Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ «ԿՈՂՄ», ՄԵԿ «ԴԵՄ», ՄԵԿ «ՁԵՌՆՊԱՀ»

Մարտ 03,2000 00:00

Մնացածը դեռ չեն կողմնորոշվել

Երեկ մասամբ հստակեցվեց, թե խորհրդարանական կազմավորումներից յուրաքանչյուրն ինչպես է պահելու իրեն երկուշաբթի, երբ քվեարկության կդրվի բյուջեի նախագիծը։

Առայժմ չեն կողմնորոշվել՝ «Օրինաց երկիրը», «Կայունությունը» եւ Հայկոմկուսը։ Նրանց ներկայացուցիչները ելույթներում խոստացան, թե իրենց տեսակետները կհայտնեն երկուշաբթի, երբ պարզ կլինի, թե արդյոք կառավարությունը հաշվի է առել իրենց առաջարկները։

Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, վրդովված գոռում էր, թե Կենտրոնական բանկի ծախսերն ուռճացված են (մինչդեռ ծախսերը կրճատելու վերաբերյալ նախագահի, կառավարության, ԱԺ-ի եւ ԿԲ-ի աշխատակազմերին Վիկտոր Դալլաքյանի առաջարկ-կոչին միայն ԿԲ-ն արձագանքեց։ Մյուսները 1 լումա անգամ չկրճատեցին)։ «Օրինաց երկրի» նախագահին նաեւ հուզում էր, որ վերացվել են կուսակցությունների համար նախատեսված առանց այն էլ չնչին հատկացումները. «Ո՞նց պիտի ապրեն կուսակցությունները»։

«Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանն իր ելույթում կանխատեսեց, թե ինչ հեռանկար է սպասվում այն պարագայում, եթե բյուջեն չընդունեն։ Նաեւ կարեւորում էր, որ այս քաղաքական փաստաթղթի վերաբերյալ քաղաքական որոշում կայացվի։ Հավելենք, որ հիշեցրեց, որ մի երկու ամիս առաջ ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տվել եւ պիտի հնարավորություն տրվի իրականացնել այն։ Այս ամենը հաշվի առնելով, դժվար չէ եզրակացնել, որ «Կայունությունը» ի վերջո դարձյալ սատարելու է կառավարությանը։ Սակայն երեւի շատերին անակնկալի բերեց, որ Հայկոմկուսի խմբակցությունն էլ՝ եթե իրենց առաջարկները չընդունվեն, պատրաստվում է «դեմ» քվեարկել։

«Ձեռնպահ» է քվեարկելու ԱԺՄ խմբակցությունը։ Սեյրան Ավագյանը փաստարկներով հիմնավորեց իրենց այս որոշումը։ Չեն կարող «կողմ» լինել այս բավական լարված, 50 մլրդ-անոց դեֆիցիտով բյուջեին, որը զարգացման խնդիր չի առաջադրում եւ այլն։ Բայց նաեւ չեն կարող «դեմ» քվեարկել, քանի որ գիտակցում են, թե իրականում չեն երեւում այն հիմքերը, որոնցով հնարավոր կլիներ սա զարգացման բյուջե դարձնել եւ այլն։

«Հետ վերադարձնենք՝ ուղղենք»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը։ Դժվար է նրա ելույթից եզրակացնել, թե քվեարկության ո՞ր կոճակն են սեղմելու դաշնակցականները, եթե կառավարությունը երկուշաբթի բյուջեի նախագիծը հետ չվերցնի լրամշակման։ Իսկ, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է։ Թերեւս ՀՅԴ խմբակցության պահվածքի մասին կարելի է ենթադրություններ անել Դավիթ Լոքյանի այն ակնարկներից, թե «կողմ» քվեարկելն «արջի ծառայություն» կլիներ վարչապետին, իրենց ստորագրած գեղեցիկ փաստաթուղթն ի դերեւ կելներ այդ քվեարկությամբ, քանի որ այդ դեպքում արդեն ստիպված կլինեն աշնանը քննադատել կառավարությանը։

«Իրավունք եւ միաբանության» «դեմ» քվեարկության շուրջ որեւէ տարակույս չկար։ Արտաշես Գեղամյանը ելույթի այս հնարավորությունն օգտագործեց իրենց ծրագրային հիմնադրույթները եւս մեկ անգամ մատուցելու համար, այն ներկայացնելով որպես համադարման ճգնաժամից դուրս գալու համար։ Մնում է տարակուսել, թե ինչո՞ւ այդ մոտեցումները չեն ներկայացվում վարչապետի նախաձեռնած քաղաքական խորհրդին։ Եվ դեռ ավելին, դաշինքի 4 կազմակերպություններից միայն «Ազգային միաբանությունն» է վճռականորեն մերժում համագործակցության այդ առաջարկը։

Ինչեւէ, առանց առեւտուրների եւ սեթեւեթանքների, էլի միայն խորհրդարանական մեծամասնությունը տեր կանգնեց կառավարության այս փաստաթղթին։ Իհարկե, «Միասնության» ու թերեւս նաեւ «Կայունության» «կողմ» ձայները լիովին բավարար կլինեն բյուջեն ընդունելու համար։ Ուստի միայն էթիկական նկատառումների լույսի ներքո կարելի է դիտարկել այն կշտամբանքները, որ պատասխանատվությունից շատ արագ ձերբազատված իրենց գործընկերներին ուղղեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը. «Չենք պատրաստվում հիշեցնել ոչ փաստաթղթերի ստորագրության, ոչ էլ օր կամ մի ամիս առաջ տարբեր հայտարարությունների մասին»։ Թեթեւակի ակնարկի ձեւով հիշեցրեց, թե որեւէ մեկը քննադատությունից բացի այլընտրանքային լուծումների, հարկային քաղաքականության մեջ արմատական փոփոխությունների վերաբերյալ օրենքներ չի առաջարկում։ Տիգրան Թորոսյանը խոստացավ, թե «Միասնությունն» առաջիկա 3-4 ամսում ինքը տնտեսական քաղաքականության առողջացմանն ուղղված օրենսդրական փաթեթներ կներկայացնի։

Երկիրը փոսից հանելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը հայտարարություն՝ բայց այս առաջին փորձությունը ցույց տվեց, թե որեւէ կուսակցություն չի պատրաստվում «Միասնության» փոխարեն կռանալ, որ իրենց մեջքերը փոշոտելով նաեւ փոսից դուրս գան։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031