Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑ

Մայիս 06,1999 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑ «Առավոտը» նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Ավանի թիվ 3 ընտրատարածքում օրեր շարունակ ձգձգվող գզվռտոցը։ Երեկ ՍԻՄ-ի գրասենյակում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական շտաբը մամուլի ասուլիս էր հրավիրել նույն թեմայով։ Թիվ 3 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվածները 17 հոգի են։ Նրանցից մեկը՝ Գագիկ Կոստանդյանը («Գոռ» ՍՊԸ-ի տնօրեն) ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես են իրեն ահաբեկում, ինչպես են իր վստահված անձանց, իր որդուն վախեցնում, ծեծում եւ այլն։ Առավել մանրամասն կարող եք կարդալ «Առավոտի» մայիսի 6-ի համարը։ Մեզ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչո՞ւ է պարոն Կոստանդյանը աջակցություն փնտրում այս դաշինքի մեջ, երբ ինքը համամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրված «Արժանապատիվ ապագա» կուսակցության ցուցակով։ Թյուրիմացությունից խուսափելու համար ասենք, որ Գագիկ Կոստանդյանի ասելով ինքը որեւէ կուսակցության անդամ չէ, պարզապես համակրում է ե՛ւ «Իրավունք ու միաբանություն» դաշինքին, ե՛ւ «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը։ Եթե իսկապես հավատանք, որ այս կուսակցությունը եւ այս դաշինքը հովանավորում են համապատասխանաբար ՀՀ վարչապետը եւ ԼՂՀ պաշտպանության նախարարը, ապա շատ հետաքրքիր զուգահեռ է ստացվում։ Իսկ եթե Գոռ Կոստանդյանի խոսքն ընդունենք ի գիտություն առ այն, որ իրեն հալածում է Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը, հօգուտ «Հզոր հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լյովիկ (Լեւոն) Եզեկյանի (ԵՊՀ-ի լեզվի ամբիոնի վարիչ), ապա զուգահեռներն ավելի քան հետաքրքիր են դառնում։ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Խաչատրյանի ասելով, իրենք պարզապես աջակցում են բոլոր այն թեկնածուներին, ովքեր իրենց աջակցության կարիքը կզգան։ Գագիկ Կոստանդյանը չթաքցրեց, որ օգնություն սպասում է բոլոր կուսակցություններից, բոլոր լրագրողներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել