Լրահոս
Օրվա լրահոսը

«500 ՕՐ» ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հուլիս 07,1999 00:00
toto

«Միասնություն» դաշինքը, որպես իշխող ուժ օրենսդիր եւ գործադիր իշխանության օղակներում, Հայաստանի տնտեսական ինքնուրույնության հաստատման ճանապարհին հիմնական կարգախոս է հռչակել՝ «Կառուցենք եւ պաշտպանենք»։

Այս «500 օր» ծրագրի շրջանակներում դաշինքը իր հիմնական կարգախոսն իրագործելու հիմնաքարը պետք է դարձնի հայ մարդու, անհատի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ եւ ապահով ապրելու, արարելու ու ստեղծագործելու իրավունքը։ Եթե ավելի կարճ ձեւակերպենք այդ կարգախոսի նպատակը, այսօրվա հայաստանցու իրական խնդիրներից ելնելով, ապա կարելի է այսպես ասել՝ կերակրել-կազդուրել-կրթել-կառուցել (պայմանականորեն՝ 4 «կ» սկզբունք)։

«500 օր» ծրագրի շրջանակներում համառոտ առաջարկում եմ.

1. Ձեւակերպել «Հայաստանի Հանրապետության ազգային շահ», «հետաքրքրություն» կատեգորիաները։ Դրանք կարող են դառնալ «Ազգային անվտանգության հայեցակարգի» ընդունման, «Ռազմական դոկտրինայի» հաստատման, «Արտաքին տնտեսական անվտանգության» ապահովման, «Պետական տնտեսական քաղաքականության» ուրվագծման, ինչպես նաեւ «Հայաստանի տնտեսության ինքնուրույնության» կայացման հիմքը։

2. Հայաստանի պարենային ապահովման անվտանգության ծրագրի ընդունում, ագրոարդյունաբերական համալիրների վերականգնում, ստեղծում՝ հիմք ընդունելով բոլոր մարզերում գործող վերամշակող ու մթերող ձեռնարկությունները, անկախ սեփականության ձեւից։ Դրանց մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների, կարտելների, կոնցեռնների ստեղծում պետության մասնակցությամբ՝ ագրոարդյունաբերական համալիրի շրջանակներում։

3. Արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների պետական, տնտեսական քաղաքականության հաստատում, ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնում, գիտատար արդյունաբերության զարգացում,

-անհրաժեշտության դեպքում՝ «Հայաստանի տնտեսական ինքնուրույնության» ապահովման շրջանակներնում ազգայնացնել «ԱրմենՏելը» եւ հեռահաղորդակցման բոլոր ռազմավարական օբյեկտները, Երեւանի կոնյակի գործարանը, Ալավերդու պղնձաձուլական ձեռնարկությունը, լեռնահանքային բոլոր ձեռնարկությունները՝ ամբողջությամբ, ոսկու հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման բոլոր ձեռնարկությունները, դեղագործական ձեռնարկությունները, օդակայանները, հաղորդակցության հիմնական եւ ռազմավարական ուղիները, այդ թվում՝ ավտոմայրուղիները։

4. Պարսից ծոցի, Սեւ եւ Միջերկրական ծովերի նավահանգիստներում վարձակալել տարածքներ՝ գնվելիք հայկական ռազմածովային եւ տրանսպորտային նավերի համար, -աշխատանքներ իրականացնել միջուկային տերություն դառնալու ուղղությամբ՝ օգտագործելով ՀԱԷԿ-ի ողջ ներուժն ու գիտատար աշխատուժը։

5. Առեւտրային բանկերի կանոնադիր, հիմնադիր կապիտալի պարտադիր ավելացում 25 անգամ, որի արդյունքում կմնան 3-4 խոշոր առեւտրային բանկեր, որոնց միջոցով եւ կիրականացվի 4 «կ»-ի հիմնախնդիրները,

-աշխատավարձերի դանդաղ, բայց մշտապես բարձրացում, էլեկտրաէներգիայի եւ մի շարք այլ սակագների դանդաղ իջեցում,

-Համաշխարհային բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի հետ կապերի անշեղորեն եւ շուտափույթ դադարեցում։ Սեփական փողով (թեկուզեւ քիչ) սեփական տնտեսության կառուցում։

6. Պետպլանի մի շարք կարեւորագույն իրավունքների վերականգնում՝ ինքնուրույն տնտեսական համակարգի ապահովման, երկրի ազգային անվտանգության իրագործման, բնակչության վստահ եւ արժանապատիվ ապագա ունենալու համոզմունքի հասնելու նպատակով, -գնագոյացման պետական տեսչության ստեղծում (եթե Համաշխարհային բանկն իրեն իրավունք է վերապահում Հայաստանում, այսպես կոչված, միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով կարգավորել, իմա՝ մշտապես բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ապա Հայաստանի պետական համակարգը սեփական տնտեսական անվտանգությունն ապահովելու տեսակետից ելնելով, պետք է կարգավորի մի շարք կարեւորագույն ապրանքատեսակների, ռազմավարական նշանակության արտադրանքների, վառելիքաէներգետիկական ոլորտին առնչվող ապրանքատեսակների գները։

7. Պետական կառավարման համակարգում անհապաղ ձեռնամուխ լինել կառուցվածքային փոփոխությունների՝ ազգային անվտանգության, տնտեսական ինքնուրույնության ապահովման տեսակետից եւ ոչ թե միջազգային կազմակերպությունների խորհրդականների «խորհրդից» ելնելով, -զարկ տալ գիտատեխնիկական առաջընթացն ապահովող ճյուղերին, գիտահետազոտական ինստիտուտներին, հաստատություններին, «գողանալ» աշխարհի առաջավոր գիտական փորձն ու ծրագրերը, մշակումներն ու հայտնագործությունները եվրոպական եւ ամերիկյան երկրներից՝ ապահովելու սեփական տնտեսության առաջընթացը, նրա բարգավաճումը։ Վերոհիշյալ ծրագրերը հնարավոր է սկսել եւ իրականացնել 500 օրում՝ քաղաքական կամքի եւ ազգային տնտեսության ինքնուրույն համակարգ ստեղծելու ցանկության առկայության պարագայում։

ԱՐԱՅԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031