Լրահոս
Օրվա լրահոսը

Յո երթաս…

Հունիս 17,1999 00:00
toto

Կառավարությունը ձեւավորված է։ Նրանք, ովքեր դեռ երեկ ներկա էին՝ դարձան անցյալ, անհայտները դարձան հայտնի եւ հայտնիները՝ ապառնի։ Այս կառավարությունը եւս հրաշքներ չի գործելու, բայց շախմատի տախտակին ֆիգուրների վերադասավորում էր հարկավոր։

Զինվոր ու գեներալ շարված են, յուրաքանչյուրն իր քառակուսու մեջ աթոռատեր է։ Բայց նորեկների մասին դեռ խոսելու ժամանակ կլինի։ Խոսքը նոփ-նոր հներին է վերաբերում։ Իրենց նախարարական պաշտոնին մնացին հներից 11 նախարար։ Թվում է, այնքան քիչ չէ։ Եթե 25-ից հանենք մնացած 11-ը, կստացվի, որ 14 մարդ նոր պաշտոն եւ նոր լծակներ ստացան։ Փոխված նախարարները, փաստորեն, այնքան էլ շատ չեն՝ սոցապ նախկին նախարար Գագիկ Եգանյան, ֆինանսներ՝ Էդուարդ Սանդոյան, կրթություն՝ Լեւոն Մկրտչյան, էներգետիկայի՝ Մերուժան Միքայելյան, փոստի եւ հեռահաղորդակցման՝ Արտակ Վարդանյան, քաղաքաշինության՝ Ֆելիքս Փիրումյան, գյուղատնտեսության՝ Վլադիմիր Մովսիսյանը եւ նույն ինքը՝ Գագիկ Մարտիրոսյանը։ Ի դեպ, Գագիկների մասին։ 1998-ի Գագիկների կիսատ մնացած ջարդը շարունակվեց եւ ավարտվեց 99-ին։ Սոցապ նախկին նախարար Գագիկ Եգանյանը շարունակեց ու ավարտեց ընտանեկան նպաստի համակարգի ներդրման գործը եւ «Առավոտի» կանխատեսումներին հավատարիմ՝ գործից դուրս մնաց։ Նրանցից Սանդոյանը, Վարդանյանը եւ Միքայելյանը կարող էին գլխի ընկնել, որ իրենց աթոռը երերուն է, քանի որ իրենց հավատարիմ ընկեր Արմեն Դարբինյանն այլեւս վարչապետ չէր։ Նրանք կամաց-կամաց կարող էին հավաքել իրերը։ Իսկ, օրինակ, Լեւոն Մկրտչյանը կարող էր մինչեւ վերջ հույս ունենալ, թե գուցե մնա, դաշնակներին երկու նախարարներին աթոռ հատկացնելու դեպքում։ Բայց ինչ-որ պահի նա նույնպես պետք է պատրաստ լիներ՝ իրերը կապկպած։ Բայց, օրինակ, սոցապ նախկին նախարար Գագիկ Եգանյանի մասին նույնը չես կարող ասել։ Նա ոչ նախկին վարչապետի ընկերն էր, ոչ էլ դաշնակ։ Թեպետ նրա նշանակման օրերին շահարկվում էր նրա ղարաբաղցի լինելու հանգամանքը։ Բայց այս խաղաքարտն այլեւս ժամանակակից չէ։

Ֆելիքս Փիրումյանը եւ Գագիկ Մարտիրոսյանը օրեր առաջ ՀԲ-ի նախագահին եւ Արմեն Դարբինյանին ուղեկցում էին Սպիտակ։ «Առավոտի» այն հարցին, թե ո՞ւմ են նրանք ուղեկցում՝ առաջինին, թե երկրորդին, երկուսն էլ պատասխանեցին. երկուսին էլ։ Կարծում եմ, վարչապետին մինչեւ վերջ նվիրվածությունը ինչ-որ չափով դեր խաղաց նրանց պաշտոնազրկման գործում։ Բայց եթե Փիրումյան Ֆելիքսը դեռ պարզ չէ՝ թե որտեղից դուրս կգա, ապա Մարտիրոսյան Գագիկն արդեն նոր վարչապետի կողքին է։ Նա պատրաստվում է իր նման նախկին դարձածներ Վլադիմիր Մովսիսյանի, Լեւոն Մկրտչյանի եւ չգիտես ինչու, Անդրանիկ Քոչարյանի հետ, լուրջ ու ծանրակշիռ խորհուրդներ տալ վարչապետին։

Հետաքրքրական է նոր նախարարների նշանակման օրվա ընթացքը (նաեւ դրանից մի քանի օր առաջվա անհանգստությունները)։ Նրանցից ոմանք արտաքուստ հանգիստ էին, նույնիսկ հարցազրույց էին տալիս, փորձում էին ձեւի մեջ մնալ։ Որքան նոր կառավարության կազմի հրապարակման օրը մոտենում էր, այնքան նախարարների օրը սեւանում էր։ Նրանք կարող էին ձեռքը փրփուրին գցողի հուսահատությամբ իրենց հասարակության հետ կապերի պատասխանատուներին, գործավար-քարտուղարուհիներին, ծանոթ-բարեկամներին հարցնել՝ «Պատահաբար չգիտե՞ք, ես մնալո՞ւ եմ, թե՞ ոչ»։ Այս ընթացքում հետաքրքիր հոգեբանական փոփոխություններ էին տեղի ունենում գրեթե բոլոր նախարարություններում՝ փոխնախարարները սենյակից-սենյակ գնալով բամբասում էին նախարարից, ում սրտին ինչ կար, ասում էր առանց թաքցնելու։ Փոխնախարարական, քարտուղարուհիական եւ «d» կլասի այլ աշխատակիցներ հարմար պահի վատաբանում են հավանական գնացողին, հույս փայփայելով, թե նոր եկածն իրենց կգնահատի։

Ցանկացած ինֆորմացիա նախորդ օրվա ընթացքում այնպիսի գլխապտույտ արագությամբ էր փոփոխվում, որ ոչինչ չէր մնում, քան սպասել վերջին պահին։ Բայց մյուս կողմից էլ, նախարարն էլ մարդ է, եւ մարդու իրավունքներ նրան էլ են տրված։ Անկախ իմ ոչ դրական վերաբերմունքին առ բոլոր պաշտոնյաները, այնուամենայնիվ, ընդունում եմ, որ բոլոր գործից հանվածների նկատմամբ բոլոր ժամանակներում անարդար են վարվում։ Լավ թե վատ՝ մարդիկ գործ են արել։ Եթե ոչինչ լուրջ բան արած չլինեն, գոնե խորհրդարանական հարց ու պատասխանին են մասնակցել։ Եվ պետք էր, որ այդ մարդկանց մի օր հավաքեին մի տեղում, ասեին՝ կներեք, չենք ուզում ձեզ հետ աշխատել, դուք մեզ այլեւս պետք չեք։ Վերջին տասը տարվա ընթացքում ութերորդ կառավարությունն է փոխվում եւ բոլոր նախարարները հեռացվել են առանց մի դատարկ շնորհակալության։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930