Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՐՄԱՆԵՐՍ ԱՐԵՎ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ»

Հուլիս 06,1999 00:00
aporini

Մի տարուց ավելի է, ինչ Օֆելյա Տրատը ծեծում է վերեւների, ասել է թե՝ վերադաս կազմակերպությունների դռները։ Խնդիրը շատ պարզ է եւ հնարավոր է լուծել բարի կամքի դրսեւորմամբ։ Նաեւ՝ բարիդրացիական հարաբերությունների շտկմամբ։ Բանն այն է, որ տիկին Օֆելյայի հարեւանը՝ Ա. Բաբաջանյանը կառուցել է 8 մետր բարձրության եւ 14 մետր երկարության ապօրինի մի կառույց, այն է՝ պատշգամբ, նրա պատի վրա…

Օֆելյա Տրատը վրդովմունքով պատմում էր, որ իրեն՝ 70-ամյա կնոջը իր աշխատասենյակից բռնի ուժով դուրս է արել Շահումյանի շրջանի կոմունալ բաժնի պետը, իսկ ինժեները խաբելով, թե կքանդենք, ոչինչ չէր ձեռնարկել։ Տիկ. Օֆելյային այնպես է թվում, թե վերեւների այս կարգի «ջոկողությունը» պայմանավորված է նրանով, որ ինքն ազգությամբ լեհ է. «Եթե հայ լինեի, երեւի այդպես չէին վարվի ինձ հետ»,- ասում է նա, թեեւ բազմաթիվ բողոքներն ու նմանօրինակ փաստերը խոսում են այն մասին, որ հասարակ, լուծելի հարցի հետեւում ավելի շուտ վերահսկողության բացակայությունն է, իրենց իսկ որոշումների հետեւից չգնալը։

Բատիկյան փողոցի թիվ 42 տան բնակչուհու բողոքը հասնում է Երեւանի քաղաքապետարան։ Համենայնդեպս, ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը դեռ 18.12.98 թ. խոստանում էր տիկին Օֆելյային, թե «հարեւան թիվ 44 տան սեփականատեր Ալվինա Բաբաջանյանի կողմից իր սեփական տարածքում ինքնակամ կառուցված պատշգամբի պատուհանները կպարտադրվի փակել»։ Կպարտադրվի ու չի պարտադրվում։ Համենայնդեպս, չի փակվում։ Ավելի պերճախոս են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Գ. Ասատրյանի նույնատիպ բովանդակության պատասխանները քաղաքացուհուն, թեեւ դրանք խորհրդանշում էին ժամանակային (գրաֆիկի) փոփոխությունները։ «Միտքն» այն է, որ «թաղապետին ներկայացված է համապատասխան պարզաբանումներով զեկուցագիր։ Ուստի հետագա ընթացքի մասին կտեղեկացվի»։ Հետո, իհարկե, պատասխան տեքստն է գալիս՝ խորհրդատվական բնույթով։ Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը «իրենից գցելու» համար խորհուրդ է «իջեցնում», թե՝ «քանի որ ձեր միջեւ առաջացել են տարաձայնություններ, այդ հարցի վերաբերյալ դուք պետք է դիմեք ժողդատարան» (դե, իհարկե, չէին ասի, թե ո՞ւմ մեղքով առաջացան այդ տարաձայնությունները- Ռ. Մ.)։ Ներքեւների վրա հույս չդնելով (տիկ. Օֆելյան դիմել էր նաեւ համայնքի ղեկավար Վ. Զատիկյանին, տեղի դատախազին՝ Ռ. Պողոսյանին։ Վերջինս էլ իր հերթին «թղթիկ» է ուղարկում համայնքապետին, թե՝ «խնդրվում է հանձնարարել ստուգել եւ արդյունքների մասին հայտնել դիմումատուին» (իսկ թե իրենք ի՞նչ են ձեռնարկելու, գերադասում են լռել- Ռ. Մ.)։ Հարցը սրվում է, իսկ սայլը տեղից չի շարժվում։

Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռ. Կանցյանը փաստորեն իր պաշտոնական գրությամբ (28.12.98 թ.) փաստում է, որ, այո, տիկին Օֆելյան ճիշտ է, որ, այո, «թիվ 44 տան բնակիչ Ա. Բաբաջանյանը 1997 թ. առանց սահմանված թույլտվության եւ շինարարական նորմերի խախտումով, առանց սահմանված կարգով հաստատված նախագծի կառուցել է տուն-կցաշենք եւ պատշգամբ»։ Տեղեկացանք նաեւ, որ ապօրինի շինարարության համար Ա. Բաբաջանյանը ենթարկվել է նույնիսկ վարչական տույժի՝ տուգանվել է։ Սակայն մի կողմից տուգանվել է, մյուս կողմից շարունակել է շինարարական աշխատանքները։ Եվ թաղապետարանը փաստորեն անզոր է գտնվել հարցը տեղում լուծել։ Այնքան անզոր, որ կարող է գրել, թե. «այս ամենից հետո, երբ սպառվել են վիճելի հարցի Ա. Բաբաջանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ լուծելու բոլոր հնարավորությունները, ապա կարող եք դիմել ժողդատարան, Ձեր խախտված իրավունքը պաշտպանելու եւ վերականգնելու հայցապահանջով»։ Դատարաններն էլ պարապ են, էլի։ Տեղական իշխանիկների՝ տեղերում անզոր գտնվելու պատճառով, քաղաքացին հարկադիր գումար պետք է ծախսի, փաստաբան վարձի, որ իր շատ սովորական հարցը դատական կարգով լուծի։ Իսկ 70-ամյա այդ կինը գումար ունի՞ եւ այդքան գումար հանուն ինչի՞ պիտի ընկնի…

Ի դեպ, թաղապետարանի իրավաբանական բաժնի հարգելի պետը Օ. Տրատին տեղեկացրել էր, թե նրա դիմում-բողոքները «համապատասխան մակագրություններով քննարկվել եւ ուսումնասիրվել էր թաղապետարանի բաժիններում»։ Կյանքը ցույց տվեց, որ համապատասխան մակագրությունները չփրկեցին անգամ տիկնոջ թարմաները։ Գուցե ճիշտ կլիներ մականունների՞ն դիմել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031