Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզդի չեն դառնում, ծնվում են մորից»

Հոկտեմբեր 09,1998 00:00
aziz tamoyan

Եզդիների ազգային միության, իսկ վերջերս նաեւ իրեն Աշխարհի եզդիների միության պրեզիդենտ հռչակած Ազիզ Թամոյանի մեկնել է Գերմանիա: Պարոն Թամոյանը մինչ այդ արդեն եղել էր Գերմանիայում, հանդիպումներ ունեցել տեղի եզդիական համայնքի հետ, որը ձեւավորվել էր առավելապես Հայաստանից արտագաղթած եզդիներից։ Ըստ մեր ունեցած տվյալների, պարոն Թամոյանը այնտեղ նշել էր, որ Հայաստանում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ ընդհակառակը՝ ավելանում եւ խորանում են։ Գերմանիա էր գաղթել նաեւ Ազիզ Թամոյանի որդիներից մեկը։ Ըստ նախնական տեղեկատվության, պարոն Թամոյանը Գերմանիայում արդեն ներկայացել է Կարմիր խաչի գրասենյակ։

Սրանք մեր ունեցած տվյալներն են, իսկ Ազիզ Թամոյանի ազգականները հայտնեցին, որ պարոն Թամոյանը Գերմանիա է մեկնել բուժման նպատակով եւ հնարավոր է, որ մեկ ամիս հետո վերադառնա։ Այս եւ եզդիներին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Շարֆադինի հետեւորդներ» կազմակերպության ղեկավար, Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ, «Էզդիխանա» կուսակցության խորհրդի անդամ Հասան Հասանյանի հետ։

-1988-ի եզդիների մոտ 300 հոգանոց խորհրդաժողովը որոշեց ստեղծել Եզդիների ազգային միություն, որը սկզբնապես կոչվում էր Ջհանգիր աղայի անունով։ Նախագահի պաշտոնում սկզբում առաջադրվեց իմ թեկնածությունը, սակայն ես մերժեցի, եւ մենք համաձայնվեցինք, որ կազմակերպությունը ղեկավարի Ազիզ Թամոյանը։ Սակայն Ազիզ Թամոյանը հետագայում տրվեց ինչ-որ գայթակղությունների, 30-40 հոգանոց ժողովում իրեն հռչակեց պրեզիդենտ, որի պատճառով էլ հեռացա միությունից։ Հետո նա իրեն հռչակեց եզդի ժողովրդի ազգային հերոս։ Բաքոյան Մաքսիմի փողերով 3 ոսկե մեդալ ձուլվեց, որոնցից մեկը տրվեց Մաքսիմին, մյուսը՝ իրեն, իսկ երրորդը նախատեսված էր ինձ համար։

Երբ ես հրաժարվեցի, ասելով, որ դա ինձ պատիվ չի, քանի որ հերոս միայն պատերազմում են դառնում, նրանք այդ մեդալը տվեցին արժանահիշատակ Վազգեն Առաջինին՝ որպես եզդի ժողովրդի հերոս։ Ինձ համար, սակայն, պարզ չէ, թե Վազգեն Առաջինն ինչ էր արել, որ դարձավ մեր ժողովրդի հերոս, կամ ինչու այդ մարդու անվան հետ խաղացին՝ նրան շնորհելով ինքնաստեղծ մեդալ։ Նա ընկերություն էր անում ընդդիմադիր կուսակցությունների եւ գործիչների հետ, բայց մենք փոքր ժողովուրդ ենք եւ պետք է անենք այն, ինչ նախատեսում են իշխանությունները։ Բայց նա մտերմություն էր անում ընդդիմության հետ, որը մեզ ոչ պատիվ կբերեր, ոչ բարգավաճում։

-Այսօր կա միության նոր պրեզիդենտ՝ Ջամալ Սադախյանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրան։ Կարո՞ղ է նա լուծել եզդիներին հուզող խնդիրները։

-Այո, կա նոր պրեզիդենտ, բայց ով է ընտրել նրան։ Առանց ժողովրդի, առանց միության, նա ինքնահռչակ պրեզիդենտ է։

-Բայց նույն կերպ ասում են, որ դուք նույնպես ինքնահռչակ հոգեւոր առաջնորդ եք։ Բազմաթիվ եզդիներ ասում են, որ մենք ունենք մի հոգեւոր առաջնորդ՝ Միր, որն ապրում է Իրաքում՝ Սինջարում, որ նաեւ եզդիների հոգեւոր կենտրոնն է։

-Ես եւս լսել եմ նման խոսակցություններ։ Բայց դա բնավ էլ այդպես չէ։ Ես ընտրվել եմ եզդի շեյխերի մի մեծ խմբի կողմից։ Մենք 1992 թվականին ստեղծել ենք «Շարֆադինի հետեւորդներ» կրոնական համայնքը, որը գրանցված է կրոնի գործերի վարչությունում, ես էլ ընտրվել եմ հոգեւոր համայնքի նախագահ, եւ ցմահ հոգեւոր առաջնորդ։ Ներկա էր մոտ 70 հոգեւորական շեյխ։ Իհարկե, եղել են նաեւ շեյխեր, որոնք չեն մասնակցել իմ ընտրությանը։

-Ովքե՞ր են եզդիները եւ ովքե՞ր են քրդերը։ Ի՞նչ տարբերություններ եւ նմանություններ կան այս երկու ժողովուրդների մեջ։

-Վերջերս ես գնացել էի Ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանի մոտ։ Շատ ներողություն խնդրելով, ես նրան հարցրի, թե կա՞ն քրդացած հայեր։ Նա պատասխանեց՝ «շատ»։ Այժմ քրդերի մեջ ամենախոշոր ցեղախմբերից մեկը կոչվում է Ռաշկոյա ցեղի քրդեր, իսկ մյուսը՝ Մամկա ցեղի քրդեր։ Եթե հայ պատմաբանները չմեղանչեն պատմության առաջ, պետք է ասեն, որ դրանք եղել են Ռշտունյաց եւ Մամիկոնյան ցեղի հայեր։ Քրդացել են բազմաթիվ ասորիներ, արաբներ, հույներ։ «Նույնիսկ քրդացած թուրքեր կան, Հասան», սրանք Ֆադեյ Տաճատիչի խոսքերն են։ Տակի մնացածը բռնության սպառնալիքի տակ քրդացած եզդիներ են։ Եզդի հնարավոր չէ դառնալ, եզդի պետք է ծնվել մորից։ Ես ոչ մի թշնամություն չունեմ քրդերի դեմ, նրանք ազգային-ազատագրական պատերազմ են մղում, եւ Աստված տա, որ հաջողություն ունենան։ Բայց ես եզդի եմ ծնվել եւ այլ ազգ դառնալ չեմ ուզում։ Շատ ենք, քիչ ենք, տգետ ենք, թե գիտուն՝ այս ենք։

Մեր զրույցից պարզվեց, որ եզդիներն այնքան էլ հստակ պատկերացում չունեն իրենց կրոնի մասին։ Գիտեն, որ այն կոչվում է Շարֆադին, որ իրենք արեւապաշտ են։ Նրանց Սուրբ Գիրքը՝ Զաբուն, դեռեւս 14 դար առաջ ոչնչացվել է։ Ըստ Հասան Հասանյանի, կան մարդիկ, որոնք պնդում են, որ այն գտնվում է Բրիտանական թանգարանում։ Ուսմունքը փոխանցվել է բերանացի, որի հետեւանքով համարյա ոչինչ չի մնացել։ Եզդի հոգեւորականները՝ շեյխերը, որոնք կատարում են ամուսնության, թաղման եւ այլ տոներ ու ծեսեր, գիտեն միայն արարողակարգը, իսկ դրա իմաստը, նշանակությունը, բովանդակությունը շատերի համար, արդեն մի քանի սերունդ, խորթ է։ Հասան Հասանյանն առաջարկում է կրոնական ռեֆորմացիա, որն էականորեն կարող է փոխել վիճակը։

-Կրոնն է պահել մինչեւ հիմա մեզ ազգ, իսկ մեր հոգեւորականները ոչինչ չգիտեն այդ կրոնից։ Ես առաջարկել եմ, որ մենք կառուցենք սրբավայր, մի քանի երիտասարդների ուղարկենք Սինջարում սովորելու, որից հետո մենք բոլորս կենթարկվենք նրանց։ Սակայն որոշ հոգեւորականներ դեմ են իմ ծրագրած բարեփոխումներին՝ դրա մեջ տեսնելով իրենց իրավունքների եւ շահերի ոտնահարում, քանի որ կարող են կորցնել դրամ աշխատելու լավագույն միջոցը։ Բայց մենք պետք է մի կողմ թողնենք մեր ֆինանսական շահը եւ մտածենք ազգային վերելքի մասին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031