Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական էսքիզներ

Փետրվար 03,1999 00:00
ambion

Տարեդա՜րձ է այ-սօ՜ր…

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը իր բարձր ամբիոնից երեկ շնորհավորեց պատգամավոր Արարատ Գոմցյանին՝ ծննդյան օրվա առիթով։ Նվերներ պրն Գոմցյանը գոնե ԱԺ-ում չստացավ։ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանից ցանկացա ճշտել, թե իրենց պահուստային ֆոնդից պատգամավորների ծննդյան առիթով նվերներ չե՞ն գնվում։

– Այդպիսի ավանդույթ ձեւավորված չէ։ Ցավոք սրտի։ Գուցեեւ անհրաժեշտ է նման ավանդույթ ձեւավորել՝ պատգամավորներին իրենց ծննդյան առթիվ անակնկալներ մատուցել։ Հաճելի՛ անակնկալներ։

– Իսկ եթե նման ավանդույթ լիներ, պրն Գոմցյանին ի՞նչ անակնկալ կմատուցեիք։

– Որեւէ գիրք։ Գիրք։ Կարծում եմ՝ պրն Գոմցյանի համար, իրո՛ք, ամենամեծ անակնկալը ծննդյան օրը որպես նվեր գիրք ստանալը կլինի։

Անպրեմիա եւ անաշխատավարձ

ԱԺ պատգամավորները բավական զարմացած էին (եւ միայն), որ փետրվարի 1-ին սովորականի պես աշխատավարձ չեն ստացել։ «Ամսի 15-ին էլ պրեմիա պիտի ստանայինք, բայց այդ էլ չենք ստացել»,- բողոքում էին նրանք։ Ինչ խոսք, պատգամավորներն աշխատավարձի ուշացման պատճառով փողոց դուրս չեն գա, պիկետներ չեն կազմակերպի։ Պարզապես սա մի լավ առիթ է կառավարության եւ դատարկ բյուջեի մասին առանց կաշկանդվելու եւ անբռնազբոս արտահայտվելու։

Տարվա իրենց եղանակը

Քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետ Սերգեյ Պողոսյանի նախաձեռնությամբ, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանի համաձայնությամբ եւ Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի առաջաբանով (ինչպես արդեն նշել էինք) շուտով լույս կտեսնի Վանո Սիրադեղյանի «Չոր օգոստոս» գիրքը։ Գրքի տպագրության եւ տպաքանակի վրա վերջին իրադարձությունները չեն անդրադառնա, եւ այն 1000 օրինակով շուտով լույս կտեսնի։ Հուսով ենք, որ այս գրքին կհաջորդի արդեն Մերուժան Տեր-Գուլանյանի նախաձեռնությամբ, Ռոլանդ Շառոյանի համաձայնությամբ եւ Սիլվա Կապուտիկյանի առաջաբանով Վազգեն Սարգսյանի «Բեղմնավոր դեկտեմբեր» ժողովածուն։

Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ

«Խանջյան 27» սրճարանում լսելով «Հանրապետական» կուսակցության համագումարում Վազգեն Սարգսյանի այն խոսքերը, թե «Ես չե՛մ ուզում լինել նախագահ։ Ես չեմ ուզում լինել վարչապետ։ Ես չեմ ուզում լինել ԱԺ նախագահ։ Ես ուզում եմ լինել պաշտպանության նախարար», Աշոտ Բլեյանն արտասանել է.

– Ես սիրում եմ մայրիկին, Ես չեմ ուզում լինել կին… Թումանյանի տողերը՝ «Մարո» պոեմից։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728