Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐԸ ՉԷ՞, ՃԱՊՈՆԻԱՅԻ՞ՆՆ Է Այսպիսի առատաձեռն նվիրատվության, թեկուզ բանավոր, միայն հայերն են ընդունակ։ Սարատովի կոնյակի գործարանի արտադրած «Արարատ» կոնյակի շշի վրա նկարված է մի սար, որը մեր Արարատ սարի թարս տեսակն է, իսկ Սարատովում փորձում էին համոզել, որ սա ոչ թե Արարատն է, այլ՝ Ֆուձիյամա լեռը Ճապոնիայում։ Սանկտ Պետերբուրգի կոնյակի գործարանում էլ մեկ ուրիշ հնարամտության էին դիմել՝ երկու գագաթի փոխարեն խեղճ Արարատը երեք գլխանի էին պատկերել։ Ֆրանսիացիները թող փորձեն ապացուցել, որ այն, ինչ իրենց ենք վաճառել՝ որպես Հայաստանի եւ հայկական կոնյակի (բրենդիի) խորհրդանիշ, ուրիշներն օգտագործում են եւ դրանով խփում են իրենց բիզնեսին։ Գյուղատնտեսության իրավաբանական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը հենց նոր է վերադարձել Սարատովից եւ նա նույնպես պնդում էր, թե դեռ պետք է ապացուցել, որ այն, ինչ պատկերված է Սարատովի կոնյակի գործարանի արտադրանքի վրա՝ մերն է։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Հիսուսն ասաց Պետրոսին՝ մեկ օր չի անցնի, եւ դու երեք անգամ կուրանաս ինձ։ Հանուն իրենց շահերի մարդկանց մի լուրջ խումբ պատրաստ է ուրանալ բաներ, որոնց մասին կարող է ժամերով կենացներ խմել նույն այդ կոնյակով։ Մեր թերթի մեկ շաբաթ առաջ հրապարակած «Պեռնո Ռիկար» ընդհանուր խորագրով նյութերում ներկայացրել էինք ՀՀ կառավարություն-«Պեռնո Ռիկար» խնդիրների մի լուրջ բաժին։ Զարմանալիորեն արձագանքներ չեղան ոչ գյուղնախարարությունից, ոչ էլ այլ պետական ատյաններից։ Սակայն մենք վստահ էինք, որ ասելիք նրանք պետք է ունենային։ ՀՀ նախկին գյուղնախարար, այժմ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանը, մեր հարցումին՝ ի՞նչ հիմքով էր ինքը ժամանակ առ ժամանակ «նոր տնօրեն» նշանակում եւ ուղարկում Սարատով, որպես տեղի կոնյակի գործարանի տնօրեն, պատասխանեց, թե ինքը չէր կարող այդպես վարվել եւ, որ մենք որեւէ հրամանագիր նոր տնօրենի նշանակման մասին չենք կարող վկայակոչել։ Ցավոք, պարոն Մովսիսյանն այս կետում ճիշտ է։ Հիշեցնեմ, որ մեր հրապարակման մեջ վկայակոչել էինք հենց Սարատովի կոնյակի գործարանի տնօրեն Դերենիկ Խաչատրյանի եւ մյուս աշխատակիցների խոսքերը։ Սակայն 99-ի մայիսի 25-ին, երբ վերջնականապես ճշտվեց կոնյակի գործարանի գործարքը եւ այն կայացած համարվեց, պարոն Մովսիսյանը (եւ ոչ միայն նա) շատ լավ գիտեր, որ գոնե Սարատովի կոնյակի գործարանի վրա ՀՀ կառավարությունն արդեն լծակ չունի։ Ի վերջո, պարոն Մովսիսյանը խորհուրդ տվեց՝ «խելոք մնացեք»։ Սույն խորհուրդը պարզապես ի գիտություն ընդունելով, շարունակենք թեման։ Գյուղնախարարության իրավաբանական վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը Սարատով էր մեկնել «գործարանը լուծարելու նպատակով։ Գործը մտցրինք դատարան, եկանք»։ Գործարանի լուծարման մասին հրամանը եղել է այս տարվա մարտի 21-ին։ Ասենք, որ գործարանի լուծարման գործընթացը կարող է տեւել 18 ամիս։ Դրանից առաջ՝ 99-ի ապրիլի 29-ին Սարատովի պետական ունեցվածքի վարչության պետ Ա. Սուետովը նամակ է գրում այդ ժամանակ գյուղնախարար Վլ. Մովսիսյանին, այն մասին, որ եղած փաստաթղթերը հիմք են տալիս պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի իրավունք չունի Սարատովի «Արարատ» գործարանի ունեցվածքի վրա։ Հաշվի առնելով, որ ՀՀ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետը Սարատով էր մեկնել տեղի «Արարատ» պետական գործարանի լուծարման խնդիրներով (նկատի ունեցեք, սա մի գործարան է, որը միայն թղթի վրա կա), ապա այս մասով «Պեռնո Ռիկար»-ՀՀ կառավարություն խնդիրը փակուղի է մտնելու, ավելի ճիշտ՝ «Պեռնո Ռիկարը» գործ է ունենալու Սարատովի «Արարատ» մասնավոր գործարանի հետ։ Սանկտ Պետերբուրգի կոնյակի գործարանի խնդիրն ավելի բարդ է։ Այստեղ ակնհայտորեն բոլոր լծակները ռուսական «Խոլոդ-2» ընկերության ձեռքին են։ Հիշեցնեմ, որ Սանկտ Պետերբուրգի ձեռնարկությունը ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրում։ Կառավարությունը այս տարվա մայիսին որոշում ընդունեց Սանկտ Պետերբուրգի պետական ձեռնարկության բաժնետոմսերը մասնավորեցնելու վերաբերյալ։ Ակնհայտորեն, զուտ փաստաթղթային ձեւակերպման փուլ է սպասվում, քանի որ «Խոլոդ-2»-ը լրջորեն տեղավորված է Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարանում։ Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի գործարանի տենդերը տեղի կունենա հուլիսի 27-ին։ Ի դեպ, մի հանգամանք, որը նախորդ հրապարակման մեջ վրիպել էր. Սանկտ Պետերբուրգում մինչ համոզում էին, թե իրենք կոնյակով չեն զբաղվում եւ չեն լցնում 99 թ. մայիսից ի վեր (հիշեցնեմ՝ խանութներում վաճառվում էր 2000 թ. հունիսի 26-ին, մայիսի 11-ին եւ այլ ամսաթվերով լցված կոնյակ), եւ ոչ էլ ֆիրմային խանութ ունեն, բայց «իՈչՏՐՏՊվօռ» փողոցի թիվ 5 շենքի առաջին հարկում տեղավորված է «Արարատ» կոչվող խանութը, ճակատին՝ երեք գլխանի «Արարատը», խանութում կոնյակ էր վաճառվում՝ Սանկտ Պետերբուրգի կոնյակի գործարանի արտադրության։ Ռուսական երեք քաղաքներում կոնյակ վաճառող խանութների կամ բաժինների աշխատակիցները բացարձակապես չեն տարբերում «Երեւանի կոնյակի գործարանի» արտադրանքը «Գրեյթ Արարատի» կամ «Դոնա Կիլիկիայի» արտադրանքից։ Նրանց համար բոլորն էլ հայկական կոնյակ են։ Մեր հարցազրույցի ժամանակ «Երեւանի կոնյակի գործարան» ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչին հարցրինք. «Եթե գործարանի եւ կառավարության միջեւ առկա խնդիրները նորմալ-քաղաքակիրթ ճանապարհներով չկարգավորվեն», ինքը պատրա՞ստ է «այլ» ճանապարհներով հարցը լուծել (մենք նկատի ունեինք ավելի շատ «օրենքից դուրս» ճանապարհները), պրն Լառեչը պատասխանեց. «Երբեք»։ «ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել