Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայում են փախստականները

Սեպտեմբեր 09,1998 00:00
Karmirshalyan

«Առավոտի» մի քանի հրապարակումների առիթով դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի տնօրեն Վ. Կարմիրշալյանը հայտնել է իր բողոքն ու մեղադրել կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ։ Ուստի, հրապարակում ենք փախստականների վկայություններն առանց միջամտության, քանի որ փախստականների ծրագրերով զբաղվում է պարոն Կարմիրշալյանը, հետեւաբար պետք է վայելի նրանց հարգանքը։

Վաղարշակ Թավաքալյան. – Առաջին հերթին, Կարմիրշալյանին ոչ մի փախստական չի վստահում եւ անթույլատրելի է նրան հանձնարարել՝ զբաղվել փախստականների հարցերով, թեեւ ինքը՝ Կարմիրշալյանը հայտարարել է, թե պայմանագիր է կնքել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի հետ եւ Երեւանում իրականացնելու է փախստականների ծրագրերը, ավելի ստույգ՝ փախստականների քաղաքացիության, զորակոչի, բնակարանների եւ աշխատատեղերով ապահովելու խնդիրները։

Մեզ առավելապես հուզում էր բնակարանի հարցը եւ դրա մասին Կարմիրշալյանի ներկայացուցիչը, որ այցելում էր հանրակացարաններ, պարզաբանեց, թե ՄԱԿ-ի հետ պայմանավորվածության համաձայն, փախստականներին վարկ է հատկացվելու եւ վերջիններս կարող են այն օգտագործել ինչպես կամենան՝ կարող են բնակարան գնել, հող գնել, բնակարան կառուցել կամ հեռանալ Հայաստանից։ Բացի այդ, խոստացան լուծել աշխատանքի խնդիրը։ Այս հայտարարության շուրջ պարզաբանումների համար գնացինք ՄԱԿ, որտեղ մեզ պատասխանեցին, թե որեւէ վարկ, որեւէ գումար չի տրվելու եւ մեզ խաբում են։ Այս դեպքից հետո Կարմիրշալյանի ներկայացուցիչն այլեւս հանրակացարաններում չերեւաց։

Կարինե Ասատուրյան (բանասեր) – Ինչպես ցանկացած փախստականի, ինձ համար եւս առաջնահերթը բնակարանի խնդիրն է։ «Արաբկիր» հյուրանոցում ներկա էի Կարմիրշալյանի ուղարկած մարդկանց հրավիրած ժողովին։ Փախստականերին 6-12 հազար դոլար վարկ հատկացնելու մասին հայտարարությունը ճշտելու համար գնացել եմ Կարմիրշալյանի մոտ։ Նա կրճատեց 6-12 հազարը մինչեւ հինգ հազար դոլար, սակայն հատկացվելիք վարկի մասին հայտարարությունը չհերքեց։ Հետագայում պարզվեց, որ նման պայմանավորվածություն չկար։

Ժաննա Հարությունովա. – Բազմիցս մեր հյուրանոցում («Արաբկիր») հայտարարություններ էին փակցվում, թե գալու է Կարմիրշալյանի ներկայացուցիչը։ Բնակիչները հավաքվում-սպասում էին՝ ոչ ոք չէր գալիս։ Վերջապես, ես զանգեցի Կարմիրշալյանին եւ բացատրեցի, որ այդպես չեն վարվում։ Հաջորդ օրը նա ուղարկեց իր ներկայացուցչին, որն իր խոսքում հայտարարեց, թե՝ փախստականներին հատկացնելու են 6-12 հազար դոլար վարկ։ Ես զանգեցի Կարմիրշալյանին, եւ նա պատասխանեց, որ դա սուտ է։

Բացի այդ, որ նրան տեղեկացրի, թե հյուրանոցի տնօրենն արգելել է փախստականներին ելումուտ անել կենտրոնական մուտքով («Արաբկիր» հյուրանոցի տնօրենը «Զինվոր» թերթի գլխավոր խմբագիր Վրեժ Իսրայելյանն է), իսկ նա իբրեւ փախստականների իրավունքների պաշտպան, պարտավոր էր միջամտել, սակայն որեւէ միջամտություն չեղավ։ Նա պարզապես փախստականներին օգտագործում է գրանտներ ստանալու համար։

Ստելա Ղուկասովա. – Ես փախստականների հարցերով ակտիվ զբաղվող մարդ եմ, բայց երբեւէ չեմ տեսել, չեմ լսել, որ Կարմիրշալյանը խոսի փախստականների օգտին։ Ես նրան ճանաչում եմ իբրեւ դեմոկրատիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն եւ չեմ տեսել, որ մի անգամ ըստ էության պաշտպանի փախստականների իրավունքները։ Երբ փախստականներին բռնի հանում էին իրենց օթեւաններից, երբեւէ չի զբաղվել նրանց ճակատագրով։ Մի անգամ լսել եմ նրա հեռուստաելույթը, ոգեւորված պատմում էր ինչքան լավ են զգում քաղաքաբնակ բաքվեցիները գյուղական վայրերում, եւ ինչպես են ադապտացվել, ինչը պարզապես կեղծիք է։

Շատ զարմացած եմ, որ Երեւան քաղաքի փախստականներով պիտի զբաղվի Կարմիրշալյանը՝ ՄԱԿ-ից առաջարկված ծրագրով։ Փախստականների ծրագիր կարող է վերցնել այն մարդը, որ ցավում է նրանց համար, շփվել է փախստականների հետ՝ եւ գոնե մի անգամ պաշտպանել է փախստականների շահերը։ Ես մի անգամ ներկա եմ եղել մի օրենքի քննարկման, որին ներկա էին Գ. Պողոսյանն ու Վ. Կարմիրշալյանը։ Գ. Պողոսյանը բողոքում էր, որ փախստականները խոսում են ռուսերեն եւ իրեն թույլ տվեց շատ կոպիտ հեգնել, թե «Ես ձեզ չեմ ասում խոսեք թուրքերեն»։ Սա վրդովմունք առաջացրեց փախստականների մեջ, իսկ Կարմիրշալյանն անգամ թեթեւակի դիտողություն չուզեց անել այս վիրավորական վերաբերմունքի առիթով։

Ես ծրագրերին դեմ չեմ, բայց համոզված եմ, որ դրանցով պիտի զբաղվեն փախստականների խնդրով մտահոգ մարդիկ։ Հնարավորության դեպքում կարտահայտեմ զարմանքս եւ ապշանքս, որ ինչ-որ մեկը հովանավորում է մարդկանց, որոնք, կոպիտ ասած, թքած ունեն փախստականների վրա, բայց ներգրավվում են ակտիվ գործունեության մեջ։

Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930