Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրճումանգաղի դերը դատական համակարգի բարեփոխումներում

Հուլիս 17,1999 00:00
bant

Մինչեւ «Արմենիկումի» հայտնագործությունը համարյա միջազգային ճանաչում գտած անկեդոտ կար. սպիդով հիվանդը, լսելով ցեխի վաննաներ ընդունելու խորհուրդը, բժշկին հարցնում է. «Բայց կօգնի՞»։ «Իհարկե ոչ, բայց մարմինդ կամաց-կամաց կվարժեցնես հողին»,- պատասխանում է բժիշկը։

Այս անկեդոտն ամենացավոտ կերպով վերաբերում է մեր դատական համակարգին։ Ավելի ճիշտ, դատարանների շենքերին։ Դասական օրինակ է Էրեբունու դատարանի շենքը։ Այն առաջին հայացքից ամենանորերից է։ Այսինքն, համեմատաբար ավելի ուշ է կառուցվել։ Նախագծողն ու ժամանակը հետագայում ջանք ու եռանդ չեն խնայել, որ շենքի դատական նիստերի դահլիճում հայտնված յուրաքանչյուր քաղաքացի կամաց-կամաց վարժվի բանտային պայմաններում հայտնվելու մտքի հետ։

Անկեղծ ասած, բանտային պայմաններին տեղում ծանոթանալու պատիվ չեմ ունեցել, բայց բանտը պատկերացնում եմ ճիշտ ու ճիշտ այնպիսին, ինչպիսին նշված շենքի չորրորդ հարկի նիստերի դահլիճն է։ Նախ՝ պատերը սվաղած չեն։ Զուտ այս պատճառով տպավորություն է ստեղծվում, որ կամ փողոցում ես նստած (ինչ-որ շենքի պատի տակ) կամ որեւէ հին շենքի նկուղում։ Տպավորությունը չի փոխում նույնիսկ այն փաստը, որ չսվաղած պատերը սրբատաշ վարդագույն տուֆից են։ Վարդագույն տուֆը մի քանի տարի անխնամ մնալով փոշոտվել ու խունացել է։ Դահլիճի վերջին զույգ կամարները միջնադարյան ամրոցի կտտանքների նկուղի պատկեր են ստեղծում։ Դահլիճը բնական լուսավորություն չունի։ Լուսավորության համար պատերին ցերեկային (լյումինային) լուսավորության սարքեր են շարված։ Այն պատճառով, որ այդ լամպերի 5-6 հատից միայն մեկն է միացվում՝ դահլիճում մշտապես ռոմանտիկ խավար է։ «Գողն ինչ կուզի՝ մութ գիշեր» ժողովրդական առողջ տրամաբանության տեսանկյունից այդ կիսախավարը ավելի շուտ գողական ռազբիրատի, քան դատական պրոցեսի տպավորություն է ստեղծում։ Կիսամութի շղարշի տակ մի առանձնահատուկ ու աննկարագրելի դեպք կամ երեւույթ է մուգ գույնի անհեթեթ պատմուճան հագած դատավորը։

Մյուս կողմից կարելի է ենթադրել, որ լուսավորության պակասը միայն էլեկտրաէներգիայի վարձի խնայողությամբ չէ պայմանավորված։ Էրեբունու դատարանը հույս ունի, որ թույլ լուսավորության պատճառով իրենց կհաջողվի ժողովրդից ու վերադասից թաքցնել, որ դատավորական ու դատախազական աթոռներին փորագրված են պրոլետարական խորհրդանիշներ։ Դատարանի նախագահի աթոռին Խորհրդային ու սոցիալիստական Հայաստանի զինանշանն է (ներողություն, գերբը)։ Իսկ մյուս աթոռներին հին ու չարագուշակ մուրճումանգաղներն են։ Պրոլետարիատագյուղացիական սիմվոլները դիմացել են ժամանակի քննությանը, իսկ մանրատախտակ հատակը՝ ոչ։ Քանդված հատակն օգնում է հասկանալ, որ մեր՝ աշխարհի ամենաարդար դատարանը նաեւ աշխարհի ամենաղքատ դատարանն է։

Մեկ հետաքրքիր փաստ եւս. բոլորիս թվում էր, թե 70-80-ականների երեւանյան թուջե ծանր փողոցային աղբամանները գործարանային հաստոցների հետ որպես մետաղ արտահանվել են։ Դա այդպես չէ։ Ես կարող եմ վկայել անգամ դատարանի առջեւ։ Դրանք դրված են դատական նիստերի դահլիճներում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031