Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձի՝ ՀՀ տարածքում չգտնվելը վերածվում է նրա դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմքի»

Սեպտեմբեր 09,2026 12:30 Share

Սահմանադրական դատարանը օրեր առաջ անդրադարձավ Էլլին Տոլստովի դիմումին, կայացրեց որոշում։ Նա պահանջել էր, նա պնդել էր. «Ըստ դիմողի՝ «ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359 -րդ հոդվածի 4-րդ մասին» տրված հակասահմանադրական մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվելու հիմքով կալանավորման վերաբերյալ միջնորդության քննության վերաբերյալ երբևէ պատշաճ ծանուցում չստացած անձը կալանավորման վերաբերյալ դատարանի որոշմանը հասանելիություն ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո ևս զրկված է դրա օրինականության վիճարկման շրջանակներում հօգուտ իր պաշտպանության բերվող այնպիսի նոր՝ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել քրեական հետապնդման դադարեցման և անհայտ են եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելիս» («Առավոտ», 03.09.2026)։ Փաստաբան Աննա Ծառուկյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը։

Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը միանշանակ է՝ համամիտ եմ բարձրացված խնդրի էությանը։ Հատկապես այն իրավիճակում, երբ անձի նկատմամբ հետախուզման մեջ գտնվելու հիմքով կալանավորում է կիրառվել նրա բացակայության պայմաններում, չի կարող ստեղծվել այնպիսի իրավական իրավիճակ, երբ այդ որոշումը դառնում է փաստացի «վերջնական և անշրջելի»՝ մինչև անձին ֆիզիկապես հայտնաբերելը, կալանավորելը և Հայաստան տեղափոխելը։ Հակառակ մոտեցման դեպքում ստացվում է բավականին տարօրինակ իրավական տրամաբանություն. անձը կարող է ունենալ նոր փաստեր և ապացույցներ, որոնք կասկածի տակ են դնում ոչ միայն կալանավորման հիմքերը, այլև հենց քրեական հետապնդման շարունակականության իրավաչափությունը, սակայն դատարան դիմելու և այդ հանգամանքները քննարկելու իրական հնարավորություն չունի։ Այսինքն՝ անձի՝ ՀՀ տարածքում չգտնվելը վերածվում է նրա դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմքի։ Իսկ սա արդեն լուրջ խնդիր է։ Դատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելը չի կարող նշանակել, որ դրանից հետո անձը կամ նրա պաշտպանը զրկվում են նոր էական հանգամանքներ ներկայացնելու և նախկին որոշման վերանայում պահանջելու հնարավորությունից։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է անձնական ազատության հիմնարար իրավունքին։ Իմ կարծիքով՝ այստեղ պետք է հստակ տարանջատել երկու հարց. անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու կամ նրա բացակայության պայմաններում կալանավորում կիրառելու իրավաչափությունը, և արդեն կայացված կալանավորման որոշման օրինականության հետագա դատական վերահսկողությունը։

Առաջինը չի կարող ավտոմատ կերպով վերացնել երկրորդը։ Ի վերջո, դատական վերահսկողության իմաստը հենց այն է, որ դատարանի նախկին որոշումը նույնպես կարող է վերանայվել, եթե ի հայտ են գալիս նոր, էական հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել որոշման կայացման պահին։ Ես այս խնդրին առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում, քանի որ այս պահին ինքս էլ ունեմ նմանատիպ գործ, և հարցը ինձ համար արդեն ոչ միայն իրավական տեսության, այլև պաշտպանության իրական պրակտիկայի խնդիր է։

Իրավական պետությունում անձի ազատության սահմանափակումը չի կարող վերածվել մի վիճակի, որտեղ մարդուն ասում են՝ «նախ հայտնվիր, կալանավորվիր և միայն դրանից հետո կկարողանաս վիճարկել այն որոշումը, որի պատճառով քեզ պետք է կալանավորեն»։

Սա փակ շրջան է, և հենց այդ փակ շրջանի իրավաչափությունն էլ պետք է լուրջ դատական քննության առարկա դառնա։ Հետախուզման մեջ գտնվելը չի կարող նշանակել դատական պաշտպանության իրավունքից դուրս գտնվել։

Աննա Ծառուկյան

 փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
08.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել