Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»

Նոյեմբեր 03,2000 00:00
petros makeyan

Վստահ է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը

-Ձեր կուսակցությունն Արկադի Վարդանյանի «21-րդ դարի» դաշնակի՞ցն է։ Դուք միասին էիք հանրահավաքներ անցկացնում մարզերում։

– Մենք ոչ թե դաշնակիցներ ենք, այլ համագործակցել ենք իրար հետ, համագործակցում ենք եւ համագործակցելու ենք։ Եվ, իրոք, հատկապես Շիրակի մարզում մեր կառույցների կողմից կազմակերպված հանդիպումներին եւ հանրահավաքներին մասնակցում էր նաեւ Արկադի Վարդանյանը։ Եղել է նաեւ հակառակը։

– Ռոբերտ Քոչարյանին համարելով ոչ լեգիտիմ՝ համագործակցում եք իր նախագահական հավակնությունները չթաքցնող մի գործչի հետ, որի թեկնածության առաջադրումը նույնքան (եթե ոչ ավելի) ոչ լեգիտի՞մ կլինի։ Արդյոք սա սկզբունքայի՞ն մոտեցում է։

– Մենք բազմիցս ասել ենք, որ համագործակցում ենք այն բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, որոնք դեմ են այսօրվա վարչակարգին։ Արկադի Վարդանյանի հետ համագործակցությունն, այս առումով, չի հակասում մեր սկզբունքներին։ Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք նրա հետ, որ համագործակցելու ենք միայն իշխանափոխության առաջին փուլի ընթացքում։ Երկրորդ փուլում չենք կարող, քանի որ դա ոչ միայն մեր սկզբունքներին է հակասում, այլ նաեւ չենք կարող շրջանցել Սահմանադրությունը։

– Բայց մինչեւ ենթադրական երկրորդ փուլը՝ գործելու եք «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքո՞վ։

– Այս նպատակի՝ վարչակարգից ազատվելու համար, այո՛, միջոցների միջեւ խտրականություն չենք դնում։ Պատրաստ ենք նույնիսկ կոմունիստների եւ դաշնակցականների հետ համագործակցել (վերջիններիս հետ մեր փոխհարաբերությունները հայտնի են), քանի որ զգում ենք, որ պետականության քայքայման լուրջ վտանգ կա եւ բացառված չէ առաջիկայում պատերազմի վերսկսումը։ Ուստի այս չարիքից պետք է ազատվել։

– Այն, որ նման ելույթ չունեցաք հոկտեմբերի 30-ի հանրահավաքում, Ձեզ փրկեց կալանավորման ստույգ հեռանկարից։ Այսուհանդերձ, ի՞նչն էր պատճառը, որ չմասնացեցիք։

– Հոկտեմբերի 30-ին նախորդող երեք օրերին իրավապահ կամ կասեի՝ իշխանապահ մարմինների կազմակերպած աժիոտաժը թույլ չտվեց համատեղ քննարկել մասնակցության մեր չափը։ Բայց հանրահավաքին մասնակցել-աջակցել են անխտիր մեր բոլոր երեւանյան կառույցները։

– Ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 30-ին հաջորդած կալանավորումները, որ աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Երբեւիցե որեւէ, թեկուզ չարտոնված, երթ նման հակազդեցության կարծեմ չէր արժանացել։

– Սա ոչ միայն աննախադեպ է։ Սա հանցագործություն է, որ կազմակերպված է իշխանությունների կողմից։ Նույնիսկ կոմունիստների ժամանակ, երբ շարժումը թափ էր հավաքում եւ սովետական զինվորներն էին կարգուկանոնին հետեւում՝ նման բաներ չեն եղել։ Անգամ Կարեն Ջանիբեկյանին են մեկուսացնում։ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքները, թե նա փորձել է իշխանությունը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչեր անել, կամ չարտոնված երթ կազմակերպել՝ կեղծիք են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Սահմանադրության 26-րդ հոդվածով մարդկանց տրված է ազատորեն հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու իրավունքը։ Առայժմ այս հարցերը կանոնակարգող օրենք չկա՝ արձանագրենք սա։ Նաեւ անհասկանալի է, թե ինչո՞ւ են երկակի չափանիշներով առաջնորդվում՝ հոկտեմբերի 26-ին մեկ այլ չարտոնված երթին իշխանություններն աջակցում էին նույնիսկ։ Արկադի Վարդանյանի նկատմամբ փորձում են ՔՕ 65 հոդվածը կիրառել. մինչդեռ Շիրակում եւ այլուր մեր համատեղ հանդիպումների ժամանակ, չնայած հավաքվածների կողմից անգամ եղել են բռնությամբ այս իշխանությունից ազատվելու կոչեր՝ հիմնավորելով, թե սրանք ինքնակամ չեն հեռանա, անմիջապես ե՛ւ հանդիպումների այլ մասնակիցների, ե՛ւ հատկապես Արկադի Վարդանյանի կողմից հակառակ պնդումն է արվել, որ մենք պետք է ամեն ինչ անենք Սահմանադրության սահմաններում։

Ի դեպ, պնդում եմ, որ այս պարագայում իշխանություններն են խախտել Սահմանադրության 22-րդ հոդվածը՝ հոկտեմբերի 30-ին դժվարություններ ստեղծելով. բոլոր ավտոբուսներն անխտիր կանգնեցրել են, թույլ չեն տվել քաղաք հասնել։ Փաստեր ունենք, որ մարդիկ Աշտարակից ստիպված ոտքով էին հասել Երեւան։ Ազատ տեղաշարժման իրավունքի սահմանադրական դրույթը խախտելու վերաբերյալ այդ փաստերը ներկայացրել ենք Մարդու իրավունքների հանձնաժողովին։ Իսկ Սահմանադրության 26-րդ հոդվածը շրջանցելու փաստով դիմել ենք ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, որ լսումներ կազմակերպվեն։ Նման շինծու գործեր յուրաքանչյուրիս վրա կարող են իրենց հարմար պահին սարքել։ Այս ամենը փաստում է, որ սրանք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնելու։ Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 30-ի համար պատասխան է տալու։ Բայց պետք է պատասխանատվություն կրեն նաեւ քաղաքական ուժերը, որ կրավորական կեցվածք են դրսեւորում, ոչ մի կերպ չեն արձագանքում։ Սա նշանակում է, որ սպասում են իրենց հերթի՞ն։ Մտածում են, որ եթե լավ են ծառայում, լավ են «բազարի» մեջ մտնում՝ իրենց հերթը չի՞ հասնելու։ Հասնելո՛ւ է։ Բոլորի հերթն է հասնելու՝ եթե մնա իշխող վարչախումբը։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930