Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 02,2000 00:00

Սակայն դառն են գիտության արմատները Կարժանանա՞ ՀՀ տարածքային կառավարման նախարար, կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամի կոչմանը, թե՞ ոչ, հայտնի կլինի դեկտեմբերի 9-ին։ Թղթակից անդամը, ըստ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանի, պետք է որ աչքի ընկնի գիտության մեջ կատարած ներդրումով, հմուտ մասնագետ պետք է լինի եւ ունենա բազմաթիվ գիտական աշխատություններ։ Թղթակից անդամի հավակնորդները 179-ն են՝ 24 տեղի համար։ Ինչպես ճշտեցինք Ֆադեյ Սարգսյանից՝ թեկնածուների մեջ շատ են արժանավորները։ Մեր հարցին՝ որքա՞ն շանսեր ունի Լեոնիդ Հակոբյանը, պրն Սարգսյանը նշեց, որ այս անգամվա մասնակիցները շատ բարձր մակարդակ ունեն, «Լեոնիդ Հակոբյանն էլ բավական շանսեր ունի»։ Պրն Հակոբյանի գիտական ժառանգությունն ամփոփված է ԳԱԱ-ի գիտքարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի մոտ։ Սակայն պրն Բարխուդարյանը քաղաքում չէր, եւ նրանից ճշտել գիտական արժեք ներկայացնող այդ նյութերի ցանկը, հնարավոր չեղավ։ Կարծելով, որ ամենավստահելի եւ հեղինակավոր աղբյուրը, որից էլ կարելի է ամբողջական ինֆորմացիա ստանալ, ամեն դեպքում հենց Լեոնիդ Հակոբյանն է, մեր հարցն ուղղեցինք նախարարին (օգնականի միջոցով)։ Մեր նպատակն էր ակադեմիայի պոտենցիալ թղթակցից պարզել գիտության մեջ ունեցած նրա ներդրումի չափը, գիտական աշխատությունների բովանդակությունը։ Լեոնիդ Հակոբյանը օգնականի շուրթերով խորհուրդ տվեց մեզ հետաքրքրող բոլոր հարցերով դիմել Գիտությունների ազգային ակադեմիա։ Ապա առաջարկեց բացել Սովետական մեծ հանրագիտարանի 35-րդ հատորի 50-րդ էջը։ Քանի որ արդեն ակադեմիային դիմել էինք, կատարեցինք նրա երկրորդ առաջարկը եւ բացեցինք մատնանշված էջը (հանրագիտարանի տվյալ հատորը տպագրվել է 1955-ի հուլիսի 23-ին)։ «Արդյունաբերություն» խորագրի տակ տեսանք աղյուսակ, որի տակ Լենինի եւ Ստալինի ելույթներից ցիտատներ են՝ «Պետք է զարկ տալ մեքենաշինությանը», «Պետք է բարձրացնել ժողովրդական տնտեսության ազդեցությունը, որպեսզի զարգանա նաեւ արդյունաբերությունը»։ Իսկ դրա վրա, ինչպես 41 թվականի ընտրողների ժողովում ասել է Իոսիֆ Վիսարիոնովիչը, հարկավոր կլինի երեք հնգամյակ։ Քանի որ ՍՄՀ-ի 35-րդ հատորի 50-րդ էջի ընթերցանությունների ու պրն Հակոբյանի գիտական ներդրումների ընդհանրությունները մեզ համար անհասկանալի են, կսպասենք դեկտեմբերի 9-ին։ Կանխավ հաջողություններ ենք մաղթում պրն Հակոբյանին՝ ընտրած գիտական դժվարին ուղին նույնքան սկզբունքորեն անցնել, որքան սկզբունքային է նրա քաղաքական կենսագրությունը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել