Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ

Հուլիս 17,1999 00:00
Gexam Xaribjanyan

Քաղաքականության տնտեսական հիմքը

Այս օրերին լրանում է ՀՀ նախագահի հրամանագրի 6 ամիսը, որով Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։

Նախորդ կիրակի նրան հանդիպելով Վերնիսաժում, որտեղ պարոն Ղարիբջանյանը նկարներ էր ընտրում դեսպանատան համար, զրույցի հրավեր արեցինք, ինչը սկսեցինք մի հարցով, որի հիմքերը գոյացել են դեռեւս 6 ամիս առաջ։

– Պարոն Ղարիբջանյան, մամուլում հրապարակումներ երեւացին, թե ասել եք, որ ձեր նշանակմամբ էլ ավելի կխորանան հայ-իրանական հարաբերությունները, բայց արդյունքներ, կարծես, չկան։

– Ես այնպիսի դաստիարակություն ունեմ, որ ինձ թույլ չէի տա ասել, թե իմ նշանակումով հայ-իրանական դարավոր բարեկամությունը նոր փուլ է ապրելու։ Ուղղակի, ինչպես իմ տեղում կվարվեր յուրաքանչյուր մեկը, ես էլ փորձում եմ առավելագույնն անել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ընթանան այն հունով, որը նախատեսված է ե՛ւ Աստծո, ե՛ւ 2 երկրների ղեկավարների կողմից։

Անշուշտ, մի քանի ամսում լուրջ ձեռքբերումներ ունենալ հնարավոր չէր, սակայն որակական փոփոխություններ են տեղի ունենում։ Հյուսիս-հարավ առանցքի խնդիրները նաեւ տնտեսական բովանդակություն են ձեռք բերում, իսկ մեր հարավային հարեւանի հետ մենք ունենք տնտեսական ընդհանուր խնդիրներ։ Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունի շուրջ ութսուն համաձայնագիր եւ պայմանագիր, որոնց մեծ մասը, ցավոք, կյանքի չի կոչվել։ Այդ բոլոր հարցերը հիմա լուծելու փորձ է արվում, մանավանդ որ շուրջ մեկ տարի առաջ տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ հանձնաժողովի նիստը, որը հստակ ժամկետներ է սահմանել գործունեություն ծավալելու համար։

Ու, քանի որ ոչինչ գրեթե չի արվել, փորձ է արվում այդ պլանն իրագործել մեկ տարի ուշացումով։

Արդեն նախնական աշխատանքները սկսելու նախապատրաստություններ կան Մեղրու ՀԷԿ-ում, որի նախագծային աշխատանքներն ավարտված են։

Հիմա ավելի առարկայական խոսակցություն է ծավալվում Մեղրի-Քաջարան թունելի, Իրան-Հայաստան գազի խողովակաշարի շինարարության վերաբերյալ, որոնց ճակատագիրը պարզ կդառնա մոտ ժամանակներս՝ նախատեսված բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում։ Իհարկե, պրոբլեմներ նույնպես կան՝ Գեղամ Ղարիբջանյանը վկայեց, որ ինքը 15-20 գործ է փոխանցել ԱԳՆ, կապված անհատ ձեռներեցների գործունեության հետ, որոնցում խոսքը 1000-ից մինչեւ 100 հազարավոր դոլարների մասին է. «Ճիշտ կլինի համագործակցությունը 2 դատախազությունների միջեւ։ Այլապես՝ քանի դեռ վստահությունը խաթարված է, գործարարները չեն համարձակվում խոշոր գումարներ ներդնել Հայաստանում։

Եթե այդ գործերին ընթացք տրվի, վստահ եմ, որ ներդրումների ծավալները կտրուկ կմեծանան,- շարունակեց Գեղամ Ղարիբջանյանը,- մանավանդ որ կան համագործակցության լուրջ հիմքեր։ Իրանի ծխախոտային ընկերության եւ «Գրանդ Տոբակոյի» միջեւ կնքված պայմանագրով՝ ներմուծվելու է 3000 տոննա ծխախոտի հումք։ «Գոհարիափ» իրանական ձեռնարկությունը պատրաստակամ է Հայաստանում կազմակերպել ոսկերչական իրերի եւ կիսաթանկարժեք քարերի մշակում։ Դա աշխատատեղերի ստեղծում է նշանակում եւ առհասարակ, որպեսզի քաղաքականությունը կապակցված լինի եւ հաջող ընթացք ապահովի, պիտի տնտեսական հիմք էլ ունենա։ Այդ նկատառումով էլ Իրանում ՀՀ դեսպանատանը ստեղծվել է տնտեսական խորհրդականի հաստիք։ Ամեն օր Հայաստան է այցելում իրանցի 15 գործարար եւ նույնքան բեռնատար ավտոմեքենա է մտնում հանրապետություն»։

– Պարոն Ղարիբջանյան, այնպես եք ներկայացնում, թե Հայաստան-Իրան հարաբերությունները փայլուն են, մինչդեռ, կարծես, ամենեւին էլ այդպես չէ։ Ինչո՞ւ Իրանի արտգործնախարար Խարազին Հայաստան գալու փոխարեն նախընտրեց մեկնել Վրաստան։

– Այցը նախատեսված էր հունիսի առաջին տասնօրյակում, սակայն, որպեսզի հանդիպումը ոչ թե նախկին վարչապետի ու ԱԺ նախագահի հետ լինի, այլ նորերի, հետաձգվեց։ Նախատեսվում է, որ սեպտեմբերի 9-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպում, որին մասնակցելու հրավերը Վարդան Օսկանյանը վերահաստատել է նույն օրերին Թբիլիսիում գտնվող պարոն Խարազիին։

Օգտվելով առիթից Գեղամ Ղարիբջանյանի հետ ճշտեցինք նաեւ Հունաստանի պաշտպանության նախարար պարոն Ձոխածոպոլոսի՝ Թեհրանում արած հայտարարության մանրամասները։ Պարոն դեսպանը վկայեց, որ բոլոր հանդիպումների եւ ասուլիսների ժամանակ նախարար Ձոխածոպոլոսը խոսել է ընդհանուր հետաքրքրությունների մասին. «Նա ասում էր, որ ե՛ւ Հունաստանը, ե՛ւ Իրանը, ե՛ւ Հայաստանը որեւէ երկրի դեմ դաշինք կազմելու ցանկություն չունեն»։ Կան ընդհանուր խնդիրներ, նշել է Հունաստանի պաշտպանության նախարարը՝ հետեւաբար նաեւ համագործակցության հեռանկարներ. «ուրեմն զարգացում է հարկավոր բոլոր ոլորտներում, այդ թվում եւ պաշտպանության»։

Գեղամ Ղարիբջանյանի հետ հանդիպման ժամանակ էլ՝ Հունաստանի դեսպանատանը, վարչապետ նշանակվելու կապակցությամբ իր նախկին կոլեգային՝ Վազգեն Սարգսյանին շնորհավորանքներ է փոխանցել պարոն Ձոխածոպոլոսը եւ Վաղարշակ Հարությունյանին էլ Աթենք այցելելու հրավեր արել։

Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ապա դա ոչ թե պաշտպանության, այլ արտգործնախարարների միջեւ պիտի տեղի ունենա, որը նախապատրաստում են 3 երկրների փոխարտգործնախարարները՝ հրավիրվելիք սեպտեմբերի 9-ին, Երեւանում։

– Չլինի՞, թե ամեն ինչ հարմարեցրել եք Հայաստան-Ֆրանսիա ֆուտբոլային խաղին։

– Մենք դա հարմարեցրել ենք պարոն Սուրեն Աբրահամյանի կառուցած մարզադաշտի բացման արարողությանը։ Իսկ թե ինչու այսքան երկար ժամանակ Իրանը դեսպան չի նշանակում Հայաստանում, դրան Գեղամ Ղարիբջանյանն անդրադարձավ կատակով։ Բոլոր կարեւոր հանդիպումների ժամանակ էլ ինքն ասում է. «Մինչ իմ նշանակումը, լրագրողները, կատակով ասած, անընդհատ իմ միսն էին ուտում Հայաստանում, թե ինչու է ուշանում նշանակումը, հիմա էլ սպասելու են Ձեր դեսպանի նշանակմանը, ու հետո էլ նրա միսն են ուտելու՝ թե ինչու էր ուշանում նշանակումը։

Հույս ունեմ, որ հարցը շուտով հենց դեսպանին ուղղելու հնարավորություն կունենաք»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031