Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «հայրենակիցներ» գրիպն ու տուբերկուլյոզը

Փետրվար 03,1999 00:00
grip

Թեեւ անցյալ շաբաթ Առողջապահության նախարարությունում կազմակերպված կլոր սեղան-ասուլիսի ժամանակ որոշվեց հանդիպել երկու շաբաթը մեկ, երեկ էլ, ընդառաջ գնալով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ցանկությանը՝ դարձյալ հանդիպեցին լրագրողները եւ նախարարության աշխատակիցները։

Օրակարգում առաջինն, իհարկե, հատկապես Ռուսաստանում գրիպի համաճարակի մասին պաշտոնական հայտարարությունից հետո, գրիպն էր։ Առողջապահության առաջին փոխնախարար Արմեն Աթաբեկյանը տեղեկացրեց, որ ավելի ճիշտ կլինի օգտագործել ոչ թե գրիպ, այլ սուր շնչառական վիրուսային հիվանդություններ արտահայտությունը։

Վերջին շաբաթում Երեւանում շտապօգնության կանչերը՝ կապված այս հիվանդությունների հետ, 400 են եղել (կամ ընդհանուր կանչերի 13%-ը)։ Իսկ ամբողջ հանրապետությունում գրանցվել է 30 հազար դեպք, ի տարբերություն անցյալ շաբաթվա 60 հազարի։ Թեեւ միտումը նվազման է գնում, սակայն միայն Երեւանում անցյալ շաբաթ սուր շնչառական հիվանդությամբ վարակվել է 2500 երեխա (1000-ը՝ 7-14 տարեկան)։ Հանձնարարվել է եւս մեկ շաբաթ անվճար սպասարկել բնակչությանը։

Առաջիկա բռնկումներին պատրաստ լինելու համար կատարվում են սանիտարալուսավորչական աշխատանքներ։ Այս հիվանդությունների ամենաբարդ հետեւանքը թոքաբորբն է։

Բոտուլիզմի եւս երկու դեպք (ընդ որում բուժաշխատողների մեջ) է գրանցվել՝ մահացու ելքով։ Մեկ անգամ եւս խորհուրդ տրվեց հնարավորինս խուսափել տնային արտադրության պահածոներ օգտագործելուց։ Ինչպես նոր ղեկավար ունեցող ցանկացած հիմնարկում, առողջապահության նախարարությունում եւս կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես ստեղծվել է առաջնային բուժօգնության վարչությունը, բարեփոխվել է նախարարության ընդունարանի աշխատանքը։

Փետրվար ամսին առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը կայցելի Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզեր։ Հայտնվեց, որ նպատակը մարզերի հետ ուղղահայաց կապերի վերականգնումն է։ Դրանք տուժել էին համակարգի ապակենտրոնացումից, երբ գյուղական ամբուլատորիաները հանձնվեցին համայնքներին։ Մարզային առվարչությունների պետերն ընդգրկվել են նախարարության կոլեգիայի մշտական հրավիրյալների ցանկում։ Բացի այդ, նախարարության եւ մարզերի միջեւ կնքվում են պայմանագրեր մարզի առողջապահական զարգացման ծրագրերի մասին։ Այս ամենի արդյունավետությունը, կարծում ենք, կբարձրանար, եթե փոփոխության ենթարկվեր համապատասխան օրենսդրական դաշտը։ Թե չէ մեզ մոտ սովորական դարձած՝ նախարարների արագ փոփոխությունները անպաշտպան են դարձնում ցանկացած համակարգ։

Կոտայքում, Լոռիում եւ Ազգային բանակում, ինչպես հայտնեց մարզերի գծով նախարարի խորհրդական Հրանտ Ավալյանը, շատացել են տուբերկուլյոզի դեպքերը։ Այդ պատճառով այդ հիվանդությունն ընդգրկվել է նախարարության նպատակային ծրագրերի մեջ եւ մարզերին հանձնարարվել է մեկ շաբաթվա մեջ վերանորոգել ֆլյուորոգրաֆիկ ապարատները։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728