Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆՉՎԵԼ ԷՐ ՈՐՊԵՍ ՎԿԱ

Օգոստոս 07,1998 00:00
Vano Siradexyan

ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ օգոստոսի 6-ին դարձյալ ՀՀ դատախազություն է հրավիրվել Վանո Սիրադեղյանը՝ այս անգամ, որպես վկա, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության գործով հարցաքննվելու համար:

6 ՕԳՈՍՏՈՍԻ 1998 Թ. ԺԱՄԸ 14:10 ՍՊԱՆՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԸ

Այսօր իր առանձնասենյակում հրազենի կրակոցով սպանվել է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Ըստ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցի տեղից հեռախոսով տրված տեղեկատվության, սպանողը, որի անձը դեռեւս անհայտ է, ինքը տեղում ինքնասպան է եղել: Ժամը 17:30-ի շրջանում փակված էին ՀՀ դատախազություն տանող բոլոր մուտքերն ու ելքերը, աշխատողներից ոչ ոք դուրս կամ ներս չէր թողնվում: Շենք էին կարողանում մտնել միայն իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները:

ԺԱՄԸ 17:40 ՍՊԱՆՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է

Ինչպես հայտնի դարձավ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին, ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանել է Արամ Կարապետյանը: Նա դատախազության համակարգի երկարամյա աշխատող է, եղել է Բաղրամյանի շրջանի, Երեւանի Արաբկիրի շրջանի, այնուհետեւ՝ տրանսպորտի դատախազը, որտեղից աշխատանքի է անցել ՀՀ գլխավոր դատախազությունում, որպես քրեական-դատական բաժնի դատախազ: Սա փաստորեն պաշտոնի իջեցում է, որը, սակայն, կատարվել է Հ. Խաչատրյանի նախորդի՝ Արտավազդ Գեւորգյանի պաշտոնավարության օրոք:

ԺԱՄԸ 18.40

Առաջին հաղորդագրությամբ «Արմենպրեսը» հայտնում է, որ Վանո Սիրադեղյանը հրավիրվել է դատախազություն եւ հարցաքննվել Համբարձում Գալստյանի սպանության գործով: Ինչո՞վ բացատրել այդ եւ սպանության վերաբերյալ տեղեկատվություններն իբրեւ մեկ շղթայի օղակներ ներկայացնելը… (Ի դեպ, երբ Վանո Սիրադեղյանին առերեսման էին կանչել Վահան Հարությունյանի հետ՝ «Արմենպրեսն» այդ մասին լռում էր): Երկրորդ հաղորդագրությունը թղթակիցը թելադրել է շենքի ներսից:

Նրան թույլ են տվել օգտվել հեռախոսից, ինչը նման դեպքում անթույլատրելի գործողություն է: Հաջորդը. հաղորդագրության մեջ պնդվում է, որ անհայտ մարդասպանը դատախազին գնդակահարելուց հետո ինքնասպան է եղել: Հարց է ծագում. փամփուշտների փորձաքննությունը ե՞րբ հասցրին անել, ե՞րբ բալիստիկ փորձաքննություն նշանակվեց, ե՞րբ մատնահետքերի եւ այլ ապացույցների հավաքում եւ համեմատություն կատարվեց: Եթե այս ամենը դեռ չէր արվել, ի՞նչն էր թույլ տալիս պնդել, որ դատախազին սպանողը ինքնասպան է եղել: Ուրեմն, իրո՞ք նա է սպանել…

Տպավորություն է ստեղծվում, որ դատախազի առանձնասենյակում կատարված ողբերգությանը ներկա է եղել ականատես: Ուշադրություն դարձնենք, ի դեպ, հաղորդագրությունների ժամերին… Երրորդ լուրում արդեն ճշտված է, որ սպանողը Արամ Կարապետյանն է: Այստեղ մի քանի հարց է ծագում, սակայն առայժմ բավարարվենք երկուսով: Արդյոք դատախազության աշխատակիցներից ոչ ոք միանգամից չկարողացա՞վ ճանաչել իր գործընկերոջը եւ ինչու՞: Եւ երկրորդ. նշված է, որ Կարապետյանի պաշտոնը իջեցվել է, բայց ոչ Հենրիկ Խաչատրյանի օրոք: Այսինքն, վերանում է (արդյոք պատահաբա՞ր) անձնական հարաբերությունների հողի վրա սպանության մոտիվը:

…Արածներս մեծ բան չէ, ուղղակի նկատեցինք այն, ինչը չէր կարելի չնկատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31