Լրահոս
Օրվա լրահոսը

Ճեպազրույցի հերթական 4-ժամյա մարաթոնը ԱԺ-ում

Ապրիլ 24,1998 00:00
Azgayin joxov

«Ես հակված եմ հարցեր, այլ ոչ պատասխաններ տալ»,- ասաց Արարքցյանը: Շուրջ երկամսյա լռությունը խախտելով՝ երեկ առաջին անգամ իր դիրքորոշումները բարձրաձայնեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանը։ Նա երեք կարեւոր հարց առանձնացրեց, որոնց պատասխանները համարում էր, թե առայսօր հստակ չեն տրվել։ Նախ ամենակարեւորը՝ Ղարաբաղի հարցը. «Առայսօր, համենայնդեպս ինձ համար, պարզ չէ, թե ինչ քաղաքականություն է վարվում։ Հաշվի չեմ առնում մեր քաղաքական երկնակամարի նոր «աստղերի» հայտարարությունները, թե նախորդ իշխանությունները պարտվողական քաղաքականություն էին տանում։ Դրանք ածականներ են։ Իսկ ո՞րն է հաղթանակային քաղաքականությունը՝ մեզ դեռ ոչ ոք չի բացատրել»,- պրն Արարքցյանն այս հարցի պատասխաններն առավել կարեւորում էր՝ նաեւ նկատի առնելով համանախագահողների մոտալուտ այցը։

«Առավոտի» հարցն էր, թե մի՞թե թեկուզ նախընտրական շրջանում Քոչարյանի հայտարարությունները հակամարտության կարգավորման իր տեսակետների վերաբերյալ բավարար չէին տարվելիք քաղաքականությունն ուրվագծելու համար։ Պրն Արարքցյանը նախապես էր ասել, թե նախընտրական ելույթներին լուրջ չի վերաբերվում, հավելեց, թե Քոչարյանի ծրագրում գրվածն էլ՝ խաղաղ կարգավորում ԵԱՀԿ շրջանակներում՝ գրեթե ոչնչով չի տարբերվում իրենց ծրագրից. «Իսկ մնացածը բանավոր խոսքեր են եղել, որոնք փաստաթղթերով չեն ամրապնդված»։

ԱԺ նախկին նախագահի առանձնացրած չպարզաբանված երկրորդ հարցն էր, թե ինչ քաղաքականություն է տարվելու։ Այս առումով մասնավորապես ընդգծվեց, թե խորհրդարանական առկա մեծամասնությունը չի հայտարարել իր քաղաքական ծրագրահենքը՝ «եւ մենք չգիտենք, թե ինչ ուղղությամբ է զարգանալու մեր հասարակությունը»։

Երրորդը կառավարության գործունեության ծրագրի հարցն էր։ Բաբկեն Արարքցյանն անիմաստ համարեց իր կողմից կառավարության կազմի քննարկումը մինչեւ սահմանված 100-օրյա ժամկետի ավարտը կամ գոնե՝ ծրագրի ներկայացումը։ Պրն Արարքցյանը հույս հայտնեց, որ այնտեղ կուրսի էական փոփոխություններ չեն լինի։

Այն հարցերին, թե արդյոք «Հանրապետություն» խմբակցությունը տրամադի՞ր է մայիսի 11-ին կառավարության ծրագրին անվստահություն հայտնել, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց, թե չի ցանկանում կանխատեսել. «Հակառակը՝ ես լավատես եմ։ Եվ մեր առաջարկության իմաստն էլ հենց փափուկ տարբերակով գնալն է, որ ծրագիրը քննարկելու հնարավորություն ունենանք: Քիչ հավանական է, բայց եթե շատ մեծ տարբերություններ եւ կուրսի փոփոխություն լինի՝ այդ ժամանակ էլ մեր ուժերի հնարավորության շրջանակում խմբակցությունը կփորձի ազդել այդ ծրագրի վրա»։

Բաբկեն Արարքցյանը առանձնակի անհստակ, չպարզաբանված հարցերի շարքը դասեց երկքաղաքացիության խնդիրը. «Բոլորը կստանան Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավունքնե՞ր, ասենք, ընտրելու կամ ընտրվելու, թե՞ ինչ-որ ուրիշ բան են ենթադրում։ Կամ երկքաղաքացիության դեպքում բանակի հարցն ինչպե՞ս են որոշելու»։ Ճիշտ էր նախորդ անգամ ենթադրել «Շամիրամը», որ եթե ասելիք չունեն՝ չարժե ասուլիսի գալ։ «Շամիրամի» ներկայացուցիչ Անժելա Բակունցն առավել ընտրական օրենսգրքի մասին խոսեց․ «Անկեղծ ասած, ինձ այս հարցը քիչ է հետաքրքրում, քանզի վստահ եմ ընտրական լավագույն տեխնոլոգիաների՝ ծրարային կամ ընտրական գրքույկների կիրառման դեպքում անգամ մեր «կեղծիչների» չար հանճարը դրանք շրջանցելու որեւէ միջոց կմոգոնի։ Ուստի, իրոք, առավել կարեւորում եմ մթնոլորտի փոփոխությունը, որի դեպքում կգործեն կամ չեն գործի ոչ միայն ընտրական, այլեւ մյուս օրենքները եւս»։

Անժելա Բակունցի ռուսական կրթությունը որոշ լեզվական սայթաքումների պատճառ դարձավ, ասենք, նա այսպիսի առաջարկ ներկայացրեց. «Համամասնական ցուցակներում պետք է համամասնաբար ներկայացված լինեն ոչ միայն կանայք, այլեւ բոլոր սեռերի ներկայացուցիչները»։ Այս վրիպակի եւ ասենք մարդահամարը հանրաքվեի հետ շփոթելու առիթով լրագրողների մեծ մասը սահմանված կես ժամից առնվազն 15 րոպեն ծիծաղեց։ «Երեւի շատ ծիծաղելի է, բայց փաստ է, որ կանայք այսօր շատ վատ են ներկայացված իշխանության բոլոր օղակներում, եւ դա այդքան էլ ծիծաղելի չէ»,- հակագրոհի դիմեց Անժելա Բակունցը։

Կոմունիստները դարձյալ ուզում են վերականգնել ԽՍՀՄ-ը։ Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը գնահատեց, թե այս կառավարության կազմի համար չեն պահպանվել ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ազգային համաձայնության սկզբունքները։ Ոչ արհեստավարժ համարվեցին տրանսպորտի, արդարադատության եւ կապի նախարարները. «Այդ ճյուղերի մասնագետները չեն եւ ոչ էլ ժողովրդին հայտնի անձնավորություններ են»։ Գագիկ Թադեւոսյանի այն ձեւակերպմանը, թե իրենք «արմատական եւ պատասխանատու» ընդդիմությունն են, հետո Հայկոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հավելեց. «Մենք եղել եւ մնում ենք անհաշտ ընդդիմություն ներկա իշխանությունների նկատմամբ, եւ համագործակցելու ոչ մի եզր չկա»։ ԱԺՄ-ն առայժմ սպասում է ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն էլ անդրադարձավ կառավարության կազմավորման ձեւին՝ այն անվանելով «ոչ ժողովրդավարական եւ ավտորիտար պետություններին բնորոշ»։

«Առավոտի» հարցն էր, թե արդյոք ԱԺՄ-ն շարունակելո՞ւ է կառուցողական ընդդիմության նույն պահվածքը, որ դրսեւորեց արտահերթ վերջին նիստի ժամանակ։ Շավարշ Քոչարյանն ասաց, թե անդրադառնալու են իրենց մոտեցմամբ կարեւոր բոլոր օրինագծերին, իսկ ընդհանրապես իրավիճակը «պայմանական եւ նույնիսկ սպասողական է»՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունների ցանկի ներկայացումը։ «Դեռեւս նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը խոսում էր այն մասին, որ երկրի համար վտանգավոր է այսպիսի գերլիազորություններով նախագահը։ Հիմա տեսնենք, թե ինչպես կիրականանան այդ խոստումները»։ ԻՄ-ն էլ «կարծես ասելիք» չունի: Սա խոստովանելով, Ներսես Զեյնալվանդյանը անդրադարձավ Պարույր Հայրիկյանի գրավելիք նոր պաշտոնների մանրակրկիտ ներկայացմանը՝ քանի՞ ամիս է աշխատելու իբրեւ նախագահի պետաիրավական բարեփոխումների հարցերով խորհրդական, որտե՞ղ է նստելու, ովքե՞ր են լինելու մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի կազմում եւ այլն։

Ոչ որակյալ մեծամասնության խոսքը «Երկրապահի» անունից խոսեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, չնայած ներկա էին նաեւ խմբի նորընտիր ղեկավար Սմբատ Այվազյանը եւ երկրապահուհի Հերմինե Նաղդալյանը։ Ալբերտ Բազեյանի խոսքը բավական լարված եւ ջղային էր։ Նա նախ պատասխանեց այն մեղադրանքներին, թե «Երկրապահը» խուսափում է քաղաքական պատասխանատվությունից։ Նշվեց, թե իրենք հարաբերական, այլ ոչ որակյալ մեծամասնություն են, այսինքն ԱԺ-ում ունեն պատգամավորների ոչ թե 50,1%, այլ 36-37%։ Երկրի ղեկավարման եւ հետագա զարգացումների համար պատասխանատվությունը ստանձնելու ՀՀՇ-ի կոչերին Ալբերտ Բազեյանն այսպես հակադարձեց. «Մենք այդքան մեծամիտ չենք, որ ասենք պատասխանատվությունը վերցնելու մասին։ Եվ մենք տեսանք, թե ինչի բերեց քաղաքական մեկ ուժի պատասխանատվությունը երկրի ճակատագիրը տնօրինելու վերաբերյալ։ Նրանք շատ մեծ «պատասխանատվությամբ» իհարկե առաջնորդվեցին սեփական բարեկեցության, բայց ոչ երկրի եւ մեր ժողովրդի խնդիրները լուծելու հարցում»։

«Երկրապահի»՝ որեւէ գաղափարախոսություն չունենալու պնդման վերաբերյալ էլ պատասխանը մասնավորապես հետեւյալն էր. «Երկրապահ տերմինի մեջ է հենց մեր գաղափարախոսությունը»։ Ալբերտ Բազեյանին վերջապես վրդովել էր «առնետ» բառը «Երկրապահ» անցածների վերաբերյալ, երբ այդ բնորոշումը 2 ամիս շրջանառության մեջ լինելուց հետո Կարապետ Ռուբինյանն էր կրկնել, ԱԺ փոխնախագահը խիստ ճշմարիտ եւ արժանի պատասխան տվեց. «Հանրապետության» 115 պատգամավորից այսօր 50-ն են մնացել։ Ինձ համար ուղղակի տարօրինակ է, եթե այդ մարդիկ առնետներ էին՝ ինչպե՞ս էր «Հանրապետություն» միավորմանը եւ ՀՀՇ-ին հաջողվել այդքան առնետներ ներգրավել»։

«Բարեփոխումներ», «Հայրենիք» «Բարեփոխումներ» խմբի քարտուղար Մարգուշ Վարդանյանի խոսքից արժանահիշատակ է կառավարության կազմի առնչությամբ արված այն դժգոհությունը, որ միակ կին նախարարը պաշտոնանկ արվեց. «Եթե մեկ կին ազատվում է, ապա հասարակության զարգացման գործընթացը թելադրում է 2 կին նշանակել, որը, ցավոք, տեղի չունեցավ։ Տղամարդկային շովինիզմն իր սեւ դերը կատարեց»։

Իսկ Էդվարդ Եգորյանի տեսակետները մտադիր ենք առանձին հրապարակմամբ հանգամանալից ներկայացնել։ Մինչ այդ այս ճեպազրույցից մեջբերենք նրա հետեւյալ դատողությունները. «Հայրենիք» պատգամավորական խմբի մտահոգությունը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հետ, ինչ-որ տեղ նշանակում էր նաեւ անհամաձայնություն այդ առաջադրմանը։ Մեր գլխավոր անհանգստությունը հետեւյալն է. նախ՝ Հայաստանի միջազգային հեղինակության տեսակետից կասկածներ կան, թե ուժային ճնշման տակ եղավ նախկին նախագահի հրաժարականը, եւ եթե ուժայինները գրավում են իշխանությունը՝ կասկածելի հեղինակություն կարող է ունենալ Հայաստանը, որ, ըստ էության, ուժային ռեժիմ է հաստատվում երկրում։ Հերթական ոչ մաքուր ընտրությունների անցկացման դեպքում մեր երկիրը երկրորդ հարվածը կստանար։ Եվ երրորդ հարվածը՝ մտահոգություն ունեմ, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցը կփորձի լուծել ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հետ բանակցություններ վարելով։ Ղարաբաղը կարող է երկրորդական դեր ունենալ։ Հայաստանի վրա ուղղակի ճնշումների դեպքում մենք կարող ենք ստանալ ավելի վատ լուծում, որովհետեւ Հայաստանի զարգացման հնարավորությունները կշղթայվեն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930