Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԲՈՐԻՍ ԿԱՅՍԵՐ ԵՎ ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ

Հուլիս 06,1999 00:00
yelcin

Յարոսլավ Հաշեկի հերոսները Բրուկ կայարանում երեք օր են սպասում մինչեւ ռազմաճակատ մեկնելը։ Սպասման այդ ծանր պահերին նրանք ինչ ասես որ չեն անում, քանի որ տենչում են ժամ առաջ հասնել ռազմաճակատ եւ շրապնելից կտոր-կտոր լինել՝ հանուն կայսեր եւ Ավստրո-Հունգարիայի։

Գրեթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Պսկովի դեսանտային դիվիզիայում, որտեղ արդեն մի քանի օր է, առավոտյան տալիս են «դեպի մեքենաները» հրահանգը, իսկ 5 ժամ հետո հնչում է բաղձալի «ատբոյը»։ Իհարկե, տղաները այնքան էլ չեն շտապում հակահետեւակային ականների վրա Կոսովոյում պայթել հանուն Բորիս արքայի։ Բայց դե, ամեն օր սպասելն էլ մի բան չէ։ Դրանից բացի հայրենի Պսկովի եզերքները արդեն զզվեցրել են նրանց եւ նրանք ցանկանում են հայտնվել Եվրոպայի կենտրոնում, այն է՝ Կոսովոյում, համ արտասահմանը տեսնել, համ իրենց նեգր գործընկերներին, համ էլ մի քիչ փող աշխատել։

Եթե Պսկովի դեսանտայինների բախտն այնքան էլ չի բերում, ապա Տուլայի նրանց գործընկերները ահագին շահեկան դիրքում են հայտնվել։ Նրանք այլեւս չեն սպասում այս կամ այն երկրի օդային միջանցքի թույլտվությանը, եւ արդեն հայտնվել են Տուապսեում, որտեղից նավերով կմեկնեն Հարավսլավիա։ Եթե, իհարկե, նրանց նավերն էլ չկանգնեցվեն Բոսֆորում։ Իհարկե, հիմա կասեք, թե ինչպես կարող են թուրքերը համարձակվել եւ թույլ չտալ ռուսական ռազմանավերի անցումն իրենց տարածքային ջրերով, բայց դե, ո՞ւմ մտքով կանցներ, որ Բուլղարիան կարող է օդային միջանցքի թույլտվություն չհատկացնել Ռուսաստանին եւ գրեթե մեկ ամիս ձգձգել մի քանի ինքնաթիռի հարցը։ Առավել եւս, որ առայժմ նույն Բուլղարիայի հակաօդային պաշտպանության համակարգերի գլխավոր վահանակը գտնվում է Ռուսաստանում։՛ Այս ամենի մասին երեկ նախագահ Ելցինին զեկուցեց պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւը։ Նա խոստացավ մեկ օրում լուծել Հարավսլավիայի հետ կապված բոլոր հարցերը եւ հեռացավ։

Ընդհանրապես երեկ Ռուսաստանի նախագահի աշխատասենյակը խիստ մարդաշատ էր։ Նախ այնտեղից դուրս եկավ ներքին գործերի նախարար Վլադիմիր Ռուշայլոն, եւ լրագրողներին պատմեց, թե ինչպես են իրենք չեչենա-դաղստանյան սահմանում նախազգուշական կրակ բացել չեչենական 150-200 հոգիանոց խմբի վրա։ Նախազգուշական միջոցառումը իրագործվել է ռազմական ուղղաթիռների եւ ականանետների օգնությամբ։ Չեչենական կողմից կան բազմաթիվ զոհեր։

Հաջորդը Ելցինի աշխատասենյակում եղավ վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, որը Ելցինից ստացավ հանձնարարական՝ մեկ ամսում իրագործել ռուս-բելառուսական համաձայնագրի բոլոր կետերը։ Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սպառնաց՝ Մոսկվայի դանդաղկոտության պատճառով, հարաբերությունները կտրուկ լավացնել Արեւմուտքի հետ։ Լուկաշենկոյի կողմից այդ միտքը հնչեց մոտավորապես այսպես. «Մենք վիճեցինք ողջ աշխարհի հետ հանուն այն բանի, որ եղբայրություն անենք Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան ամեն կերպ խոչընդոտում է այդ եղբայրությանը։ Ես արդեն հանձնարարական տվել եմ արտաքին գործերի նախարարին, որ նա շատ կարճ ժամանակամիջոցում արեւմտյան երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատի»։

Ի պատասխան այս սպառնալիքի, Ելցինի աշխատասենյակից դուրս եկած Լուկաշենկոն ոչինչ չասաց նախագահի ադմինիստրացիայի մասին, միայն նշեց, որ իրենք ողջունում են Բելառուսի սպասվելիք դիվանագիտական հաջողությունները։

Ստեպաշինից հետո Ելցինի աշխատասենյակը զբաղեցրեց Իգոր Սերգեեւը եւ զեկուցեց Հարավսլավիայի հետ կապված իրավիճակի մասին։

Ինչ վերաբերում է չեչենա- դաղստանյան սահմանում «հանցագործ խմբավորմանը» հարված հասցնելուն, ապա, ըստ երեւույթին, առաջիկա օրերին Չեչնիայի համապատասխան մարմինները հանդես կգան հայտարարությամբ, եւ կպարզվի, որ դրանք եղել են «խաղաղ գյուղացիներ», որոնք այդ կողմերում ոչխար են արածացրել։ Հետո, չի բացառվում, որ շուտով կրկնվի Բուդյոնովսկի սցենարի նման մի բան, որից հետո Ստեպաշինը մեղայականով հայտնվի Չեչնիայում, ինչից հետո էլ մենք ականատես կլինենք Հյուսիսային Կովկասի վերջնական անջատմանը Ռուսաստանից։

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031