Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԻԱԿԱՆ ՉԱՐՉԻՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՈՒՐ

Հոկտեմբեր 24,2000 00:00
girq

«Աս երեք օր է, ինչ Հայաստան եկած եմ. ինքս Ֆրեզնոյեն եմ, եւ սա իմ առաջին այցելությունս է հորս ծննդավայրուն մեջ։ Այսօր ըսի քիչ մը փողոցներով ճեմեմ եւ հայուն դեմքեր տեսնեմ։ Շատ քայլեցի թե քիչ, չեմ հիշեր, բայց երբ ուշքի եկա, տեսա,որ գտնված եմ սա տարածքին մեջ. շուրջը՝ կանաչ, կողքին՝ մետրոպոլիտեն, արձան, արձանին ետեւը՝ քաֆե ու… ու պարզապես գետնին փռված գրքեր…»։

Այսպես արտահայտվեց Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ գործող գրքերի «տոնավաճառի» մասին սփյուռքահայ Քաջիկ Մարտիրոսյանը։ Ինչ գիրք որ ցանկանաս, կգտնես այնտեղ՝ ուղղակի գետնին դրված, արեւի տապից չորացած եւ է՛լ ավելի խունացած, իսկ գները՝ սկսած 300 դրամից մինչեւ 70 դոլար։

Վաճառողներից մեկն ասաց, որ 1000 դոլար արժողությամբ գիրք էլ կա, բայց ինքը չի տեսել եւ համոզված է, որ 20 տարի էլ դեռեւս չի տեսնի, քան որ Հայաստանում գրքերին շատ ուշադրություն չեն դարձնում։ Գնողները քիչ են՝ հիմնականում ուսանողներ։ Արդեն երրորդ տարին է, ինչ չի վաճառվել գեղարվեստական որեւէ գիրք։

– Ձեզ դո՞ւր է գալիս այսպիսի պայմաններում գիրք վաճառել,172 հարցրի 15 տարի գրավաճառությամբ զբաղվող Արսենին։

– Հա՛, գիշերները քունս չի տանում, ասում եմ՝ երբ կլինի լուսանա, վեր կենամ գրքերս առնեմ ու գնամ արեւի, անձրեւի տակ կանգնեմ… Բայց, դե, ընտանիք պիտի պահեմ…

Վաճառողներից ոչ ոք չասաց, թե որտեղից է ձեռք բերում գրքերը, որոնցից շատերը հին են ու մաշված, սակայն ականատես եղանք, թե ինչպես մի քանի ծերունիներ՝ բեռնված գրքերով, եկել էին դրանք հանձնելու վաճառողներին՝ փոխարենը մի շաբաթվա հացի փող ստանալու հույսով։ Գրքեր, որոնք տասնյակ տարիներ առաջ ձեռք էին բերել մեծ դժվարությամբ, որոնք իրենց ապրած կյանքի լուռ վկաներն էին եւ որոնցից բաժանվում էին սրտի կսկիծով։

Կյանքից, իրենց սոցիալական վիճակից, մեր ներկայությունից դժգոհ վաճառողներից ոչ ոք չի փորձել դիմել համապատասխան ծառայություններին՝ տարածք տրամադրելու համար։Իսկ այսպես կկանգնեն, կվաճառեն մայթերի վրա այնքան ժամանակ, մինչեւ մի օր էլ կգան ու կարգելեն վաճառել այդ տարածքում։ Համենայնդեպս, մինչեւ այսօր՝ արդեն 10 տարի է, ինչ ոչ ոք չի արգելել։

Արտասահմանից եկածներն էլ զարմանում են հայ ժողովրդի այսպիսի «մոլի գրքասիրության» վրա, որ քաղաքի ամենաբանուկ փողոցում անգամ՝ գետնի վրա, գիրք են վաճառում, ու երեւի մտածում են. «Եթե այդքան սիրում են գիրքը, ինչո՞ւ դրանց վաճառքը չեն կազմակերպում համապատասխան պայմաններում, եւ, ընդհանրապես, գրախանութներ կա՞ն Հայաստանում…»։ Իհարկե կա՛ն… Գրքերի այս յուրօրինակ բացօթյա «տոնավաճառի» հարեւանությամբ գործում է «Ավասա» գրատունը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան մի գրախանութ։

Մեր հարցումներից պարզվեց, որ վերջին տարիներին հայերեն բազմաթիվ ու բազմաբովանդակ գրքեր են լույս տեսել, իսկ պահանջարկը գրախանութներում նույնն է, ինչ բացօթյա «տոնավաճառներում». բառարաններ ու մասնագիտական գրականություն։ Ինչեւէ, կողք-կողքի, սակայն տարբեր պայմաններում վաճառվում են գրքեր։ Գրախանութներում վաճառվող գրքերն ավելի թանկ արժեն (տարբերությունը՝ 500-1000 դրամ)։ Եվ գնորդները, սոցիալական ծանր վիճակից ելնելով, նախընտրում են գրքեր գնել տոնավաճառներից։ Անհրաժեշտ են անհապաղ ձեռնարկումներ՝ այս երեւույթը կանխելու համար։ Սակայն չկարծեք, թե կողմ ենք ոստիկանների մահակների օգնությամբ դրա դեմն առնելուն (ինչը մեր օրերում թերեւս «ամենահարմար» միջոցն է)։ Քավ լիցի։ Պարզապես ցանկանում ենք պետական այրերի եւ համապատասխան գերատեսչությունների հայացքը սեւեռել այս կարեւոր հարցի վրա։

Գրեթե բոլոր գրավաճառներն էլ պատրաստ են թողնել այս կերպ դրամ վաստակելու միջոցը, եթե ունենան որեւէ աշխատանք եւ ամսական կայուն աշխատավարձ, որով կարողանան իրենք եւ իրենց ընտանիքները գոնե գոյատեւել։

Եվ մարդիկ դեմքով կշրջվեն հատուկենտ մնացած գրախանութները (որոնցից շատերն, իհարկե, արդեն իրենց տեղը զիջել են զանազան մարքեթների ու սուպերմարքեթների, սրճարանների ու կազինոների)։

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031