Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ

Հունվար 15,2000 00:00
gagik harutyunyan

Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնը, Իրավաբանների միության, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կենտրոնի եւ «Անանիա Շիրակացի» ճեմարանի հետ անցկացնելու է «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական օլիմպիադան, որի եզրափակիչ փուլը կանցկացվի այս տարվա մայիսի 11-14-ը։ Այդ մասին երեկ տեղեկացրեց ՍԴ նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Հարությունյանը։ Նա նաեւ ասաց, որ նախատեսվել է օլիմպիադան անցկացնել 4 փուլով, իսկ մասնակիցների ընդհանուր թիվն էլ հասցնել 20 հազարի։ Օլիմպիադան նպատակ ունի «բարձրացնել պատանիների իրավագիտակցությունը»՝ նրանց տալով անհրաժեշտ գիտելիքներ մարդու իրավունքների եւ ազատությունների, սահմանադրական համակարգի, Եվրոպական կոնվենցիայի մասին։ Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի կտրվեն մրցանակներ ՍԴ կողմից, Իրավաբանների միության կողմից։ Նաեւ՝ «Հենրիկ Խաչատրյանի անվան» մրցանակ, որը կտրվի լավագույններից լավագույնին։

Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ անցկացվելու է մարզային, իսկ Ստեփանակերտում հանրապետական օլիմպիադա, որի արդյունքներով էլ կձեւավորվի մարզային, Երեւանի 4 եւ ԼՂՀ աշակերտական թիմեր՝ 8 աշակերտի կազմով։ Կկազմակերպվի 15 դատավարություն, որտեղ վիճակահանությամբ թիմերը հանդես կգան որպես դիմող եւ պատասխանող կողմեր, իսկ ուսանողական թիմերը՝ որպես դատարան։ Նշենք, որ այս տարի կմասնակցեն «Գլաձորի», «Գալիքի», Հ. Աճառյանի թիմերը եւս։ Ցուցադրվեց կինոնկար անցյալ տարի անցկացրած օլիմպիադայի նյութերով, որոնք տրվեցին ներկա գտնվող բոլոր հեռուստակայաններին։

ԴԱՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

femida

«Եվրասիա» հիմնադրամի օժանդակությամբ «Ֆեմիդա» կազմակերպությունը բացեց առաջին դատական հեռուստաալիքը։ Ինչպես «Ֆեմիդայի» նախագահ, լրագրող Ջ. Ամիրխանյանն ասաց երեկ շնորհանդեսի ժամանակ՝ «նպատակն է հասարակության մեջ ձեւավորել հարգալից վերաբերմունք պետության եւ արդարադատության նկատմամբ», եւ կոչ արեց դատավորներին, որ նրանք քիչ վախենան դատախազությունից, կեղծ արհեստավարժներից։ Արդարադատության նախարար Դ. Հարությունյանը կանխատեսեց, որ «հեռուստաալիքը դատապարտված է հաջողության»։ Վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Դանիելյանը կարեւորեց օրենքի իրազեկության ապահովումը, նշելով, որ հասարակությունը դատարանների վրա հսկելու այլ ձեւեր չունի։ Նա ցանկացավ թափանցիկություն եւ «9-րդ ալիքի ծավալ»։

ՍԴ անդամ Ա. Գյուլումյանը իր մաղթանքների ժամանակ ասաց, որ «Ֆեմիդան» սկսեց մի աշխատանք, որը ծրագրված էր նաեւ դատավորների միության կողմից, եւ ֆիքսեց, որ «մեզ մոտ բացակայում է դատարան-հասարակություն կապը», ինչի վերացմանը կնպաստի հեռուստաալիքը։ ՀՀ դատախազի տեղակալ Ժ. Խառատյանը եւս միացավ շնորհավորանքներին՝ կարեւորելով իրավական ժուռնալիստիկայի զարգացման հեռանկարը։ Լրագրողները, որոնք մասնակցում էին շնորհանդեսին, ոչ միայն նկարվեցին դատավոր-դատախազ-նախարարների հետ, այլ իրենց բնորոշ կեսկատակ-կեսլուրջ երեսով տվեցին, թե «Դատավորները կերան ժուռնալիստների հացը»։ Ծրագրի հովանավորներից Լ. Այվազյանը լավատեսորեն նկատեց, որ երկու իշխանությունները (3-րդ եւ 4-րդ) միացան, եւ հավելեց, որ «եթե ժողովուրդը չօգտվի, դա կմնա աբստրակտ մի քայլ»։

ԲՈՒՌՆԱՇՆ ՈՒ ԻՐ ԴԱՏԸ

Ashot agababyan

Երեկ պետք է շարունակվեր Աջափնյակի պատմական ընտրությունների արդյունքը՝ դատավարությունը։ 14 ամբաստանյալներից եւ ոչ ոք, տուժողներն ու այդ թվում՝ տուժողի ներկայացուցիչը չներկայացան։ Չէր ներկայացել եւ Աշոտ Աղաբաբյանի պաշտպանը եւ իբր այդ պատճառով հետաձգվեց դատական նիստը։ Իրականում, ինչպես մեր աղբյուրներն էին ասում՝ նիստը չկայացավ Բուռնաշի «եսիմ որտեղ» լինելու պատճառով։

ԵՎ ՄԻ ԿԱՆԱՉ ՆՈԹԱՏԵՏՐ

Vano Siradexyan

Վահան Հարությունյանի ցուցմունքների ժամանակ Վանո Սիրադեղյանը դատական նիստերի ողջ ընթացքում գրառումներ է կատարում կանաչ գույնի մի նոթատետրում, որը 5-րդ շարքում նստած լրագրողները հաճախ շփոթում են… քրեական օրենսգրքի հետ։

ԳԵՐՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑ

zuyg

Հանրապետության հայտնի հոգեբաններից մեկին, որ չցանկացավ իր անունը հրապարակել, վստահության հեռախոսով մի կին է զանգել եւ խնդրել պարզաբանել մի հարց, թե արդյո՞ք Ալեքսան եւ Հարություն Հարությունյանները եղբայրներ են։ Հոգեբանը պատասխանել է, թե՝ ինձ հոգեբանական հարցերով դիմեք։ – Երեք գիշեր է՝ չեմ քնում, էդ մասին եմ մտածում։ Բա հոգեբանական հարց չի, ի՞նչ է։

ԹԱՆԿԱՑՈՒՄ

bernapoxadrum

Վրաստանի տարածքով Հայաստան եկող երկաթուղային բեռնափոխադրումների արժեքը թանկացել է վեց դոլարով։ Իրականում դա ոչ թե թանկացում է, այլ՝ լրացել է միջպետական պայմանագրով Հայաստանին հատկացված զեղչի ժամկետը։ Հայաստան առաքվող բեռնափոխադրումները մինչեւ 2000 թ. հունվարի 1-ը իրականացվում էին 25 տոկոս զեղչով։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31