Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԵՐԿԻՐ»

Մայիս 22,1998 00:00
Vasak Darbinyan

«ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց պետական հասարակական ունեցվածքի գողությունների եւ հափշտակումների բացահայտման դեմ կատարվող աշխատանքները»։

«ԵՐԿԻՐ», անստորագիր, 21 մայիսի

Գլխավոր դատախազի հաջորդ ասուլիսի (եթե այդպիսին լինի) վերաբերյալ «Երկիրի» հրապարակման մեջ կնշվի կառավարական բարձր պարգեւների արժանացած այն անձանց ցուցակը, ովքեր անձնազոհաբար պայքարել են նշված ծանր հանցագործությունների բացահայտման դեմ։ Այդ կերպ թույլ չտալով խայտառակել գողերի եւ հափշտակողների բարի համբավը։

ԿՃՇՏՎԻ՞ ՇԱԲԱՇԻ ՉԱՓԸ

«Ի՞նչ են անում նրանք. գնում են շքեղ ավտոմեքենաներ, շաբաշներ են տալիս, ուզում են աչքի ընկնել, բայց դա դեռ քիչ է գործարար դառնալու համար»։

ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ազգ», 20 մայիսի

Որոշ գործարարներ, ամբողջովին չըմբռնելով պարոն Վարդանյանի դիտողությունը, խնդրել են նրան պարզաբանել, որ եթե իրենց շքեղ ավտոմեքենաները, շաբաշները եւ աչքի ընկնելու ցանկությունը քիչ է, ապա եւս քանի՞ ավտոմեքենա պիտի գնեն, որքա՞ն շաբաշ պիտի տան եւ աչքի ընկնելու ցանկությունից բացի ուրիշ ի՞նչ ցանկություններ պիտի արտահայտեն։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԶԴՈՎ

«Շան լակոտ ասողից նեղացողը իր մորն է կասկածում»։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ, «ՀՀ», 20 մայիսի

Զարգացնելով իր այս միտքը՝ Ռազմիկ Մարտիրոսյանը հասարակության դատին կներկայացնի իր հետեւյալ առաջարկությունը. «Բոլոր նրանք, ովքեր իրենց մայրերին չեն կասկածում՝ իրենց շան լակոտ ասողների հանդեպ պարտավոր են տածել երախտագիտության քնքուշ զգացումներ»։

ՀԻՊՈԿՐԱՏԻ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ

«Դեռ կան բժիշկներ, որ մնացել են իրենց բարձրության վրա»։

ՎԱՐԴԳԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Հայոց աշխարհ», 21 մայիսի

Հարգարժան ակադեմիկոսի խոսքը համապատասխան ատյաններում մեծ իրարանցում է առաջացրել։ Ըստ լուրերի՝ պարոն Միքայելյանին մխիթարական հեռագիր է հղվել հետեւյալ բովանդակությամբ. «Ամենեւին մի անհանգստացեք. վաղվանից չեն լինի»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031