Լրահոս
Օրվա լրահոսը

Իրադրությունը փոխվել է. այլեւս հանցանք չէ ԱԺ նախագահի ծեծը կազմակերպելը

Մարտ 02,1999 00:00
Arshak Sadoyan

«Հետագիծ» հեռուստածրագրին տված հարցազրույցում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատել էր, որ 1996-ի սեպտեմբերի 25-ին Բաբկեն Արարքցյանի դեմ հարձակումը կազմակերպելու մեղադրանքով քրեական գործը Արշակ Սադոյանի դեմ կարճվել է՝ իրադրության փոփոխման պատճառով։ Սա արդեն ուղղակի զավեշտ է դառնում։ Ուրեմն, նախորդ իշխանությունների օրոք դատապարտելի էր ԱԺ նախագահի գլուխը ջարդելը, իսկ այժմ այդ արարքն այլեւս հասարակական վտանգ չի՞ ներկայացնում։ Եվ հանգիստ կարելի է ԱԺ եւ մնացած բոլոր պետական հաստատությունների ղեկավարների գլուխը ջարդել՝ այն համոզմամբ, որ հաջորդ իշխանությունների օրոք դրա համար չեն դատապարտի։ Այնպես որ՝ «Ահա՛ նրանք, արեք նրանց հետ ինչ ուզում եք»։

Իսկ ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում ինքը՝ Արշակ Սադոյանը. մի՞թե չի ցանկանում, որ իր՝ ջարդարար լինելու վերաբերյալ կասկածները դատարանում հերքվեն (այս փաստարկը վերջերս շատ նորաձեւ է)։ «Ես իսկապես նախանձախնդիր եմ այս հարցում։ Մանավանդ, որ ինձ նյութական եւ բարոյական մեծ վնաս է պատճառվել. հեշտ գործ չի մեկ տարի անընդհատ հետախուզման մեջ լինելն ու թաքուն ապրելը,- խոստովանեց Արշակ Սադոյանը։- Առավել եւս՝ քաղաքական վնասի տեսակետից շատ ու շատ անհրաժեշտ է, որ իսկապես բաց ու նորմալ դատավարություն լինի եւ այդ խնդիրները լուծվեն։ Ես բողոքել էի, երբ ինձ ասել էին, որ իրադրության փոփոխման պատճառով այս դատը հետաձգվում է։ Ես պահանջել էի, որ այս հարցը իրադրության փոփոխման հետ չկապեն, այլ քննարկեն ու պարզեն՝ ես իսկապես մեղավո՞ր եմ, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, իմ պահանջներն այդպես էլ չբավարարվեցին»։

Եթե գործն իրադրության փոփոխման պատճառով է կարճվում՝ ուրեմն տվյալ անձի վրա շարունակում է ծանրանալ հանցագործության մեղադրանքի կասկածը։ Չի՞ պատրաստվում արդյոք Արշակ Սադոյանն ինքը հայցով դիմել արդարացման, անպարտ ճանաչվելու եւ գուցե այդժամ նաեւ՝ նյութական եւ բարոյական փոխհատուցման համար։ «Միգուցե մոտ ժամանակներս փորձեմ ինչ-որ ելք գտնել։ Համենայնդեպս, խնդրում եմ 4-րդ իշխանության ներկայացուցիչներին անդրադառնալ այս խնդրին։ Ես բողոքում եմ, որ դատախազությունը մեջտեղ է բերել իրադրության փոփոխման այս հարցը։ Պետք է հրապարակային դատաքննությամբ պարզվի՝ արդյոք ես մեղավոր էի։ Եվ կարծում եմ, նույն մոտեցումը պիտի լինի բոլոր դեպքերում»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031