Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Օգոստոս 13,1999 00:00
Vladimir Nazaryan

Իսկ ՀԲ-ում հիմարներ չեն աշխատում

«Առավոտի» նախորդ համարներում արտատպված «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածները խմբագրությանն էր տրամադրել ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը։ Պրն Նազարյանը համոզված է, որ այդ հոդվածներն ընթերցելուց հետո հայոց տնտեսագետները շահագրգիռ քննարկումներ կծավալեն, ու Հայաստանի հետագա սեփականաշնորհման առավել արդյունավետ ու գործուն ձեւեր կգտնեն։ Ստորեւ ներկայացնում ենք Վլադիմիր Նազարյանի՝ հոդվածների ընթերցումից հետո արված եզրակացությունները։

– Հայաստանում մասնավորեցումը կատարվել է ճիշտ Ռուսաստանի սխեմայով։ Սկզբունքորեն տարբերություն չկա, այսինքն՝ ամենասկզբունքային նմանությունն այն է, որ աշխատող մարդկանց մասնավորեցումից մեկուսացրել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավտոմատ ձեւով բարձրացավ սոցիալիզմի հեղինակությունը, որովհետեւ Սովետական Միությունը բոլոր դեպքերում իր վրա վերցրեց ֆաշիզմի ոչնչացման առաքելությունը։ Ճիշտ է, հետո Սովետական Միությունը չկարողացավ իր առավելությունները պատշաճ օգտագործել, բայց սոցիալիզմի հաջողությունն ակնհայտ էր։ Այդ ժամանակ կապիտալիզմը մտածեց՝ ինչ-որ բանով հակընդդեմ լինել այս երեւույթին։ Այդ ժամանակ հիմնավորվեց ժողովրդական կապիտալիզմի հայեցակարգ. ի՞նչ միտք ունի, որ մի մարդու ձեռքում լինեն բաժնետոմսերը։ Ասենք՝ Ռոկֆելլերը, մյուս մեծահարուստներն իրենց աշխատողներին շատ մատչելի գնով վաճառեցին իրենց բաժնետոմսերը, եւ աշխատողները սկսեցին շահութաբաժիններ ստանալ, իրենք էլ դարձան կապիտալիստներ։

Կապիտալիզմը մի տեսակ մարդկային դեմք ստացավ։ Արդեն ոչ թե շահագործող-շահագործվողի հարաբերություններ էին, այլ բոլորն էլ շահութաբաժին ունեին՝ մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ։ Հիմա՝ դա որպես սոցիալիզմի արշավի դեմն առնող ռազմավարություն էր։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա շատ կենսունակ երեւույթ է։ Եվ երբ որ սոցիալիզմի դեմ արշավն էլ դադարեցվեց, ԽՍՀՄ-ն էլ փլուզվեց, զգացին, որ այս եղանակը շատ արդյունավետ է. օրինակ՝ Մեծ Բրիտանիայում այդտիպի գործարանները երեք անգամ ավելի շահութաբեր են, քան տրադիցիոն ընկերությունները, որոնց բաժնետերերը դրսից են եւ ոչ թե ներսի աշխատողները։ «Նեզավիսիմայա գազետա» թերթի այդ հոդվածներում ցույց է տրվում, որ Համաշխարհային բանկն ի սկզբանե խորհուրդ էր տալիս ռուսներին (եւ նաեւ մեզ), որ հանկարծ աշխատողներին սեփականության տիրապետումից չմեկուսացնեն։ Այսինքն՝ սեփականատերեր դարձրեք ներսի՛ աշխատողներին, ոչ թե դրսի մարդկանց։ Չի՛ կարելի մարդկանց հիմարի տեղ դնել եւ մտածել, թե նրանք ի վիճակի չեն դա անելու։

Այս ամենն իմանալով հանդերձ՝ Չուբայսն ու մյուս, այսպես կոչված, բարեփոխիչները, պարզապես ամենաստոր ձեւով խաբեցին ռուս ժողովրդին՝ հորինելով առասպելներ, որոնք, ի դեպ, մեր հանրապետությունում էլ են թեւածում։ Մեկն այն է, իբր «աշխատողը միայն մտածում է, թե ինչպես իր եկամուտներն ավելացնի, նա չի մտածի արտադրության զարգացման մասին։ Ա՛յ, արտադրության զարգացման մասին կմտածի օտարերկրյա ներդրողը»։ Աշխատողներին զանգվածային ձեւով սեփականատեր դարձնելը ձեռնտու չէր միայն օտարերկրյա սպեկուլյանտներին, որոնք շատ էժան գնով բաժնետոմսեր էին ձեռք բերում, իսկույն արժեքավոր ակտիվները վաճառում էին եւ այդ փողերը փոխանցում Համաշխարհային բանկ։

Բանն այն է, որ եթե Ռուսաստանում հանկարծ բանվորներն ուզում են քվեարկող բաժնետոմսեր գնել, Չուբայսը, մյուսներն ասում էին՝ եթե չքվեարկողն առնեք, մենք ձեզ ձրի կտանք, եթե քվեարկողն՝ ուրեմն գումարով։ Նրանք շատ ճիշտ մտածում էին, թե բանվորների ձեռքին գումարներ չկան։ Շատ բանվորներ վաճառեցին իրենց ունեցվածքն ու գնեցին քվեարկող բաժնետոմսեր։ Այսօր կան հարյուրավոր ռուսական ձեռնարկություններ, որոնք ամենաարդյունավետն են աշխատում, շահութաբեր են։ Այդ ձեռնարկություններն ավելի շատ են ներդրումներ ստանում արտասահմանից, քանի որ շատ ավելի հուսալի են։ Մյուս ձեռնարկությունների ակտիվները վաճառվեցին, եւ նրանք այսօր կանգնած են, չեն աշխատում։ Ռուսաստանը, ինչպես նշված էր հոդվածում, մեկ տոկոս բնակչության ձեռքում կապիտալի կուտակման չափերով շուտով անցնելու է Ամերիկային։ Այստեղ հարցի ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական իմաստն էլ կա, մարդկանց բարեկեցությա՛ն իմաստը։ Բաժնետերեր դարձնելով ձեռնարկության աշխատակիցներին՝ դրանով իսկ լուծում ես միանգամից նաեւ սոցիալական բարեկեցության հարցը։ Աշխատողն իր շահութաբաժինը ստանալով՝ արդեն ապահովված է լինում։

Ես իմ տնտեսագետ, գործարար ընկերներին կոչ եմ անում՝ այս հոդվածների դիրքերից վերլուծեն մեզ մոտ կատարված, էսպես կոչված, սեփականաշնորհման հետեւանքները, արդյունքները։ Իմ անձնական դիտարկումներով այն համոզմանն եմ գալիս, որ դեռեւս չսեփականաշնորհված գույքը թույլ չտան, որ թալանեն։ Եթե դա պիտի մասնավորեցվի, պիտի մասնավորեցվի հոդվածներում առաջարկած տարբերակներով՝ սեփականատերեր պիտի դառնան աշխատողները։ Ժողովրդին ուզում են մոլորեցնել, թե, գիտեք, դա արդեն սոցիալիզմ է ստացվում։ Բայց դա այդպես չէ. այդ տիպի սեփականությունը կոլեկտիվ սեփականություն չէ։ Այդտեղ յուրաքանչյուրը դառնում է անհատ-սեփականատեր։

Մեզ մոտ շատ տարածված պրակտիկա է ասել, որ՝ գիտե՞ք ինչ, մենք էլեկտրաէներգիայի սակագները թանկացնում ենք, քանի որ մեզնից դա պահանջում է ՀԲ-ն։ Եթե քեզնից պահանջում են բարձրացնել էներգետիկայի համակարգի արդյունավետությունը, ուր կորուստները հասնում են 40%-ի, իսկ աֆրիկյան այն երկրներում, ուր մրջյուններն ուտում են փայտե էլեկտրասյուները, այնտեղ էլեկտրաէներգիայի կորուստները կազմում են 17%։ Իսկ մեզ մոտ՝ առանց մրջյունների՝ 40%։

Սակագների բարձրացումը մի ցուցանիշ է, որն ածանցյալ է սիստեմի աշխատանքի արդյունավետությունից։ Եթե քեզ ասում են՝ սակագները բարձրացրեք, հարցը կարող ես լուծել արդյունավետությունը բարձրացնելով։ Սակագները կմնան նույն մակարդակում, կբարձրանա արդյունավետությունը՝ ոչ նորմատիվային կորուստների վերացման շնորհիվ։ Էլեկտրաէներգիան պետք է արտադրվի եւ հասցվի սպառողին շատ ավելի ցածր ինքնարժեքով։ Եվ եթե ինքնարժեքին գումարես նաեւ շահույթը, ապա դրա շուկայական գինը կլինի էժան։ Բայց եթե դու դա չես անում, ՀԲ-ն ասում է՝ գինը բարձրացրու, որ թեկուզ արհեստականորեն համակարգն արդյունավետ դառնա։ ՀԲ-ն շատ ավելի տրամադրված է արդյունավետության, ոչ թե սակագների բարձրացման։ ՀԲ-ում հիմարներ չեն նստած, որ մտածեն, թե անվճարունակ ժողովուրդը կհամաձայնի վճարել։ Ինչեւէ։ Վերադառնալով նախորդ մտքին, կրկնեմ, որ ամենաարդյունավետ եղանակն աշխատող մարդուն շահույթին մասնակից դարձնելն է։ Այդ դեպքում ինքը շահագրգռվում է, եւ կոլեկտիվ բանականության օգտագործումը սեփականության տնօրինման եւ կառավարման լավագույն ռազմավարությունն է։

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031