Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է արթնացնի հասարակության խիղճը

Նոյեմբեր 20,2026 14:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերկուսակցական մտավորականության անհրաժեշտության և բարոյական վերածննդի մասին

Հայ հասարակության առջև ծառացած խնդիրները միայն քաղաքական, տնտեսական կամ անվտանգային չեն։ Դրանց կողքին կա մեկ այլ՝ պակաս տեսանելի, բայց ոչ պակաս վտանգավոր խնդիր՝ հանրային արժեքների աստիճանական խաթարումը։

Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ երբեմն ճանաչելիությունը շփոթվում է հեղինակության, բարձրագոչ խոսքը՝ գիտելիքի, ամբարտավանությունը՝ ինքնավստահության, իսկ ցուցադրական պարզունակությունը՝ ժողովրդականության հետ։

Առավել մտահոգիչն այն է, որ նման երևույթները հաճախ այլևս մերժում չեն առաջացնում։ Հասարակության մի հատվածը կարծես հայտնվել է արժեքային թմբիրի մեջ, որտեղ հաճելի ներկայացումն ավելի գրավիչ է, քան անհարմար ճշմարտությունը, իսկ ակնթարթային տպավորությունը՝ խորքային միտքը։

Այս վիճակի պատճառներից մեկը մտավորականության հանրային ազդեցության թուլացումն է։ Սակայն արդարացի չի լինի ամբողջ պատասխանատվությունը վերագրել հասարակությանը։ Պետք է հարց ուղղել նաև հենց մտավորականությանը։

Արդյո՞ք նրա մի մասը չի հրաժարվել իր հանրային առաքելությունից՝ սկզբունքայնությունը փոխարինելով քաղաքական հավատարմությամբ, անկախ խոսքը՝ անձնական հարմարավետությամբ, իսկ անհրաժեշտ պահին դիրքորոշում արտահայտելը՝ լռությամբ։

Մտավորական լինելը միայն կրթության, տաղանդի կամ ճանաչման հարց չէ։ Դա նաև բարոյական պատասխանատվություն է։ Մարդը կարող է շարունակել ստեղծագործել, խոսել բարձր արժեքներից, սակայն կորցնել իր խոսքի բարոյական կշիռը, երբ այդ արժեքների պաշտպանությունը պայմանավորում է անձնական շահերով։

Երբ սկզբունքները դառնում են սակարկության առարկա, գեղեցիկ խոսքերը կարող են մնալ, բայց մտավորականի հեղինակությունը վերածվում է առևտրի միջոցի։

Հասարակությունը հատկապես դժվարին ժամանակներում է զգում մտավորականության կարիքը։ Ինչպես հիվանդն է բժշկից ակնկալում ոչ միայն գիտելիք, այլև օգնության հասնելու պատրաստակամություն, այնպես էլ հասարակությունն է մտավորականից ակնկալում բարոյական կողմնորոշիչներ։

Եվ հասարակությունը կարող է տեսնել, թե ով է հավատարիմ մնում իր կոչմանը, իսկ ով՝ բավարարվում այդ կոչման հեղինակությամբ։

Հենց այստեղ է առաջանում վերկուսակցական մտավորականության անհրաժեշտությունը։

Խոսքը հանրային ճանաչում և ազդեցություն ունեցող անհատների հավաքական կերպարի մասին է, որոնց համար պետության և հայրենիքի շահերը վեր են անձնական ու կուսակցական ակնկալիքներից։

Վերկուսակցական լինելը չի նշանակում չունենալ քաղաքական համոզմունքներ։ Դա նշանակում է պահպանել նույն բարոյական չափանիշները՝ անկախ այն բանից, թե ում գործողություններն են գնահատվում։

Այդպիսի մտավորականությունը պարտադիր չէ, որ միավորվի որևէ կազմակերպության մեջ։ Նրա ազդեցությունը պետք է արտահայտվի առաջին հերթին մասնագիտական ու ստեղծագործական գործունեությամբ։

Դերասանը կարող է բեմում մերկացնել անարդարությունն ու կեղծ հեղինակությունը, երաժիշտը՝ ստեղծագործությամբ մերժել սնապարծությունը, նկարիչը՝ պատկերել հասարակության բարոյական հակասությունները, գրողը՝ բացահայտել առօրյա աղմուկի մեջ անտեսված ճշմարտությունները։ Գիտնականը, բժիշկն ու ինժեները կարող են սեփական օրինակով հաստատել գիտելիքի և մասնագիտական արժանապատվության արժեքը։

Սակայն ստեղծագործելը բավարար չէ։ Մտավորականները պետք է նաև բացատրեն իրենց ներկայացրած երևույթների արատավորությունը, հրապարակայնորեն մերժեն անընդունելին և օգտագործեն հանրային հաղորդակցության բոլոր հասանելի միջոցները։

Նրանց խնդիրը հասարակությանը խրատելը չէ, այլ այնպիսի միջավայր ստեղծելը, որտեղ մարդը նախ կզգա արժեքի կարևորությունը, ապա կցանկանա ճանաչել և հասկանալ այն։

Այս սկզբունքայնությունը հատկապես անհրաժեշտ է արդարադատության հարցերում։ Մեղադրանքը չի կարելի նույնացնել ապացուցված մեղավորության հետ։ Հանցագործությունը դատապարտելը չի արդարացնում անօրինական հետապնդումը, ինչպես և մարդու իրավունքները պաշտպանելը չի նշանակում արդարացնել հանցագործությունը։

Այս չափանիշները պետք է գործեն բոլորի նկատմամբ՝ անկախ քաղաքական պատկանելությունից։

Սակայն պատասխանատվությունը միայն մտավորականներինը չէ։ Մենք՝ այդ անհրաժեշտությունը գիտակցող քաղաքացիներս, նույնպես պարտավոր ենք հարցը դարձնել հանրային քննարկման առարկա, պահանջված դարձնել անկախ միտքն ու արժեքավոր ստեղծագործությունը։

Հասարակության բարոյական վերածնունդը չի կարող ապահովվել միայն օրենքներով, քաղաքական որոշումներով կամ իշխանափոխություններով։ Այն պահանջում է մշակութային միջավայր, որտեղ գիտելիքը, արդարությունը, համեստությունն ու արժանապատվությունը վերագտնում են իրենց նշանակությունը։

Հենց այդ միջավայրից կարող է ծնվել պետականակենտրոն քաղաքական մշակույթ, որտեղ անձերի նկատմամբ հավատարմությունն իր տեղը կզիջի սկզբունքների և հայրենիքի երկարաժամկետ շահերի գիտակցված պաշտպանությանը։

Որովհետև պետականակենտրոն հասարակությունը սկսվում է ոչ թե այն պահից, երբ մարդուն սովորեցնում են՝ ում հետևել, այլ երբ նա ինքն է սկսում հասկանալ՝ ինչն է արժանի հետևելու։

ԶԱՐԹՈՒՑԻՉԸ ՄԻԱՑՎԱԾ Է։ ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ՀԵՐԹԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ Է։

Արգամ Խոյեցյան

«Առավոտ» օրաթերթ
19.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել