Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարաթոնը հասնում է եզրագծին

Սեպտեմբեր 26,1998 00:00
Germania

Ընդամենը 4 օր հետո Գերմանիան կունենա նոր խորհրդարան, կանցլեր եւ կառավարություն, եւ սեպտեմբերի 27-ի մոտենալու հետ՝ ավելի է դժվարանում կանխատեսումներով զբաղվողների գործը։ Եթե մեկ ամիս առաջ սոցիալ-դեմոկրատների առաջնությունն անվիճելի էր թվում (15-20%), ապա բոլորովին այլ է պատկերը վերջին օրերին։ Տարբերությունը հալվում է աչքի առաջ, քրիստոնեա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների միջեւ այժմ ճեղքվածքը տոկոսի տասնորդական մասերով է չափվում։ Ճիշտ է, առջեւում դեռ սոցիալ-դեմոկրատներն են։

Երեկ, ուշ երեկոյան, Լյուդվիգսհաֆենում հանդիպում տեղի ունեցավ Գերհարդ Շրյոդերի հետ։ Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս քաղաքում ծնվել եւ բնակվում է Շրյոդերի գլխավոր մրցակիցը՝ Հելմուտ Քոլը։ Քաղաքային մարզադահլիճում հավաքված կանցլերի բազմաթիվ հայրենակիցները, թվում է, պետք է սառն ընդունեին նրա մրցակցին, սակայն ցուցադրված ջերմ ընդունելությունը թույլ տվեց կարծել, որ նույնիսկ այստեղ ոչ բոլորն են խրախուսում ներկայիս կանցլերի քաղաքականությունը։

Շրյոդերն իր ելույթում նշեց, որ կիրակի օրը Գերմանիան ընտրություն է կատարելու լճացման եւ առաջընթացի միջեւ։ Բնականաբար, առաջընթացն, ըստ նրա, կարող է ապահովվել միայն իր կուսակցության հաղթանակի դեպքում։ «Քոլը 1982 թ. կանցլեր Շմիդտին մեղադրում էր նրանում, որ երկրում 1,5 միլիոն գործազուրկ կա։ 16 տարի անց Գերմանիայում գործազուրկները 4,5 միլիոն են։ Եթե Քոլը պարկեշտ մարդ լիներ, ներողություն կխնդրեր Շմիդտից»,- հայտարարեց Շրյոդերը։ Նրա ելույթում բազմիցս շեշտվեց Հելմուտ Քոլի անունը, եւ, որքան էլ զարմանալի է, բոլոր դեպքերում բացասական երանգով։

Մեզ՝ ԱՊՀ լրագրողներիս խմբի համար, բավական անհասկանալի էր նման կեցվածքը. Գերմանիայի պես հարուստ եւ բարեկեցիկ երկրներն այնքան էլ շատ չեն, եւ անզեն աչքով կարելի է տեսնել, որ Քոլն, այնուամենայնիվ, ինչ-որ բան արել է այս երկրի համար։ Այս երեւույթը գերմանացիները բացատրեցին շատ պարզ եւ հասկանալի. դժգոհություն շատ բարձր մակարդակում։ Իսկապես, սոցիալական նպաստների չափով եւ էֆեկտիվությամբ շատ քչերը կարող են համեմատվել Գերմանիայի հետ։

Բայցեւայնպես, շուրջ 1,5 ժամ Գերհարդ Շրյոդերը խոսեց միայն Քոլի եւ նրա վարած քաղաքականության դեմ, մերթընդմերթ նշելով, որ երկուշաբթի օրվանից սկսած իրենք նոր քաղաքականություն կսկսեն։ Նախանձելի ինքնավստահություն է։ Երբեմն-երբեմն Շրյոդերն ուղղակի մարքսիստական կոչեր էր հղում դահլիճ, ինչը մեր թարգմանչուհի Էնրիկեն էլ նկատեց եւ որպես Գերմանիայի քաղաքացի՝ կարգին վախեցավ։ Լյուդվիգսհաֆենում հանդիպումն ավարտվեց ուշ երեկոյան։ Երթուղու հաջորդ կետը Մյունխենն է, ուր ընտրողներին այցի կգա Հելմուտ Քոլը։ Ֆրանկֆուրտում մեր վերջին հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե թեկնածուներից որեւէ մեկի, այլ՝ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթի խմբագրակազմի հետ։

Ցավոք, լուսանկարներն ուղարկելու հնարավորություն չկա, եւ ստիպված եմ բանավոր նկարագրել։ Թերթը զբաղեցնում է երկու հսկայական շենք քաղաքի կենտրոնում եւ ունի 1400 աշխատակից, որոնց մի մասն աշխատում է Ֆրանկֆուրտից դուրս։ Ամենօրյա տպաքանակը կազմում է 400 հազար, իսկ թերթի ծավալը 80 էջ է։ Ճշտեմ, որ տպաքանակ այստեղ համարվում է վաճառված օրինակների քանակը, իսկ ամբողջ տպաքանակը մոտ է կես միլիոնին։

Մեզ ընդունեց քաղաքական բաժնի խմբագիր Մարկուս Վեհները եւ բավական մանրամասն ներկայացրեց թերթի առօրյան։ Նշեմ ամենահաճելիները։ Աշխատանքի կարող է ընդունվել բարձրագույն կրթությամբ ցանկացած մարդ։ Փորձաշրջանը կազմում է 1-1,5 տարի, որի ընթացքում նա ստանում է ամսական 3 հազար մարկ։ Եթե փորձաշրջանն անցնում է հաջող՝ պայմանագիր է կնքվում 3-5 տարով, նվազագույնը՝ 5000 մարկ աշխատավարձով, գումարած ծառայողական մեքենան եւ սոցիալական արտոնությունները։

Ի դեպ, եթե աշխատակիցն ինքը չցանկանա, ոչ ոք չի կարող նրան ազատել աշխատանքից։ Աշխատանքային պայմանները փառահեղ են, սակայն աչք ծակեց, որ թերթը հավաքվում ու էջադրվում է առնվազն 10 տարվա հնության համակարգիչներով։ Մի խոսքով, տպավորությունները խիստ հարուստ են, եւ ոչ բոլորն է հնարավոր արտահայտել գրավոր խոսքով։ Մի քանի ժամից մեր լրագրողական դեսանտը կհասնի Մյունխեն, եւ նախընտրական վերջին երկու օրերը կանցկացնենք այնտեղ։ Տեմպը մրրկային է։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտի» թղթակից

Հ. Գ. Քիչ առաջ Մյունխենում ավարտվեց հանդիպումը իշխող կուսակցության եւ Հելմուտ Քոլի հետ քաղաքի կենտրոնում։ Քրիստոնեա-դեմոկրատների հավաքից կարող եմ առանձնացնել հետեւյալը. ելույթներն ընդգծված հակասոցիալիստական են եւ պոպուլիզմի մեծ չափ են պարունակում։ Մատնանշվում է, որ ՔԴՄ-ն կարողացավ միավորել Գերմանիան, եւ այսուհետ հարկավոր է դեպի իշխանություն տանող ուղին փակել «Հիտլերի եւ Ուլբրիխտի» առջեւ։ Այսինքն՝ մերժել աջ կամ ձախ ծայրահեղությունը։ Բազմության քանակը Բավարիայում քիչ բան կարող է նշանակել։ Այս երկրամասում Քոլի կուսակցությունը միշտ բացարձակ առավելություն է ունեցել, եւ շատ դժվար է միայն Մյունխենի ֆոնին հետեւություններ անել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930