Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես չեմ համարում, որ նախագահը երկրի թշնամին է»

Հունվար 21,2000 00:00
Andranik Margaryan

Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Միասնություն» խմբակցությունը փոփոխություններ է նախապատրաստում երկրի գլխավոր օրենքում։ «Առավոտի» հարցերին պատասխանում է «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը.

– Արդյո՞ք պահն ամենահարմարն է սահմանադրական փոփոխությունների համար։

– Խնդիրը նոր չի առաջացել, դեռ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ ընտրվելու ժամանակ եւ հետագայում «Միասնություն» դաշինքը, արտահայտեցին միտք, որ այո, անհրաժեշտ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել։ Սահմանադրությունն արդեն հինգ տարի աշխատել էր, որոշակի ցայտուն թերություններ կային։ Կյանքը առաջ է գնում, եւ հարկավոր է որոշակի ուղղումներ մտցնել՝ բարեփոխումների կտրվածքով։ Դա առաջին հերթին վերաբերում է առաջին երկու գլուխներին՝ մարդու իրավունքներ, եւ՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ գլուխներին։

– Կասկածներ կան, որ դուք մտադիր եք սահմանադրական փոփոխությունները ներկայացնել մինչեւ մայիս ամիսը, այսինքն մինչեւ այն պահը, քանի դեռ նախագահը իրավունք չունի արձակել Ազգային ժողովը։

– Մայիսի 31-ից հետո ենք Սահմանադրության փոփոխությունները կատարելու, բայց ես հիմք չեմ տեսնում նախագահի կողմից Ազգային ժողովը ցրելու։ Այսինքն քաղաքական այդպիսի մթնոլորտ եւ պահանջ չկա։ Ես չեմ մտածում, որ հանրապետության նախագահը պետության թշնամին է, որ 31-ին քնեց, ամսի 1-ին արթնացավ եւ ցրեց Ազգային ժողովը։ Նախագահի հետ մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, եւ նրա կողմից այդպիսի մտադրություն գոյություն չունի։ Ժամկետի իմաստով մենք դա չենք կապում ցրելու հանգամանքի հետ, բայց մենք ասում ենք, որ տարվա առաջին կեսին մենք, հավանական է, պատրաստ կլինենք հանրաքվեի դնել ներկայացրած նախագիծը։ Մենք գտնում ենք, որ հետագայում կրկին անհրաժեշտություն կլինի հատուկ անդրադառնալ Սահմանադրության ե՛ւ 6-րդ, ե՛ւ 7-րդ գլուխներին։ Աշխատանքը շարունակվում է։ Մենք հաշվի ենք առնում նաեւ նախագահի կողմից ստեղծված երկու հանձնաժողովների կատարած աշխատանքների կարծիքը։ Մենք ստացել ենք նրանցից իրենց կատարած աշխատանքների ամփոփ տեղեկագրերը, բնական է, որ նրանց կատարած աշխատանքը ջուրը չենք գցելու։ Հետաքրքիր է, որ մեր մոտեցումները համընկնում են։

– Բայց կարծեմ նախագահին առընթեր հանձնաժողովների ներկայացրած տարբերակներում միտում կա ուժեղացնել նախագահի լիազորությունները, ձեր ներկայացրածում՝ հակառակը։

– Պահեր կան այդպիսի, բայց, դե մենք հաշվի ենք առնում նաեւ այնպիսի դրույթներ, որոնք մեր կողմից էլ են ընդունելի, իրենց կողմից էլ։ Այսինքն չենք ցանկանում ամեն ինչ զրոյից սկսել։ Մեր կուսակցության ներկայացուցիչն էլ է մասնակցել առաջին հանձնաժողովի աշխատանքներին։ Այսինքն բազմաթիվ կետեր կան, որոնց մենք համաձայն ենք։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31