Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական պայմանագիր. «տուր՝ տամ»

Մայիս 05,1999 00:00
aim

Շուկայական հարաբերությունները չէին կարող չսպրդել նաեւ նախընտրական քարոզարշավի մեջ։ Նախընտրական խոստումները եւ ընտրակաշառքների տեսականին իհարկե նույն հարաբերությունների արդյունք են՝ «տուր՝ տամ» սկզբունքով, բայց այն, ինչ անցել է Ինքնորոշում միավորման մտքով, գրեթե զավեշտի է հասնում։

Կուսակցությունը որոշել է (եւ իրագործում է) պայմանագիր կնքել իր ընտրողի եւ կուսակցության միջեւ։ Պայմանագիրը հենց այդպես էլ կոչվում է. «ԱԻՄ-ի եւ ընտրողի միջեւ»։ Խմբագրությունը ահազանգ էր ստացել Ավանի Դուրյան թաղամասի 44 շենքի բնակիչ Ռուբեն Աբրահամյանից։ Նամակում մասնավորապես ասվում է. «Նախընտրական բուռն քարոզարշավի այս օրերին յուրովի է փայլատակում «ԱԻՄ+» դաշինքի գիտական միտքը։ Մայիսի 1-ին ԱԻՄ-ի էմիսարները մեր թաղամասում տնից-տուն էին անցնում ու հորդորում՝ հանուն քաղաքացիների ապահովության համերաշխության՝ պայմանագիր կնքել «ԱԻՄ+» դաշինքի հետ»։ Այնուհետեւ մեր ընթերցողն ու նամակագիրը դժգոհում է, որ «նույնիսկ մեծ ճանապարհների ավազակներն այսպիսի դեպքերում այլընտրանքի տեղ էին թողնում՝ կամ քսակդ, կամ կյանքդ։ Մարդու իրավունքների նշանավոր ջատագովը համ քսակն է պահանջում, համ կյանքը, համ էլ հանձնարարում են գովաբանել իրենց կուսակցությունը»։

Հեռախոսով կապվեցինք նամակագրին եւ փորձեցինք ճշտել՝ եթե պայմանագիրը նրա սրտովը չէ, ինչո՞ւ է ստորագրել եւ վերցրել այն։ Ռ. Աբրահամյանը պատասխանեց, թե ստորագրել է միայն մի պատճառով, որ օրինակն ունենա եւ որեւէ թերթի խմբագրության ուղարկի, որպես իր խոսքի ապացույց։

Դե, քանի որ պայմանագիրը հասել էր մեզ, մանրամասն ծանոթացանք։ Պարզվեց, որ պայմանագիր կոչվածը չափազանց միակողմանի է, թեպետ առաջին կետով «ԱԻՄ-ը պարտավորվում է պաշտպանել պայմանագիր կնքած բոլոր քաղաքացիների (այսուհետեւ՝ ընտրող) շահերը պետական բոլոր մակարդակներում»։ Հայտնի բան է, երբ ասվում է՝ բոլոր, պարզ է, որ՝ ոչ մի։ ԱԻՄ-ի հաջորդ պարտավորությունն այն է, որ դռները բաց է պահելու «իր ընտրողների առջեւ»։ Դրա փոխարեն ընտրողը պետք է իր ձայնը տա Անդերսենի ջրահարսի պես, ծանոթ-բարեկամներին համոզի, որ օժանդակեն ԱԻՄ-ին, մասնակցի հանձնաժողովների նիստերին եւ նյութապես աջակցի։ Պայմանագրի հետեւի մասում «սիրելի հայրենակցին» առաջարկվում է սույնը կնքել չորս տարի ժամկետով։ Ըստ ԱԻՄ-ի, դա ավելին կտա, քան «10-50 դոլար ընտրակաշառքով խաբվելը»։ «Как знать?»

Նախընտրական փուլում կուսակցությունները փորձում են իրենք իրենց գերազանցել։ Երբ պայմանագրի մասին ուզեցինք ինֆորմացիա ստանալ ԱԻՄ-ի գրասենյակից, նախընտրական շտաբի պետ Մեխակ Գաբրիելյանը չթաքցրեց, որ այդպիսի պայմանագիր իրոք կա, նույնիսկ ասաց, թե մոտ 60 հազար հատ կնքվել է եւ դեռ շարունակում է կնքվել։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31