Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՈՒ ԾԱԽՈՒ «ԱՌԱՎՈՏԻ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԷՋ

Նոյեմբեր 05,1998 00:00
boris navasardyan

Երեկ Երեւանի մամուլի ակումբը Ժուռնալիստի տանը լրագրողներին հավաքել էր՝ կոչ անելու չհավատալ իրենց մասին «Առավոտ»-ում տպագրված եւ ոչ մի տողին։ ԵՄԱ անդամները համոզված են, որ «Առավոտը» ինչ-որ մեկի պատվերով մշտապես աղավաղում է այն ամենը, ինչ վերաբերում է իրենց ակումբին։ Եթե առաջ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված էր, որ գրանտներ ստացող կազմակերպություններին վարկաբեկելու պատվերը «Առավոտը» ստանում էր իշխանություններից, ապա իշխանափոխությունից հետո նա կարծում է, որ դժվար թե ա՛յս իշխանությունները նման պատվեր տային։ «Չնայած ո՞վ գիտի։ Բարդ է կյանքը, չէ՞»,- չբացառեց Բորիս Նավասարդյանը։ Թե ինչու է հիմա էլ «Առավոտն» «այս գիծը» շարունակում, պրն Նավասարդյանը դարձյալ դժվարանում է պատասխանել։

ԵՄԱ-ն «մեղավորին» ոչ ուզում է «ավելորդ գովազդով» ապահովել, ոչ էլ պատժել։ Դրա համար էլ դատի չի տալիս։ Փոխարենը մամուլի ասուլիս է հրավիրում, ու պատժելը՝ չգիտենք, բայց գովազդ, որը երբեք էլ ավելորդ չի լինում, հաստատ ապահովում է։ Լրագրողների այն հարցին, թե ինչ նպատակ ունի այս ասուլիսը, հնչեց բավական «թափանցիկ» պատասխան։ Պրն Նավասարդյանին «քիչ է հուզում», թե «այդ մարդը» (Ռուբեն Թորոսյանը, որի՝ ԵՄԱ-ի մասին խոսքը մեջբերելու համար ԵՄԱ-ն «խառնվել է իրար»- Ա. Գ.) ինչ է մտածում իրենց մասին։ Նա ավելի շատ մտահոգվում է, որ հասարակությունը նման զրպարտանքների չծանոթանա։ (Հասարակություն ասածը շատ լայն հասկացություն է եւ տարբեր շերտերի հետ միասին այն ընդգրկում է նաեւ գրանտատու կազմակերպություններ- Ա. Գ.)։

Պրն Նավասարդյանը համոզված էր նաեւ, որ մինչեւ այս հայտարարությունն անելը «Առավոտի» խմբագրի հետ հանդիպումը «ոչ մի արդյունք» չէր տա։ Մեզ հետաքրքրեց, թե ինչ արդյունք է ակնկալում ինքը։ Իրենք որեւէ արդյունք չեն ակնկալում, շատ ցավում են, որ այս հայտարարությունը համընկել է Աննա Իսրայելյանի ծննդյան օրվա հետ, համենայնդեպս, շնորհավորում են նրան։ Հետո պարզվեց, որ «Առավոտը» չպիտի մեջբերեր Ռուբեն Թորոսյանի խոսքը, քանի որ «լրագրողը միշտ պետք է հասկանա, թե նա ում հետ գործ ունի»։ Օրինակ Բ. Նավասարդյանը «երբեք Ռ. Թորոսյանի խոսքերը հենց այնպես՝ առանց ստուգելու չէր հրապարակի»։ «Եվ «Առավոտի» առաքելությունն այն չէ, որ ամեն մի ստախոսի, ամեն մի զառանցողի խոսքերը բերի»։ Իհարկե, հետո պրն Նավասարդյանը խոստովանեց, որ «չի ճանաչում» «այդ զառանցողին», ենթադրում է, որ «երեւի գրանտ չի ստացել»։

Քիչ ավելի ուշ ասվածն արդեն ենթադրություն չէր. «Եթե ԵՄԱ-ն ռեկորդակիր է գրանտներ ստանալու հարցում, ապա Ռուբեն Թորոսյանը՝ գրանտի համար դիմելու եւ չստանալու»։ Եվ «Առավոտն» էլ նրա խոսքը մեջբերել էր միայն այն պատճառով, որ վերջինս վատ էր խոսել ԵՄԱ-ի մասին։ Եթե լավ բաներ ասած լիներ, «Առավոտը» հաստատ չէր տպի։ Ընդհանրապես ԵՄԱ-ի նախագահը մտահոգված է, թե մամուլը «ինչու է մեր ներսի շատ լուրջ թեմաները թողած, ընկնում արտասահմանյան կազմակերպությունների գործունեությունը «խորը» վերլուծելու հետեւից»։ Դժվար է իմանալ, թե ներսի լուրջ թեմա ասելով ԵԱՄ- ականներն ինչ նկատի ունեն, բայց հայկական մամուլը դիտարկելիս տարակուսում ես, որ Արեւմուտքի թիվ 1 նորությունը՝ Քլինթոն-Լեւինսկի պատմությունը, «մեր մամուլի էջերում ու եթերում շատ քիչ տեղ գտավ», մինչդեռ բուհերի ընդունելության քննությունները «լայնորեն լուսաբանվեցին»։

Եթե ԵՄԱ-ն երբեմն «Առավոտ» կարդում է, ապա նկատած կլինի, որ այն կրթությանն ու գիտությանը նվիրված առանձին էջ ունի, իսկ բուհերը կրթական համակարգի մեջ են դեռեւս։ Օրաթերթի համար այնքան էլ մեծ շռայլություն չէ ամբողջ ամառ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություններին շատ ավելի հաճախ անդրադառնալը։ Իհարկե, կարելի է կետ առ կետ վերլուծել ԵՄԱ-ի հայտարարության «հավելվածը» եւ պատասխանել այնտեղ եղած բոլոր մեղադրանքներին։ Բայց ոչ ԵՄԱ-ն է դատավոր, ոչ էլ առավել եւս «Առավոտն» է իրեն մեղադրյալ զգում։ Մանավանդ, որ առաջիկա weekend-ը ԵՄԱ-ն մտադիր է անցկացնել Ծաղկաձորում կազմակերպվելիք «Անկախ լրատվամիջոցների մենեջմենթ. պետական մենաշնորհի հաղթահարման հեռանկարները» թեմայով սեմինարում, որին մտադիր է մասնակցել նաեւ «Առավոտը»։ Ի դեպ, ԵՄԱ-ի այն եզրակացությունը, թե թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մշտապես անտեսել է իրենց արտագնա միջոցառումների հրավերները, փորձում ենք փոխհատուցել այս սեմինարին «Առավոտի» երկու, երեք կամ չորս թղթակցի մասնակցությամբ։ Նայած «Առավոտի» նկատմամբ ԵՄԱ-ի դեռեւս ունեցած «մեծահոգության»։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30