Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՎԱՆԴԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ…

Նոյեմբեր 11,1998 00:00
avand

Հարգելի խմբագրություն, ձեր թերթի 26.09.98 թ. համարում զետեղված «Հետ տվեք մեր փողերը» հոդվածը բնակչության եւ, հատկապես, ավանդատուների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Իրեն իրավական կոչելու հավակնություն ունեցող պետությունը ուզում է միակողմանի վճռել որոշակի պայմաններով (պայմանագրով) պետական խնայբանկերում պահ տված ավանդների հարցը։ Ինչ-որ հանձնաժողով (թեկուզ եւ ԱԺ-ի կողմից) կամ հենց ինքը՝ ԱԺ-ն իրավունք ունի՞ արդյոք օրը ցերեկով, իրենց ամբողջ կյանքում կոպեկ-կոպեկ խնայած մարդկանց թալանել եւ 8,5 մլրդ դոլարի դիմաց առաջարկել չնչին մի գումար։ Իսկ 95, 90, 80 տարեկաններ Հայաստանում այլեւ չկան (եղածներն էլ ավանդ չունեն, նրանք իրենց ունեցածը պետությանը պահ չեն տվել, խելոք են վարվել), այնպես որ, նրանց բաժինը կարող եք տրամադրել նորօրյա սեփական բանկատերերի կողմից խաբված ավանդատուներին կամ ուղղակի գրպանել, չէ՞ որ բավական փորձ կա կուտակված ՀՀ-ում՝ մեռած մարդկանց թոշակները լուռումունջ գրպանելու։

Խոսք է գնում պետության կողմից ավանդները պաշտոնապես ճանաչելու մասին, որպես նախկին պետության իրավահաջորդ։ Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս եք դուք եկել իշխանության գլուխ։ Չէ որ թաթար-մոնղոլները չէիք, որ գրավել եք այս երկիրը եւ ինչպես ուզենաք, այդպես էլ կարող եք վարվել այս անպաշտպան ժողովրդի հետ։ Չէ՞ որ համարվում եք օրինական ճանապարհով, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Մի՞թե ձեզ ընտրել են նրա համար, որ զրկեք մարդկանց իրենց ողջ կյանքի ընթացքում ստեղծած ապրուստի կամ վերջին օրվա համար կուտակված միջոցներից։ Հելմուտ Քոլը իր կուսակցության հետ միասին պարտություն կրեց եւ իր տեղը զիջեց սոցիալ-դեմոկրատ Գերհարդ Շրյոդերին։ Իզուր նա էլ չի ընդօրինակում ձեզ՝ սառեցնելու իրենց բնակչության ավանդները, կամ 1-ը 20-ի հարաբերությամբ կրճատելու դրանք (գուցե չե՞ք հասցրել նրան հասկացնելու այդ գործընթացի օգտավետությունը)։ Միայն մի բան կարող է խանգարել դրան՝ գերմանացիները գուցե չկարողանան «ըմբռնումով» մոտենալ այդ գործին եւ հաջորդ օրն իսկ հրաժեշտ տան այդ իշխանություններին։

Ռուսաստանը ճանաչեց եւ հետ վերադարձրեց նույնիսկ 1917-ից Ֆրանսիայի ավանդատուների պարտքերը՝ 400 մլն դոլար, որոնց տերերը այսօր երեւի չկան էլ, իսկ դուք ուզում եք ձեզ իշխանություն վստահած ժողովրդի վերջին հույսերն էլ մարել։ Այո, վերջին, որովհետեւ նա այսօր չունի աշխատանք եւ ապրուստի միջոց եւ դրանք ձեռք բերելու հույս։ Նույնիսկ աշխատողները, որոնց իրենց կենսապահովության համար պահանջվող նվազագույն գումարի չափ աշխատավարձ չեն ստանում, այսօր թշվառ վիճակում են։ Մեկ միլիոն հայ ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով լքեց Հայաստանը։ Մնացածներն էլ մեկնելու հնարավորություն չունեն։ Այդ վտանգավոր եւ անպատվաբեր գործընթացը շարունակվում է, որը, կարծես, չի հուզում մեր իշխանավորներին։ Եթե ոչ, ինչո՞ւ հենց այդ ավանդներով կառուցված գործարաններն ու հասարակական նշանակության, բոլորի սեփականություն շինությունները վաճառվեցին ծիծաղելի գներով՝ իրենց, կամ մտերիմ մարդկանց, կամ իրենց «քաղցր» աչքով նայած մարդկանց, իսկ դրանցից ստացված չնչին գումարները չվերադարձվեցին ավանդատուներին։

Հանրապետություն մտած վարկերը մեծամասամբ ընկնում են այն մարդկանց ձեռքը, ովքեր արդեն փողատեր են։ Ի՞նչ է՝ այսօրվա աշխատածը փող է, իսկ երեկվանը՝ ո՞չ։ Մենք բոլորս տեսնում ենք, թե այսօր մարդիկ ինչպես են դառնում դրամատեր եւ եթե մեր բախտը հանձնում ենք նրանց, ուրեմն «վայը եկավ ու մեզ տարավ», ասվել է այսպիսի դեպքերում (եթե, արդեն, չի տարել)։ Ավանդները պետք է վերադարձնել եւ ինդեքսավորումն էլ քաղաքակիրթ, ասել է, թե՝ մարդավայել կատարել։ Օդից չի կարելի վերցնել ինդեքսավորման չափերը։ 1991 թ. գոյություն է ունեցել ռուբլու նկատմամբ դոլարի կուրս՝ 1 ռռւբլու դիմաց 1 դոլար, սակայն բոլորն էլ գիտեին, որ իրական, շուկայական կուրսը 2,5-3 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց։ Եվ ավանդների ինդեքսավորման ժամանակ անհրաժեշտ է ելնել հենց դրանից՝ երեքը մեկի հարաբերության սկզբունքից։ Այդ դեպքում ավանդների ընդհանուր գումարի չափը 8,5 մլրդ դոլարի փոխարեն կդառնա 2,83 մլրդ եւ երեք անգամ կմեծանա գումարի հայթայթման հավանականությունը, երկրորդ՝ եւ ամենակարեւորը, գրեթե կբացառվեն ավանդատուների դժգոհությունները։

Հասկանալի է, որ նման գումար միանգամից հնարավոր չի լինի ստեղծել։ Մեր առաջարկությունն է կատարել ինդեքսավորումը եւ հանձնարարել խնայբանկերին փոխել գրքույկները կամ համապատասխան նշումներ կատարել հին գրքույկներում, որը միաժամանակ հնարավորություն կտա ճշտելու դրանց իրական քանակը եւ գումարի չափերը։ Դրանով հնարավորություն կտրվի մարդկանց նորից հույսով ապրելու, կվերականգնվի վստահությունը պետության եւ խնայբանկերի նկատմամբ։ Մարդիկ կսկսեն նոր ավանդներ ներդնել, որոնց տոկոսները նույնպես կդառնան փոխհատուցման միջոցներ։ Երկրորդ քայլով անհրաժեշտ է թույլատրել օգտվելու իրենց ավանդներից 60 տարին լրացած մարդկանց, իսկ 3000 ռուբլուց ավելի գումար ունեցողներին՝ գոնե մաս-մաս։ Բոլորս շատ լավ գիտենք ու տեսնում ենք, որ ներկա ու «լավ օրերից» բզկտված մարդը մինչեւ 70 տարի էլ չի ապրում։ Մարդկանց խաբելու ժամանակն անցել է։ Եթե որեւէ մեկը համաձայն չէ այս առաջարկին, ես կուզեի նրան տեսնել քրտինքով վաստակած որոշակի գումարը պահ տված եւ 60 տարեկանում խաբված ու սոված վիճակում, այն ժամանակ, գուցե, կզգայիք, թե դա ինչ է նշանակում։ Կա նաեւ փոխհատուցվող ավանդների գումարի կրճատման այլ ձեւ։

Դա վերաբերում է մեծ գումարներ ունեցող ավանդատուներից որոշ չափով պահումներ (ավելի ճիշտ կլինի բռնագանձումներ անվանել, քանի որ դա քաղաքակիրթ ձեւ չէ) կատարելով՝ հաշվի առնելով այն կարծիքը, թե իբր դրանց գզալի մասը, այսպես կոչված, անաշխատ եկամուտ է եղել։ Պետք է ընդունել մի չափ՝ 25 կամ 30 հազարը, որից պահումներ չկատարել։ Դրանից բարձր գումարներից պահել, ասենք՝ 30-50 հազարի դեպքում 20%-ը, 50-100 հազարի դեպքում՝ 40%-ը եւ հարյուրից բարձր գումար ունեցողներից՝ 50%-ը։ Այդ կարգի ավանդատուների թիվը, ինչպես նշված է հոդվածում, 20-25% է կազմում եւ ինձ թվում է, որ նրանք նույնպես համաձայն կլինեն այս առաջարկին, քան 1-ը 20-ի հարաբերությանը։ Նշված ուսումնասիրություններն ու ճշտումները կատարելուց հետո կտեսնեք, որ պարտքերի գումարները նորից կիսով չափ կկրճատվեն եւ կմնա ընդամենը 1-1,2 մլրդ դոլար, որի վերադարձնելը արդեն դժվար չի լինի։

ԱՐԱՄ ԱՎԵՏՅԱՆ,

Տաշիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30