Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…

Մարտ 17,1999 00:00

ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞… Կրթության եւ գիտության նախարարությունն այս տարի որոշել է հայոց լեզվից բուհական ընդունելության քննությունը իր ոչ մրցութային (ստուգարքային) մասով տեղափոխել դպրոց՝ նույնացնելով դպրոցի ավարտական պետական քննության հետ, այսինքն՝ դիմորդներին իրավունք է տրվել դպրոցի ավարտական քննության գնահատականով մասնակցել բուհի ընդունելության մրցույթին։ Նույնը վերաբերում է նաեւ «ֆիզիկա», «մաթեմատիկա» առարկաներին։ Իսկ «կենսաբանություն», «քիմիա» առարկաների համար բավարար է նույնիսկ ավարտական դասարանի տարեկան գնահատականը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս նորամուծությունը։ Եթե հավատանք նախարարության հավաստիացումներին, ապա դա արվում է դպրոցը՝ ընկած վիճակից վեր հանելու, ինչպես նաեւ «միջազգային ստանդարտներին» մոտենալու նպատակով։ Միշտ էլ կարելի է նման խոսքերի հետեւում ենթադրել նաեւ խմբակային շահեր, մութ գործարքներ եւ այլն։ Բայց ընդունենք, որ նպատակը միայն բարի է եւ ազնիվ։ Ամենաբարի եւ ազնիվ նպատակին անգամ կարելի է հասնել, եթե կան իրատեսական ծրագրեր, բավարար նախադրյալներ ու միջոցներ եւ ունակ կատարողներ։ Իսկ որքանո՞վ է սթափ գնահատված իրականությունը։ Որքանո՞վ է հաշվի առնված այն իրավիճակը, որ առկա է դպրոցներում ու բուհերում, մեր ամբողջ հանրության ու հասարակական գիտակցության մեջ։ Բուհական (ոչ միայն) ընդունելության քննությունների շուրջ մեր այս փոքրիկ երկրում միշտ էլ մեծ աղմուկ է եղել, անառողջ կրքեր են բորբոքվել, խոշոր գումարներ են խաղարկվել։ Դեռ զարգացած սոցիալիզմի տարիներից օգոստոսը ազգային եկամտի ստվերային վերաբաշխման ամիս էր։ Այդ քննությունները մշտապես եղել են կառավարության եւ իշխող կուսակցության ուշադրության կենտրոնին շատ մոտ։ Եվ, բնականաբար, դրանց վերահսկման, կառավարման, բարեփոխման բազմաթիվ փորձեր են արվել։ Դպրոցի թվանշանները հաշվի առնելու նախադեպ էլ կա։ Բայց նույնիսկ միայն մեդալակիրներին (բացարձակ գերազանցիկներին) մրցութային արտոնություններ տալը արժեզրկեց թե՛ մեդալը, թե՛ դպրոցի նշանակած թվանշանը, ուստի հարկ եղավ նմանատիպ փորձերից հրաժարվել։ Բուհերը իրավացիորեն չէին վստահում դպրոցի ներկայացրած արդյունքներին եւ իրենք էին կազմակերպում իրենց ուսանողների ընտրության մրցույթը։ Բայց քանի որ չարաշահումների գայթակղությանը բուհերն էլ սկսեցին չդիմանալ, կառավարությունը վերջին տասնամյակում հարկ համարեց կազմակերպել ընդունելության կենտրոնացված միասնական քննություններ։ Ճիշտ է, դրանով չարաշահումներն արմատախիլ անել չհաջողվեց։ Բայց ակնհայտ է, որ կենտրոնացված քննությունները չարյաց փոքրագույնն են։ Ակնհայտ է նաեւ, որ այսօր ամենից խարդախվածը կենտրոնացված համակարգից դուրս մնացած քննություններն են (մարզական, երաժշտական, կերպարվեստի եւ այլն)։ Ահա թե ինչու այսօր սեփական գիտելիքների ուժով բուհ ընդունվելը անհամեմատ ավելի հեշտ է, քան ուսումնարան կամ տեխնիկում, ուր ընդունվածների ցուցակը սովորաբար կազմված ու «հաստատված» է լինում քննություններից ավելի քան մեկ-երկու ամիս առաջ։ Կենտրոնացված քննությունները կատարելագործման տեղ դեռ շատ ունեն, եւ ներկա պայմաններում հեռանկարը հենց դրանում պետք է տեսնել։ Մեկ այլ իրողություն է այն, որ դպրոցի բարձիթողի վիճակի հետեւանքով մեռնում է դպրոցական ընթացիկ եւ ավարտական քննությունների ավանդույթը։ Խորհրդային տարիներին հանրակրթական բոլոր հիմնական առարկաներից ավարտական պետական քննություններ էին անցկացվում, եւ որքան էլ այդ քննությունները ձեւական բնույթ ունենային, այնուամենայնիվ, համապատասխան առարկաների նկատմամբ պատշաճ հարգանք էին ապահովում, թույլ չէին տալիս զանգվածաբար լքել ավարտական դասընթացները եւ դպրոցը վերածել գնահատականների ու վկայականների հեռակա խանութի։ Այսօր դպրոցում անցկացվող երկու-երեք ավարտական «պետական» քննությունները միայն անունով են քննություն։ Նախարարությունն ինքն անգամ չի վստահում դպրոցին եւ մեդալի թեկնածուների ավարտական քննությունն անց է կացնում կենտրոնացված կարգով։ Հայտարարված նոր կարգի համաձայն՝ ընդունելության քննությունները, իրենց բոլոր արատներով հանդերձ, ամենասանձարձակ կերպով պիտի ներխուժեն դպրոց. նախաքննական ահաբեկումներ, հանձնաժողովի անդամության համար հարկատվություն, թվանշանների վաճառք ու վերավաճառք։ Եթե «կտրելու պլան» չլինի, ապա դա կնշանակի, որ հայերենից բուհական ոչ մրցութային քննությունը վերացավ (ի խախտումն լեզվի մասին օրենքի)։ Չէ՞ որ բոլորն էլ, դպրոցն ընդամենը ավարտելով, հավասարապես «ստուգված» (դրական գնահատական) ստացած, կմասնակցեն բուհական մրցույթին (հավասար միավորների դեպքում հայերենի գնահատականի հաշվառման դեպքերը հատուկենտ են լինում)։ Պատահական չէ, որ բժշկականի, կոնսերվատորիայի, ֆիզկուլտ ինստիտուտի, թատերականի, գեղարվեստի ինստիտուտի, ճարտարագիտականի, ճարտարապետաշինարարականի, ինչպես նաեւ համալսարանի եւ մանկավարժականի ոչ հումանիտար ֆակուլտետների դիմորդները սկսել են դադարեցնել մասնավոր պարապմունքները՝ հաշվարկելով, որ իրենց ուզած գնահատականը դպրոցում գնելը շատ ավելի էժան կնստի, քան կրկնուսուցման ծախսը։ Նախարարությունն ուզո՞ւմ է դպրոցի եւ հանրակրթական առարկաների վարկը բարձրացնել, թո՛ղ ավարտական քննություններ կազմակերպվի բոլոր առարկաներից։ Ճշմարիտ քննություններ՝ կտրվելով, վերաքննությամբ, ատեստատից զրկվելով։ Գիտելիքների ստուգումներ, որոնց արդյունքների համար պատասխան տան թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը։ Դրանից հետո աշակերտը դպրոցից չի փախչի, իսկ ծնողը ուսուցչից գիտելիք, որակ կպահանջի։ Նախարարությունը հազիվ էր խելք արել ու հայտարարել հայ գրականությունից, ֆիզիկայից ու օտար լեզվից քննությունների հավելման մասին։ Դպրոցներում սկսել էին այդ առարկաների դասերը վերականգնվել, անցածի բացթողումները լրացնելու փորձեր էին արվում։ Հանկարծ, չգիտես ում չար կամքով, այդ երեք առարկայից թողնվում է մեկը՝ աշակերտի նախընտրածը։ Էլ ինչպե՞ս հավատաս, թե նախարարությունը դպրոցի լավն է ուզում։ Ընդունելության քննությունները վերացնելով՝ կարելի է վերացնել նաեւ կրկնուսուցման համակարգը։ Բայց դրանից դպրոցը ոչինչ չի շահի։ Բուհն էլ չի շահի։ Ընդամենը գիտելիքների պահանջարկը եւ համապատասխան առաջարկը կնվազեն։ Կրկնուսուցումն ինքնըստինքյան կմարի, եթե դպրոցի ավարտական քննությունները իսկական բովանդակություն ձեռք բերեն՝ անկախ բուհական ընդունելության քննություններից։ Ընդունելության քննությունները դպրոց տեղափոխելն այսօրվա պայմաններում նշանակում է կաշառակերությունն օրինականացնել, ծաղկեցնել ու ամրագրել դպրոցին։ Իսկ ովքե՞ր են ուզում վերջապես ապականել դպրոցը եւ սկսել բուհական համակարգի հիմքերի ավերումը։ Համաշխարհային բանկի գործակալնե՞րը, որ վխտում են կրթության եւ գիտության նախարարությունում։ Ապացույցներ չունենք։ Նախարարն ու փոխնախարա՞րը։ Դժվար թե նրանք այդքան խորամուխ են դպրոցի հոգսերի մեջ։ Ուրեմն ավելի ցածր մակարդակի չինովնիկներ են փորձում ջուր պղտորել եւ առատ որս անել։ Չէ՞ որ հազարավոր դպրոցներում անցկացվելիք քննությունների վերահսկողությունն այլեւս հանրապետության նախագահի մակարդակով չի կատարվի։ Նախարարն ու փոխնախարարն էլ ի վիճակի չեն լինի իրադրությունը վերահսկել։ Ուրեմն՝ ասպարեզը կմնա համայնքապետարանների կրթության բաժիններին եւ դպրոցի տնօրեններին։ Գ. ՄՈՎՍԻՍՅԱՆ Ակնկալում ենք նաեւ այլ տեսակետ ունեցողների արձագանքը՝ հարցը բանավեճի լավ թեմա համարելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031