Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժամանակակից գրաքննությունը բամբասանքից այն կողմ չի անցնում»

Հունվար 14,1999 00:00
grqer

Միշել Փոլադյան անունը գրական աշխարհում շատ հայտնի է։ Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժինը ավարտելուց հետո զբաղվել է ռուս եւ ֆրանսիական գրականության ուսումնասիրմամբ։ 60-ական թթ. ավանգարդային պոեզիայի ներկայացուցիչ էր։

1960-96 թթ. ապրել է Ֆրանսիայում, պաշտպանել երկու դոկտորական աշխատանքներ՝ ռուս գրականություն եւ ֆրանսիական ժամանակակից լեզվաբանություն։ 1997-ից ապրում է Երեւանում, դասախոսում ԵՊՀ եւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։

– Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը ժամանակակից հայ գրականության մասին։

– 21-րդ դարում պոետ լինելը շատ դժվար է, պոետին շատ խոր գիտելիքներ, կուլտուրա է պետք, որը ես գրեթե չեմ տեսնում։ Շատերին թվում է մի քիչ հարբած լինելը բավական է բանաստեղծություն գրելու համար։ Իսկ ընդհանուր վիճակը տխուր է։ Արձակի համար ես ավելի լավատես եմ, ընդհանուր անտաղանդության եւ անճաշակության մեջ երբեմն շատ հաջողված պատմվածքներ են հանդիպում։ Գարուն Աղաջանյանի, Գուրգեն Խանջյանի մոտ հաջողված պատմվածքներ կան։ Ինձ համար հայտնություն էր ամերիկահայ գրող Վեհանուշ Թեքյանը, բանաստեղծ Հենրիկ Էդոյանին էի հավանում, որը այլեւս չի գրում։ Մի մտահոգիչ բան կա. չկան ջահելներ։ Քանի որ չկա չափանիշ, ամեն մեկն իրեն հանճար է կարծում։ Ես որպես պոետ չեմ կարող մի ուրիշ պոետի ասել՝ Դուք հանճար եք, դա քննադատը կարող է ասել։ Ամեն մի քննադատական խոսքը այստեղ խիստ վիրավորանք է ընդունվում։ Հայկական հոգեբանությունը չի ուզում մի բան ընդունել, որ ստեղծագործությունների քննադատությունը չի նշանակում անձի քննադատություն։ Իսկ արտասահմանում, երբ գրում ես, քեզ զանգահարում է հեղինակը, շնորհակալություն հայտնում, որ դու կարդացել ես, աշխատել ես իր պոեզիայի վրա։ Ես կարող եմ մեկի պոեզիայի մասին գրել եւ չիմանալ, թե ով է հեղինակը։

– Իսկ գրաքննության մեջ տեղաշարժ նկատելի՞ է։

– Այստեղ գրաքննություն հասկանում են կամ ծայրից ծայր բամբասանք, կամ անհիմն գովեստի խոսքեր։ Գրում են՝ այսինչ բանաստեղծը վերջին տասնամյակի ամենատաղանդավոր պոետն է, վերցնում, նայում ես՝ բացարձակ պոեզիա չկա։ Այդպես խոսում են Դավիթ Հովհաննեսի մասին, կամ ուրիշ շատ-շատերի։ Ինչո՞ւ են գրում, ըստ երեւույթին՝ ընկերներ են ու «ես քո մասին, դու իմ մասին» սկզբունքով են սկսում առաջնորդվել։ Վերեւում ես ասացի, որ չկան չափանիշներ, այդ չափանիշ ստեղծողը պիտի գրաքննադատը, գրականագետը լինի։ Իսկ այսօր դրա բացակայությունը խիստ ակնառու է։ Նա է, որ ամեն մի իրեն «հանճար» կարծող գրողին պիտի ասի՝ գրի կամ մի գրի, կամ ստիպի չափանիշների հետեւել։ Գրականագիտական հին միտքը շարունակում է իշխել գրական այս մթնոլորտում, նրանք իրենց ավելի վստահ են զգում։ Ակադեմիկոսների մեջ մտած է մի անհեթեթ հպարտություն, որ բոլոր հարցերում նրանք անսխալական են։ Ես հիմա զգում եմ, որ մենակ եմ։ Ֆրանսիայից ես եկա Հայաստան միայն գիտությանը ծառայելու համար եւ ոչ կեղծ գովեստներ շռայլելու։ Գրականագետը նախ պետք է ունենա գիտելիքներ, հետո զգացողություն։ Ես գիտությամբ պիտի զբաղվեմ եւ մոռանամ, որ ընթերցող եմ, ընթերցողը ինձնից սպասում է գիտություն եւ ոչ թե՝ հուզմունք։ Գրականագիտությունը լույս պիտի լինի, իսկ էստեղ չեն ընդունում անգամ լամպի գոյությունը։

– Իսկ ձեր սերնդի բերած գրականությունը եւ այսօրվա գրականությունը համեմատելիս ի՞նչ եք տեսնում։

– Այսօր ավելի լավ են գրում։ 60-70 թթ. մենք բարձր գրականություն չենք ստեղծել, պարզապես մենք ունեցել ենք գրելու կուլտուրային տիրապետող բանաստեղծներ։ Կուլտուրան լավն էր, ռեժիմի հիմքը սովորելն էր։ Հիմա 4-5 բանաստեղծ չես գտնի, որ գրելու կուլտուրա ունենա։ Բայց կա մի ուրիշ խնդիր։ Պետք է կարողանալ ժամանակին թողնել-հեռանալ։ Հին սերունդը ամեն կերպ ուզում է իշխել։ Կարեւոր է գիտակցել, հասկանալ, որ վերջացած են, ավարտված, վաղուց է, որ ասելիք չունեն։ Պետք է ժամանակին գնալ, եթե ուզում ես ինչ-որ բան դեռ փրկել։ Միտքը միտք է, պետք է հնանա-մաշվի: Ես կարծում եմ՝ ինձ մնացել է 5-6 տարի լուրջ գիտությամբ զբաղվելու համար։ Երբ զգամ, որ ինչ-որ բան այն չի՝ կգնամ։ Վերցնենք հենց նախարարին՝ ի՞նչ է գրում, կամ Սիլվա Կապուտիկյանը, որ վաղուց է, ինչ դարձել է «իմպորտ-էքսպորտ»-ի պահանջ։ Սփյուռքում ասմունքում են «Հայրենիք», «Իմ ժողովուրդ», երեւում են արցունքներ ու վերջ։ Իսկ ահա Հրանտ Մաթեւոսյանի խնդիրն ուրիշ է։ Ես նրան հասկանում եմ, բայց էստեղ ուրիշ ողբերգություն կա։ Նա պարզապես դարձել է այս համակարգի գերի։ Չի գրում, որովհետեւ ինչ-որ բանից վախենում է։ Հայացքից-աչքերից երեւում է, որ խուսափում, փախչում է։ Ինքը գերի է մի համակարգի, որ ստիպում է լռել։ Նա անցել է մյուս կողմը՝ համակարգի մեջ է մտել։ Եվ չի հավատում, իսկ գրողը իրավունք չունի չհավատալու։

– Մի մարդ, որ շատ լավ գիտի արեւմուտքի կյանքը, ինչպիսի՞ն է ներկայանում ձեզ մեր իրականությունը։

– Մշակութային կյանք չկա, գրական կյանք չկա։ Նկատելի է, որ կան մարդիկ, որոնց ձեռնտու է, որ այս վիճակը շարունակվի, երկարի։ Նրանց պիտի դուրս մղել, այլապես նրանք կխանգարեն։ Սկսենք նախարարից, ի՞նչ է անում, դիմել էի ինձ ընդունելու համար, վեց ամիս հետո հազիվ 10 րոպե ժամանակ գտավ ինձ ընդունելու համար։ Ուզում եմ մի փոքրիկ դասագիրք տպել «Խոսքի վերլուծության վերաբերյալ», ասաց՝ նախագիծը պատրաստեք, բերեք: Նախագիծը վաղուց է, որ ներկայացրել եմ, էլի ժամանակ չի գտնում ընդունելու համար։ Այլեւս ի՞նչ կարելի է սպասել։ Երբեմն ցանկություն է առաջանում թողնել, գնալ, բայց ուսանողները, գիտությունը ինձ պահում են։ Ֆրանսիայում պաշտպանած իմ երկու դոկտորային աշխատանքներն այստեղ դոկտորի կոչման չարժանացան եւ ինձ ստիպում են նորից պաշտպանել։ Ծիծաղելի է, ամոթ է։

Աշխատավարձս հասարակ պրոֆեսորի աշխատավարձ է։ Ես այսօր ստիպված եմ «վիզայի» համար կաշառք տալ։ Այստեղ փորձում են շատ բաներ սպանել, իսկ ես հավատացած եմ, որ մարդկությունը չի կարող սպանության գնալ։ Ես Հայաստան գալուց աշխատել եմ Լենինգրադում ու կարող եմ ասել, որ Ռուսաստանում էլ նույն ճգնաժամն է։ Բավականին մոտիկից ծանոթացա նրանց ներկայիս մշակույթին ու գրականությանը։ Առեւտուրն է հիմա միայն հետաքրքրում ռուսներին։ Մշակույթի հետեւից շատերը իներցիայով են գնում։ 60-ական թվականների մշակույթը վաղուց է, որ հետեւում է մնացել ռուսների համար։ Ես առանց վարանման կարող եմ ասել, որ հիմա մենք Հայաստանում ունենք մասնագետներ, ինչպիսիք Ռուսաստանում չես գտնի։ Է. Ջրբաշյան, Աթայան, Ջահուկյան՝ սրանք խոշոր մասնագետներ են։

– Իրականության եւ գրականության փոխհարաբերությունը ինչպիսի՞ն է։

– Չգիտես՝ որտեղ է իրականությունը սկսվում, որտեղ վերջանում։ Օրը սկսվում է ինչպես վեպ, վերջանում է՝ տեսնում ես վեպ չկա։ Սա ես ասում եմ որպես գրող։ Բայց որպես քաղաքացի լավ գիտեմ, որ գրականությունը մի բան է, իրականությունը՝ մի ուրիշ։ Մարդիկ երբեմն չեն տարբերակում, եւ այն, ինչ տեսնում են գրականության մեջ, փորձում են կյանքում շարունակել։ Իսկ կյանքը դժբախտաբար ուրիշ է։ Օրինակ՝ չարը գրականության մեջ ընդունելի է, իսկ կյանքում՝ ոչ։ Չարը գրականության մեջ օգնում է մարդուն սեփական կոմպլեքսներից ազատվել։ Ագրեսիա պատկերող ֆիլմերն էլ նույն նպատակին են ծառայում։ Մի խոսքով, եթե ուզում եք բարին հաստատել, պիտի չարի հետ համակերպվեք, այլապես ինքներդ կդառնաք չար։ Գրականության մեջ չարը պիտի լինի, եթե սկսում է մաքրել, այլեւս գրականություն չէ։

ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031