կուլ տվեց եւս մի քանի կուսակցությունների, որոնց մեծաքանակ լինելուց այնքան շատ սարսափում էին 1991-92 թթ.։ Այդքան շատ կուսակցությունների գոյությունը որակվում էին իբրեւ ազգային պառակտվածության չափանիշ եւ ազգային չարիք։

Այսօր ընդդիմադիրների թիվը հասել է հնարավոր նվազագույնին. կայացե՞լ է ուրեմն ազգային համաձայնությունը եւ միասնությունը, ինչպիսի՞ն են լինելու եւ ինչպե՞ս են գործելու մնացած ընդդիմադիրները։

Այս հարցերին է պատասխանում «Ազգային առաջադիմություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բաղդասարյանը։

– Այն պահից, երբ ղարաբաղյան հակամարտությունը թեւակոխեց փխրուն խաղաղության փուլ, մեր համար պարզ էր, որ խնդիրը կունենա երկարատեւ լուծում։ Այդ երկարատեւ մարաթոնում շնչարգելություն չունենալու համար Հայաստանին անհրաժեշտ է հզոր տնտեսություն, հավատով ժողովուրդ եւ իշխանություն, որը վայելում է ժողովրդի մեծ մասի համակրանքն ու աջակցությունը։ Այս դեպքում Ղարաբաղի հարցը մղվում է երրորդ պլան՝ դառնալով հետեւանք եւ ոչ հիմք։ Աշխարհին ձեռք չի տալիս ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը, եւ նրանք տեսնելով, որ ամենաթույլ տեղը Հայաստանն է, որտեղ ճաքեր են տալիս, գնացին ամենաթույլ դիմադրության ճանապարհով՝ պահանջելով միակողմանի զիջումներ։ Իսկ ճաքերը առաջացել էին 1995 թ. Սահմանադրության ընդունմամբ, ԱԺ կազմավորմամբ եւ 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությամբ։ Այդ էր պատճառը, որ մենք դեմ էինք ոչ լեգիտիմ իշխանությանը։ Եթե ոչ լեգիտիմ իշխանությունը ապահովի հանրության մեծ մասի վստահությունը կամ այդ վստահությունը չունենալով՝ ապահովի Հայաստանի շահերը, ես կողմ կլինեմ նաեւ նման իշխանությանը։

– Սակայն աքսիոմա է, որ իշխանությունը լուծում է իր ընտրողների խնդիրները։ Եթե իր հիմքը ժողովուրդը չէ, ինչպե՞ս կարող է այն լուծել ժողովրդին հուզող խնդիրներ։

– Իհարկե, դրանք հայտնի ճշմարտություններ են, բայց ոչ Հայաստանի համար։ Հայաստանում ես համարում եմ, որ դրանք վերջացած են, քանի որ կան 1995 թ. ընտրություններ, 1996 եւ 98թթ. ընտրություններ։ Եվ որքան շատանում են ընտրությունները, այնքան խորանում է փչացման պրոցեսը։ Ի՞նչ է, պահանջենք նոր ընտրություններ, որ մարդկանց մի նոր քանա՞կ փչանա։

– Ճի՞շտ հասկացա, որ Ձեր խնդիրը դառնում է արդյունաբերության, կրթության եւ առողջապահության զարգացման գործում իշխանությանը սատարելը։

– Պետք է ընդունել խաղի այն կանոնները, որ արդեն թելադրված են, քանի որ այդ կանոնները չընդունածների թիվը շատ փոքր է։ Եվ որքան չընդունածները սուր են արտահայտվում խաղի կանոնները չընդունելու մասին, այնքան հակառակ կողմի շահաբաժինը ավելի է մեծանում։

– Օգտագործելով շաբլոնները, կարելի է հետեւություն անել, որ արմատական ընդդիմության լիդերին պաշտպանող եւ արմատական ընդդիմություն ներկայացող կուսակցությունը դարձել է կամ փորձում է դառնալ կառուցողական։

– Ես չեմ ընդունում արմատական տերմինը՝ կա կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն։ Ես երբեք անձին կամ անհատին չէ՝ որ ընդդիմություն եմ եղել։ Լինելով ՀՀՇ-ում, ես ավելի շատ ընդդիմություն էի Լեւոն Տեր-Պետրոսյանին, քան շատ ու շատ ընդդիմադիրներ։ Պաշտպանելով Վազգեն Մանուկյանին, ես դեմ էի այս համակարգին։

– Նաեւ Ռոբերտ Քոչարյանի՞ն։

– Ռոբերտ Քոչարյանը համակարգի կատարողներից էր, եւ այդ համակարգը պահպանվում է։ Կփոխվի՞ այդ համակարգը, դրանից է կախված՝ կլինեմ ես ընդդիմադիր կամ իշխանամետ։

– Արմատական վերափոխումներից հետո Դուք պատրա՞ստ եք դառնալ իշխանություն՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։

– Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի։ Ինձ համար կարեւորը համակարգն է, կարեւոր է, որ լինի իշխանությունների հակակշիռ, օրենքի իշխանություն։ Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի փոփոխությամբ համակարգը չփոխվեց, եւ ես չպետք է շատ-շատերի նման գովերգեմ այս իշխանությունը։

– Յուրաքանչյուր նոր ընտրություն իր հետ բերում է ընդդիմադիր դաշտի նոր «մաքրում»։ Որո՞նք են դրա պատճառները։

– Շատերն ասում են դաշտը փոխվում է, թարմանում է։ Բայց, օրինակ, ՀՀՇ-ից ի՞նչ ընդդիմություն, որպես այդպիսին այն վաղուց գոյություն չունի։ Իմ կարծիքով, քաղաքական դաշտը ոչ թե փոխվում է, այլ մեռնում է։ Եվ ինչպես 60-ականներին ԽՍՀՄ-ում, այժմ էլ Հայաստանում կառաջանա դիսիդենտների մի փոքր խումբ, եւ իշխանության կերակրատաշտին մոտ գտնվելու համար պայքարողների բանակ։ Ինչ է, եթե Հրանտ Խաչատրյանը ոստիկանապետ է դառնալու, ուրեմն՝ իշխանությո՞ւն է։ Գնար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքը կանգներ, գուցե վարչության պետ տային։

– Իսկ կթողնեի՞ն կանգներ։

– Շրջապատը այնպես էր ձեւավորված, որ գուցե չթողնեին։

– Հնարավո՞ր է, որ մյուս ալիքը Ձեզ էլ տանի։

– Շատ հնարավոր է, որ ես էլ հոգնեմ հողմաղացների դեմ կռվելուց։ Ես սա համարում եմ մարաթոնյան վազք։ Մեկի շնչարգելությունը, մյուսի նյութապաշտությունը, երրորդի հոգնելը թույլ չեն տալիս հասնել վերջնակետին։ Նման դեպքերում մեկը հողագործ է դառնում, մյուսը՝ մեկնում է արտասահման կամ վաճառվում է՝ թողնում իր գաղափարը եւ գնում իր մի կտոր հացը վաստակելու։ Ես ինձ հպարտ եմ զգում, որ դրանցից ոչ մեկն էլ չեմ առայժմ։

– Առա՞յժմ…

– Այո, բայց Աստծուց խնդրում եմ, որ չտանի մեզ ի փորձություն։ Վերջապես մեղք են իմ կուսակիցները, որոնք ընտանիք են պահում։ Այսօր Հայաստանում քաղաքական հայացք ունենալը դարձել է վնասաբեր։ Այսօր իմաստ ունի՞ ասել, որ նախագահը լեգիտիմ չէ՝ դրանով գործունեության դաշտ տալով նրանց, ովքեր կասեն, ոչ լեգիտիմ է եւ կերակրափայ կպահանջեն։ Կարծում եմ, որ իմաստ չունի։ Խորհրդային Միության համակարգն էլ էր անսասան թվում, բայց փլուզվեց, չէ՞…

– Պետք է սպասել, որ այս համակա՞րգն էլ փլուզվի։

– Ես այս համակարգը անվանում եմ հակահամակարգ, եւ այն ինքն իրեն կսպառի։

– Ձեր դիրքորոշումը պասիվ սպասողականությո՞ւնն է։

– Այո։

– Կարեն Դեմիրճյանը պատրաստվելու է նոր ԱԺ ընտրություններին, իսկ դո՞ւք։

– Կարեն Սերոբիչը այս խաղը լավ տարավ, եւ ողջունում եմ նրա ճկուն դիվանագիտությունը։ Հատկապես, երբ հայ ժողովրդին ցույց տվեց օրենքին ենթարկվելու իր կարողությունը։ Հուսանք, որ հաջորդ ընտրություններում, երբ համապատասխան տեղերում ցուցակ կկազմվի, նա կդիմի եւ կստանա իրեն հասանելիք տեղերը։

– Դուք չե՞ք դիմի համապատասխան տեղեր։

– Ես կարծում եմ, որ ընտրություններ տերմինը պետք է վերացվի, մեր ժողովուրդն է մեղք։ Իմաստ չունի գնալ, տեղ ուզել, եթե գնալու լինեմ, ինչ-որ շրջանում միլպետի պաշտոն կուզեմ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930